Երեքշաբթի, 12 նոյեմբերի

«էդ տղային սպանում են, կամաց-կամաց ոչնչացնում են»,-ահազանգում է «Սասնա Ծռեր»-ին հաց բերողի եղբայրը



«Ես ղեկավարությանը կխնդրեի, որ Արթուրին կամաց-կամաց չսպանեին, էդ տղային սպանում են, ես գիտեմ, կամաց-կամաց ոչնչացնում են... Միայն իր արարքի համար պետք է  գնահատեին նրան»,- «Հետքին» ասաց ՊՊԾ գնդի տարածքում «Սասնա Ծռեր» խմբի անդամներին այս տարվա հուլիսի 26-ին հաց հասցրած ու արդեն 5 ամիս կալանքի տակ գտնվող Արթուր Սարգսյանի եղբայրը՝ Արսեն Սարգսյանը:

Արթուրի եղբայրն այսօր եկել է Երևան, որ ուտելիք հասցնի եղբորը, սակայն իմացել է, որ նրան տեղափոխել են հիվանդանոց: «Ինձ ասացին, որ կիրակի գիշերն Արթուրին տարել են «Էրեբունի» հիվանդանոց: Ուրեմն ինչ հրատապ է եղել, որ կիրակի օրով բերդից կալանավոր են տարել հիվանդանոց»,- ասաց նա: Մինչև Արսեն Սարգսյանը հասել է «Էրեբունի» ԲԿ, եղբորը նորից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ. «Ամբողջ ցավն էն է, որ պահում են խցում՝ 5 հոգու հետ»,-ասաց Արսեն Սարգսյանը:

Արսենն ասաց, որ վաղը գնալու է բանտ՝ տեսակցելու եղբորը: Տեղեկացրեց, որ 5 ամսվա մեջ մեկ տեսակցություն է եղել` միայն մոր հետ: Եղբոր փոխանցմամբ, Արթուրը մորը՝ տիկին Դոնարային, փոխանցել է, որ չի զղջում իր արածի համար. «Ինժեներներ էլ լինեին, նույնը կաներ, բժիշկների համար էլ կաներ, ճապոնացիների էլ, անգլիացիների էլ: Էդ տղան էդ ձևի տղա է: Փաստորեն, տղամարդ կա: Բայց տղամարդկանց էս երկրում վերացնում են»,-ընդգծեց Արսեն Սարգսյանը:

«Արթուր Սարգսյանն ունի առողջական լուրջ խնդիրներ»,-այսօր այս մասին ահազանգել են նաև Արթուր Սարգսյանի  պաշտպաններ Տիգրան Եգորյանն ու Դավիթ Գյուրջյանը: Նրանք դիմումներ են ուղարկել Արդարադատության նախարարություն, Քրեակատարողական վարչություն, «Նուբարաշեն» ՔԿՀ և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Պաշտպանները պահանջել են անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Արթուր Սարգսյանին պատշաճ բուժզննություն և օգնություն տրամադրելու համար, նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, ապահովել պատշաճ բուժում ու խնամք:

Արթուր Սարգսյանը կալանավորման պահից ունի մշտական ցավեր և գրեթե ամեն օր ստանում է ցավազրկող՝ «Կետոնալ» միջմկանային: Փաստաբանների նամակում նշված է, որ սեպտեմբերին Սարգսյանի ցավերը մարմնի տարբեր հատվածներում, այդ թվում՝ որովայնի, սաստկացել են, և նա մի քանի անգամ բժիշկ է հրավիրել, սակայն այդպես էլ նրան օգնություն չի ցուցաբերվել. բժիշկ է կանչվել հերթափոխի պետերի, ինչպես նաև հարկի հերթապահի միջոցով: Այնուհետև Ա. Սարգսյանը դիմել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Նազարյանին, ով վերջապես հրավիրել է ինչ-որ բժշկի (ոչ «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակցի), որն ասել է, որ անհրաժեշտ է դիմում, որպեսզի իրականացվի համապատասխան բուժօգնություն:

Ըստ փաստաբանների հաղորդագրության` դեկտեմբերի 10-ին Սարգսյանի մոտ սկսվել են գլխապտույտներ, սրտխառնոց և փսխումներ: Դեկտեմբերի 11-ին Արթուր Սարգսյանի մոտ արդեն սկսվել են արյունային փսխումներ, և նորից բժիշկ  հրավիրելու պահանջ է ներկայացվել «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմին: Այցելել է Նուբարաշեն ՔԿՀ-ի բժիշկը և ցավազրկող է առաջարկել, չափել է ճնշումը, որը 110/160 է եղել, ասել է, թե լուրջ խնդիր չկա և գնացել, իսկ Արթուր Սարգսյանի՝ շտապօգնություն հրավիրելու պահանջը մերժվել է: Դրանից 15-20 րոպե հետո Սարգսյանի մոտ ավելի մեծ արյան քանակությամբ փսխումներ են սկսվել: Նորից հրավիրվել է բժիշկ, կրկին այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի  բժիշկը, կրկին շտապօգնություն հրավիրելու պահանջը մերժվել է: Դրանից մոտ երկու-երեք ժամ անց նրա վիճակի շարունակական վատթարացման հետևանքով կանչվել է շտապօգնություն, և Սարգսյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվել է հետազոտություն, ինչի արդյունքում ախտորոշվել է կերակրափողի էրոզիա և ճաք, որից տեղի էր ունենում արյան արտահոսքը, աղեստամոքսային համակարգի խնդիրներ, նշանակվել է բուժում դեղորայքի և ներերակային կաթիլային ներարկումների միջոցով: Այնուհետև Սարգսյանը կրկին տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ: Սակայն, Սարգսյանի առողջական խնդիրների ախտորոշումը և նշանակված բուժումը չի տրամադրվել վերջինիս:

ՔԿՀ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը պատասխանեց, որ Արթուր Սարգսյանը գտնվում է բժշկական հսկողության տակ: Փաստաբանները, սակայն, իրենց նամակում նշել են, որ այս հիվանդությունների արդյունավետ բուժումն ակնհայտորեն չի կարող ապահովվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: «Աղեստամոքսային խնդիրների պարագայում բուժման բաղադրիչ է նաև հատուկ սննդակարգը, որը ևս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բացակայում է, բավարար չի կարելի համարել նաև պահման պայմանները՝ հաշվի առնելով, որ դեկտեմբերի 12-ի դրությամբ այն խուցը, որում պահվում է Ա. Սարգսյանը, ինչպես նաև առանձնատեսակցությունների համար նախատեսված սենյակները, չեն ջեռուցվում»,-նշված է փաստաբանների դիմումի մեջ:

Արթուր Սարգսյանի մոտ առկա է զինծառայության ընթացքում ստացած Բեխտերևի հիվանդություն, նա տարել է նաեւ ողնաշարի վիրահատություն՝ C1 և C2 մասնահատումով և պրոթեզավորմամբ, ունի  որովայնային գծային ճողվածք՝ բավականին մեծ չափի: 2-րդ խմբի հաշմանդամ է: Արցախյան պատերազմի ժամանակ սնունդ է մատակարարել ազատամարտիկներին ու ստացել վիրավորում: Ունի ֆիզիկական գործունեության սահմանափակումներ, հատուկ պայմանների կարիք:

Նշենք, որ Բեխտերևի հիվանդությունը ներառված է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում (Կառավարության 2006թ. 825-Ն որոշմամբ):

Փաստաբաններ Եգորյանն ու Գյուրջյանը նշում են, որ իրենց պաշտպանյալի առողջական խնդիրների նկատմամբ անտարբերությունը, խնամքի բացակայությունը և պահման ոչ բավարար պայմանները կարող են վտանգավոր հետևանքների պատճառ դառնալ նրա կյանքի և առողջության համար:

Հիշեցնենք՝ հուլիսի 26-ին «Սասնա Ծռեր» խումբը հայտարարություն տարածեց, որ մի քաղաքացի՝ Արթուր Սարգսյան անունով, իր անձնական մեքենան բեռնել է սննդամթերքով, ճեղքել ոստիկանական պատնեշն ու կյանքը վտանգելով հաց է հասցրել ՊՊԾ գնդում գտնվողներին: Քաղաքացիներն ուզում էին իմանալ՝ ով է հաց հասցնող Արթուր Սարգսյանը: Հուլիսի 31-ի երեկոյան ՊՊԾ գնդի տարածքից դուրս գալու կադրերի մեջ տեսնում ենք, թե ինչպես են «Սասնա Ծռերի» անդամներն ասում՝ «մեր հաց բերողն ա»: Արթուր Սարգսյանը մեղադրվում է պատանդներ պահելուն և զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ: Սակայն, ի սկզբանե նրան կալանավորելու հիմք էր հանդիսացել նախնական մեղադրանքը, որով նրան վերագրվում էին այն արարքները, ինչ «Սասնա ծռերի» անդամներին: Դատարանները մերժել են կալանքը գրավով փոխարինելու՝ փաստաբանների միջնորդությունը: Մերժման որոշմներից մեկում կարդում ենք. «Մեղադրյալ Արթուր Սրգսյանի նախկինում դատված չլինելը, մշտական բնակության վայր ունենալը, առողջական վիճակը, թվով չորս բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտելու փաստը հաստատող դիպլոմների առկայությունը չեն կարող ինքնին որպես հիմք դիտարկվել գրավը որպես այլընտրանքային խափանման միջոցի թույլատրելի համարելու համար»:    


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված