Երեքշաբթի, 12 նոյեմբերի

Ովքե՞ր են պահում բանտարկյալներին Հայաստանում. հարկատունե՞րը, թե՞ հարազատները



Հայաստանի 12 քրեակատարողական  հիմնարկները պետական կառույցներ են: Ասել է, թե՝  կալանավորներն ու դատապարտյալները ՔԿՀ-ներում պահվում են հանրային միջոցներով, պետական բյուջեից հատկացված գումարներով: Ինչպե՞ս են մեր՝ հանրային ֆինանսական միջոցները ծախսվում ազատազրկման վայրերի ու այնտեղի «բնակիչների» կարիքների համար: Արդյո՞ք դրանք լիարժեք հասնում են հասցեատիրոջը:

ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբն այսօր ներկայացրեց 2014-2015 թթ. հաշվետվությունը: Ի թիվս կալանավայրերին վերաբերող տարբեր խնդիրների (պահման պայմաններ, բանտերի գերբեռնվածություն, սննդի որակ, հիգիենա, բուժսպասարկման մատչելիություն, պայմանական վաղաժամկետ ազատում և այլն) հաշվետվության մեջ մեկ առանձին հավելված վերաբերում է ՔԿՀ-ներում կոռուպցիոն ռիսկերի վերհանմանը: Դիտորդները առանձին-առանձին ներկայացրեցին իրենց արձանագրած խնդիրները, Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը տվեց բարձրացված հարցերի պարզաբանումները:

«Հետքը» ուսումնասիրել է հաշվետվությունը, հանդիպում ունեցել դիտորդական խմբի հետ այս հաշվետվության աշխատանքներում ներգրավված պետական գնումների հարցերով փորձագետ Արտակ Մանուկյանի հետ: «Ցավոք, ինքս մանդատ չեմ ունեցել, որ բանտերում ինքս տեսնեմ պատկերը, բայց պատրաստել եմ հարցաթերթիկներ, ստացել ենք վիճակագրություն և այդ տվյալների հիման վրա կառուցել ենք հաշվետվությունը»,-«Հետքի» հետ զրույցում ասաց փորձագետը:

Արտակ Մանուկյանը

Ըստ Մանուկյանի, պետության համար կարևոր պետք է լինի, որ բանտի 1 դրամը նպատակային ծախսվի: Նրա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «ՔԿ ոլորտում կոռուպցիոն ռիսկերի դրսևորման համար կան բավական մեծ հնարավորություններ»:

Ազատազրկվածի մեկ օրվա պահման ծախսը 783 դրամ է

Այսպես՝ ըստ պաշտոնական տեղեկատվության, յուրաքանչյուր ազատազրկվածի մեկ օրվա պահման ծախսը 783 դրամ է, որից սննդին միջինը հատկացվում է 607 դրամ, դատապարտյալների հագուստի գումարը`105 դրամ է, անկողնային պարագաներինը` 46 դրամ, հիգիենիկ պարագաներինը` 25 դրամ: Ինչպե՞ս են ծախսվում այդ գումարները: Այս հարցը բարձրացված է հաշվետվության մեջ:

«Եթե ուզում ենք համակարգային լուծում, պիտի առաջինը՝ ստեղծենք մոտիվացիա, երկրորդ՝ փակենք բոլոր հնարավոր սողանցքները, որտեղից մարդը զարտուղի ճանապահրենով փորձի ինքն իր համար մոտիվացիոն մեխանիզմեր ստեղծել: Բայց հիմա պետությունը ո՛չ մոտիվացիան է դրել, ո՛չ էլ՝ ծածկել կոուպցիոն բնույթի խութերը»,-«Հետքին» ասաց Արտակ Մանուկյանը:

Ո՞ւր է «անհետանում» արդեն պատրաստված ու չիրացված բանտային սնունդը

ՔԿՀ-ներում չի փաստաթղթավորվում օրական սննդից (նախաճաշ, ճաշ, ընթրիք) օգտվողների քանակը, դատապարտյալները կամ կալանավորները ամեն անգամ սնունդ ստանալու կամ հրաժարվելու դեպքում ստորագրություն չեն դնում, ինչի արդյունքում պարզ կլիներ, թե որքան խոտան է առաջանում, ազատազրկվածների որ տոկոսն է հրաժարվում կամ թե օգտվում բանտային կերակրից: Յուրաքանչյուր օր, օրինակ, 1000 դատապարտյալի համար կերակուր պատրաստելով այն դեպքում, երբ ազատազրկվածների, օրինակ, իքս տոկոսը հրաժարվում է սննդից, հարց է առաջացնում՝ որտե՞ղ է իրացվում փաստացի պատրաստված, բայց չիրացված սնունդը, քանի որ գաղտնիք չէ, որ դատապարտյալներին ու կալանավորներին շատ դեպքերում սնունդ ու հագուստ են բերում հարազատները: Ինչո՞ւ չի վարվում համապատասխան մատյան, որտեղ բանտարկյալները կստորագրեն յուրաքանչյուր օրվա ստացած սննդի դիմաց: Այնինչ նման մատյաններ վարվում են, օրինակ, դանակ տալ-վերադարձնելու, զբասանք գնալ-չգնալու համար:

Երբ բանտարկյալները հրաժարվում են սննդից, այն թափվում է կոյուղի

ԱՆ ՔԿՎ կազմ-վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետ Հայկ Քոչինյանը նախ տարակուսանք հայտնեց, թե ինչու է հաշվետվությունը այդքան ուշացումով ներկայացվում, չէ՞ որ ոլորտում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել, իսկ ներկայացված տվյալները հնացել են:

«Հետքի» հարցին պատասխանելով, նա նշեց, որ պատրաստված, սակայն ազատազրկվածների կողմից չվերցված սնունդը թափվում է կոյուղի: Ինչ վերաբերում է մատյաններին, որտեղ դատապարտյալները ստորագրեն ստացած սննդի՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք, դիմաց, ապա ՔԿՎ պաշտոնյան նշեց, որ շատ դատապարտյալներ հրաժարվում են ստորագրել: Հայկ Քոչինյանը հանձնուքների առատությունը պատճառաբանեց հարազատի հանդեպ հայկական ընտանիքներին բնորոշ մեթալիտետով. «Իրենք ուզում են, որ իրենց երեխան ապրի բոլորից լավ, ուտի բոլորից լավ: Ինչ էլ արվի, միևնույնն է, իրենք խորովածը, լավաշը, ջերմուկը բերելու են»,-ասաց ՔԿՎ պաշտոնյան՝ նշելով, որ առցանց խանութի միջոցով փորձել են կանոնակարգել այդ ոլորտը. «Բայց մարդիկ չեն ուզում»:        

Առաջարկ. բանտարկյալներն ունենան սննդային քարտեր

Հաշվետվության պատրաստման ժամանակ դիտորդները փորձել են ստանալ հաշվապահական շարժերը, պահեստի սննդի մնացորդը: Սակայն չեն կարողացել ստանալ եփած, բաշխված ու խոտան մնացած սննդի թիվը: Օրինակ՝ եթե գիտեն, որ կալանավորների ու դատապարտյալների 60 տոկոսը չի օգտվելու կերակրից, բայց միևնույնն է՝ պատրաստում են 100 տոկոսի համար, ըստփորձագետի, մատյանով կամ տալոնային համակարգով արելի է լուծել այդ խնդիրը: «Քարտային համակարգի անցնենք, չենք ունենա նման խնդիր: Այսինքն՝ ազատազրկվածները քարտերը պահեն իրենց մոտ»,-ասաց փորձագետը, որն առաջարկում է՝ քարտերի վրա նշվեն, թե ինչից է օգտվել դատապարտյալը:

Առաջարկ. տեսախցիկներ բանտային խոհանոցներում և պահեստներում

Փորձագետ Արտակ Մանուկյանը նաև առաջարկում է տեսախցիկ տեղադրել, օրինակ, ՔԿՀ-ների խոհանոցներում ու պահեստներում և այն միացնել առցանց, որպեսզի հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդները տեսնեն սննդի շարժը, պատրաստումը և այլն: «Բավարար քաղաքական կամքի պարագայում, նաև այն դեպքում, երբ այս ամենը չդիտվի որպես զարտուղի ճանապարհ սեփական բարեկեցությունն ավելացնելու համար, վստահ եմ, որ շատ արագ լուծելի խնդիր է»,-կարծիք հայտնեց պետական գնումների հարցերով փորձագետը:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, տեսախցիկների տեղադրման, սննդի ստացման կարգի մասին մեր հարցերին պատասխանելով, ասաց, որ պատրաստ են քննարկել հասարակական սեկտորի կողմից ներկայացված ցանկացած կառուցողական առաջարկ, ինչը կբերի ոլորտում շոշափելի դրական փոփոխությունների:

«Օրինակ, տեսնում ենք, որ փաստաթղթով ձեռք են բերել միրգ, սակայն դա դեռ ապացույց չէ, որ այն բաշխվել է: Երբ տեսնում ես, որ նույն ձեռագրով ստորագրություն կա, թե ստացել ենք, էլի խնդիր է: Ասում են՝ որոշ դեպքերում դատապարտյալները չեն ցանկանում ստորագրել և երբեմն լրացվում է խոհանոցի պատասխանատուի կողմից, ինչը ռիսկ է»,-նկատեց Արտակ Մանուկյանը:

Միջնորդավորված պետական գնումները՝ ուռճացված գների պատճառ

Գլոբալ խնդիրներից է նաև միջնորավորված գնում հասկացողությունը, որը բնորոշ է առհասարակ պետական գնումների համակարգին, երբ պետությունը պայմանագիր է կնքում ոչ թե ուղիղ արտադրողի հետ կամ ներմուծողի, այլ մատակարար ընկերությունների հետ: Հաշվետվությունից երևում է, որ ընկերություններից և ոչ մեկը ներմուծող չէ: «Պետությունը եթե շահագրգռված չլիներ այս հարցում, կարծում եմ՝ շուտ կկանխեր: Բավարար քաղաքական կամքի դեպքում հեշտ լուծելի խնդիր է: Երբ ցանկանան կոտրել այդ մոնոպոլիան, եթե, իհարկե, իրենք չեն ձևավորում, ապա ներմուծող ֆիրմայի հետ կարող են ավելի արտոնյալ ձևով ստանալ: Պետական գնումները երբ միջնորդավորված են լինում, արդեն ուռճացված գներով են ստացվում»,-ասաց փորձագետը:

Ամփոփում

Ըստ պետական գնունների ուսումնասիրությամբ շուրջ 8 տարի զբաղվող փորձագետի, ցավոք մեր հանրությունը դեռ այն գիտակցումը չունի, որ հարկերի ծախսերը դառնան համար մեկ խնդիր: «Պահանջատեր քաղաքացի չունենք: Հանրությունը չի եկել այն գիտակցման, որ պետք է պահանջի՝ ուր են գնում իր վճարած հարկերը: Վերևներին էլ սա ձեռք է տալիս: Իրենք անմասն չեն կոպիտ ասած, ծակ դույլից գումարների արտահոսքին: Խնդիրների մասին բարձրաձայնում են հասարակական կազմակերպությունները, ոլորտին մոտ կանգնած մարդիկ, բայց լայն հանրության համար իր հարկերի ռացիոնալ ծախսման պահանջը ձևավորված չէ»,-վերջում ասաց Արտակ Մանուկյանը:

Հաշվետվությունն ամբողջությամբ՝ այստեղ, որտեղ ներկայացված են նաև բարձրացված հարցերի վերաբերյալ ՀՀ ԱՆ պարզաբանումները


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված