Երեքշաբթի, 12 նոյեմբերի

Ինքնախոստովանություններից մինչև արդարացման դատավճիռներ



Ամստերդամից (Նիդերլանդներ) Նուփս ամուսինները փաստաբաններ են, արդեն 17 տարի զբաղվում են դատական ճակատագրական սխալների ուղղմամբ: Նրանց աշխատանքի շնորհիվ 8 անմեղ դատապարտյալ տասնյակ տարիներ անց արդարացման դատավճռով վերադարձել է ազատություն:

Քերրի ու Ջիրն-Ջին Ալեքսանդր Նուփսերին հանդիպեցի Միլանում, որտեղ նրանք, ինչպես նաև 14 երկրների ներկայացուցիչներ (նաև Հայաստանից) մասնակցում էին «Անմեղության եվրոպական ցանցի» կոնֆերանսին: Նուփս ամուսինները Անմեղության շարժման անդամներ են, հիմնել են «Նուփս Անմեղության ծրագիրը» Հոլանդրիայում, որը 2012-ից միացել է «Անմեղության գլոբալ ցանցին»:

Քրեական իրավունքի պրոֆեսոր Ալեքսանդր Նուփսի հետ զրուցեցի իրենց դժվարին աշխատանքի, Հոլանդիայի արդարադատության, հին իրավահամակարգի քրեական գործերի վերաբացման դժվարությունների, դատական սխալների ընդունման մասին: Խնդրեցի սկսել հաջողություններից: Հպարտությամբ պատմեց, որ ինքն ու կինը այս տարի վերջապես կարողացել են 32 տարվա վաղեմության քրեական գործով հասնել արդարացման դատավճռի:   

Նա ներկայացրեց, որ Նիդերլանդներում, թերևս, ամենահայտնի ու աղմուկ հանած քրեական գործը Մարթին Հաննիկինն է: Մարդ, որը ճաղերի հետևում է հայտնվել 1984 թ-ին (ի դեպ, տալով ինքնախոստովանական ցուցմունք) և արդարացվել 2016 թ-ին: Պարզվել է՝ նա խոստովանել է չկատարած սպանությունը ոստիկանների մանիպուլյացիաների ու հոգեբանական ճնշումների հետևանքով: Տարիների պայքարից հետո Նուփս ամուսինները կարողացել են ապացուցել իրենց պաշտպանյալի անմեղությունը 32 տարի անց:   


Փաստաբան Նուփսը և նրա պաշտպանյալ Մարթին Հաննիկը՝ 32 տարվա դատավճռի բեկանման մասին լուրը լսելուց հետո

Պրոֆեսոր Նուփսն ասաց, որ առաջին գործի վերաբացման վրա սկսել են աշխատել 1999-ից. «Երկու դատապարտյալներ էին, որոնք տվել էին ինքնախոստովանական ցուցմունք, ինչպես հետագայում պարզվեց՝ դրանք կեղծ ինքնախոստովանություններ էին: 1999-ին մենք սկսեցինք ուսումնասիրել այս գործը՝ հասկանալով, որ երկու դատապարտյալները փաստացի անմեղ են, ապացույցները շատ թույլ էին: Պատրաստեցինք նոր բողոք Վերաքննիչ դատարան: 2002-ին Վերաքննիչ դատարանը բեկանեց դատավճիռը, երկու դատապարտյալները արդարացվեցին և ստացան հսկայական փոխհատուցում: Մինչ նրանց արդարացման դատավճիռները, որևէ մեկը չէր կարող երևակայել, որ Նիդերլանդներում ինքնախոստովանական ցուցմունք կարող է կորզվել: Սա առաջին գործն էր, երբ մարդիկ տեսան ու հասկացան՝ դատավորները կարող են սխալվել»,- ասաց Ալեքսանդր Նուփսը:

Երկրորդ արդարացման դատավճռին նրանք հասել են 2007-ին: Անձը դատապարտվել էր սպանության մեղադրանքով՝ դարձյալ խոստովանելով, թե ինքն է կատարել այն: Սակայն, ինչպես 10 տարի անց էր պարզվել, այդ ցուցմունքը ճնշումների հետևանք էր եղել:

Ալեքսանդր Նուփսը հիշում է 2013-ին կնոջ և իր ջանքերով ազատություն վերադարձած երկու երիտասարդների՝ Նոզայի Թոմասի և Անդի Մելանի քրեական գործն ու նրանց արդարացումը 10 և 8 տարի անց:  Երկուսին մեղադրել էին երկու եղբոր սպանության մեջ՝ դարձյալ ինքնախոստովանական ցուցմունքով: «Մենք գտանք իրական հանցագործներին: Մենք գտանք երկու տղաներին, որոնք երբեք չէին հարցաքննվել քննիչների կողմից: Գտանք նաև նոր ապացույցներ: Իսկ Նոզային ու Անդին ստացան մեծ փոխհատուցում դատական սխալի հետևանքով դատապարտվելու դիմաց»,- ասաց պրոֆեսորը:

Փաստաբանը նշում է, որ իրենց կողմից արդարացվածներից չորսը դատապարտված են եղել ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա: Ու դրանք եղել են շատ մանրամասն շարադրված: Սակայն ակադեմիական հետազոտությունները ԱՄՆ-ում ցույց են տվել, որ 250 արդարացվածների գործերի 34 տոկոսը ինքնախոստովանական ցուցմունքներով են եղել և շատ մանրամասն: Երբ ոստիկանության աշխատանքը ուսումնասիրվել է, հայտնաբերվել է հետևյալը՝ նրանք տեղեկանալով ինֆորմացիային, փորձաքննություններին, իրենք են հաճախ շարադրել գործի մանրամասները: Դատավորները հաճախ սխալվել են, քանի որ վստահել են այն ցուցմունքին, որը առավել մանրամասն է գրված:

Փաստաբաններ Նուփսերը և նրանց ջանքերով արդարացված Նոզային ու Անդին / caribischnetwerk.ntr.nl

Իմ հարցին, թե ինչպես է իշխանությունը վերաբերում իրենց գործունեությանը, պրոֆեսորը պատասխանեց. «Չնայած արդարացման դատավճիռներին, մինչ օրս մեր պաշտոնյաները կասկածանքով են վերաբերում դատական սխալներին: 2005-ին անգամ Պառլամենտում ասացին, որ դրանք եզակի դեպքեր են: Բայց մենք էլ ասում ենք, որ դատական սխալներն ավելի հաճախ են պատահում, քան մենք պատկերացնում ենք»,- պնդում է քրեական իրավունքի պրոֆեսորը:

Իսկ ինչպե՞ս է հանրությունը արձագանքում՝ հարցնում եմ ես. «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Նիդերլանդներում մարդիկ սկզբում կասկածանքով էին վերաբերում մեր աշխատանքին: Հատկապես տուժողների ընտանիքների կողմից շատ դժվար է հասկանալ ու ընդունել, որ դատապարտյալն ունի իրավունք վիճարկելու իր դատավճիռը: Անմեղության շարժման գլխավոր մեսիջը ընդունումն է, որ քրեական արդարադաատության ցանկացած համակարգ սխալական է: Անգամ պրոֆեսիոնալ դատավորները կարող են սխալվել, քանի որ բոլորս մարդիկ ենք ու սխալական»:

Գործերի վերաբացման հասնելը բավական բարդ պրոցես է ոչ միայն Հայաստանում (որտեղ որևէ նախադեպ դեռ չկա), այլև՝ Նիդերլանդներում: Այսպես՝ մինչև 2012-ը դատապարտյալը Հոլանդիայում ինքնուրույն պետք է ներկայացներ իր անմեղության մասին վկայող նոր հանգամանքներ Վերաքննիչ կամ Գերագույն դատարան, այժմ փոփոխություն է կատարվել արդարադատության նախարարության կողմից, ստեղծվել է քրեական գործերի վերաբացման կոմիտե (ինչպես Նորվեգիայում, Անգլիայում, Իսրայելում), որը իրավասու է ուսումնասիրել դատապարտյալի ներկայացրած նոր փաստերը և եզրակացություն տալ: 

Ճիշտ է, Նիդերլանդներում դատավճիռների օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույցները չեն ոչնչացվում, ինչպես Հայաստանում, բայց պրոֆեսորն ասում է, որ դրանք մեծ դժվարությամբ են տրվում դատապարտյալներին, պաշտպանական կողմին նոր փորձաքննություններ անելու համար: «Պետք է դատախազի թույլտվություն, պետք է մենք հիմնավորենք, թե կոնկրետ ինչու ենք ցանկանում ունենալ այդ ապացույցները, հաճախ դատախազների մերժումների պատճառով, հասնում ենք դատարաններ, որ ստանանք իրեղեն ապացույցները վերցնելու թույլտվության»,- նշեց Ալեքսանդր Նուփսը՝ ասելով, որ հիմա փոփոխություն են նախաձեռնել օրենքում՝ հիմնավորելով, որ մարդու իրավունքն է ունենալ իր վերաբերյալ գործով իրեղեն ապացույց ճանաչված առարկաները ու հասնել իր անմեղության ապացուցմանը:

«Սա վարկանիշի խնդիր չէ ամենևին, ընդհակառակը` հանրային վստահությունն ավելանում է, երբ դատարանը ուղղում է իր սխալը: Պարզապես պիտի համակարգերը քաջություն ունենան ասելու՝ սխալվել ենք: Հասկանալի է, որ կա սխալի համար պատասխանատու լինելու վախ, բայց ուժեղ համակարգերը հաղթահարում են այն: Դա հոգեբանական ֆենոմեն է: Իմ մեսիջը փաստաբաններին՝ սովորական պրոցեսում փաստաբանն ու դատախազը տարբեր կողմերում են, իսկ գործերի վերաբացման ժամանակ նրանք պիտի միասին գործեն՝ հանուն ճշմարտության բացահայտման: Եվ նաև տուժողի ընտանիքի համար առաջին հերթին կարևոր է իմանալ ճշմարտությունը»:


Գլխավոր էջ



Այս թեմայով

  • Իսրայելցի պաշտոնյա. «Յուրաքանչյուր դատական սխալ իրավական «ավիավթար» է»
    Իսրայելի հանրային պաշտպանի խորհրդականն ասում է, որ իրենց աշխատանքը երբեմն հանդիպում է հանրային կարծիքի դիմադրության՝ «ում եք պաշտպանում, չէ՞ որ նրանք մարդիկ են, որոնք սարսափելի բաներ են արել: Բայց երբ տեսնում են, որ մեր պայքարը ուղղված է հնարավոր անմեղներին, արդար դատաքննությանը, փոխում են մտածելակերպը:
  • Ցմահ դատապարտյալների վաղաժամկետ ազատման երկու դիմում մերժվեց
    Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ցմահ ազատությունից զրկված դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի բողոքն ընդդեմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կայացրած որոշման:
  • Գլխավոր դատախազությունը պարտվեց նաև Վճռաբեկում
    ՀՀ Գլխավոր դատախազությունը պարտավոր է «Հետաքննող լրագրողներին» տրամադրել 1995 թ-ին մահապատժի դատապարտված, 2015 թ-ին ծանր հիվանդության հիմքով ազատված (մահացել է ազատվելուց 15 օր անց՝ հիվանդանոցում) Սողոմոն Քոչարյանի գործով հսկողական վարույթը:
  • Սկսեց գլորվել 21-րդը...
    Հուլիսի 13-ին լրացավ ուղիղ 20 տարին, որ բանտված եմ: 20 տարի… մի ամբողջ կյանք… 20 տարեկան էի, երբ բերեցին այստեղ՝ կլոր գերեզմանոց, որտեղից հիմա գրում եմ:
  • Ի՞նչ է արել քրեակատարողական համակարգը դատապարտյալին ուղղելու համար
    Թեև 21-րդ տարին բանտում պատիժը կրող, վերջին 5 տարիներին տույժ ու տուգանք չունեցող նախկին մահապատժի դատապարտված Ստեփան Գրիգորյանը իրավունք ունի օգտվել պայմանական ազատման իր իրավունքից, այդուհանդերձ «Արմավիր» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը մայիսի 31-ին որոշել է 1 տարով հետաձգել նրա ազատման հարցի քննարկումը:
... կարդացեք ավելին «Խեղված ճակատագրեր» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված