Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

Բժշկական երշիկ. նմուշներից 2-ում մանրէների անթույլատրելի քանակ է հայտնաբերվել


Սննդամթերքի լաբորատոր փորձաքննության՝ «Հետք»-ի հրապարակումներից հետո Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, կասկածի տակ առնելով փորձաքննության արդյունքների հավաստիությունը, առաջարկել էր հաջորդ ստուգումն իրականացնել իր մասնագետների մասնակցությամբ:

«Հետք»-ին ուղղված հորդոր-առաջարկի մեջ ՍԱՊԾ-ն նշում էր, որ նմուշները պետք է «ստերիլ պայմաններում հանել փաթեթավորումից, դիմազերծել և միայն կոդավորված ներկայացնել փորձաքննության»:

Եվ ի պատասխան մեր հարցման՝ 2016թ. հոկտեմբերի 14-ի 2668-16 գրության մեջ հայտնել էր, որ հաջորդ փորձաքննության համար իրենք պատրաստ են «սեփական միջոցների հաշվին ապահովել նույն նմուշների լաբորատոր այլընտրանքային փորձաքննություն »:

«Հետք»-ը նոյեմբերի 8-ին դիմել էր ՍԱՊԾ՝  առաջարկելով կազմակերպել բժշկական երշիկների լաբորատոր  այլընտրանքային փորձաքննությունը, օրինակ՝ ՍԱՊԾ ենթակայությամբ գործող լաբորատորիայում՝ «ՀԱԲԼԾԿ»-ում, ինչին ի պատասխան՝ ՍԱՊԾ-ից հայտնել էին, որ «պետական վերահսկողության ժամանակ սննդամթերքի անվտանգության մանրէաբանական ցուցանիշներով փորձաքննությունների մրցույթը շահել է «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիան», և իրենք փորձաքննությունը կանցկացնեն այդտեղ (նույն լաբորատորիան, որտեղ իր հրապարակման փորձաքննությունները կատարում է «Հետքը»-հեղ.): Քանի որ փորձաքննությունն իրականացվելու էր «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայում, «Հետք»-ը ՍԱՊԾ պետի անունով դիմում է գրել՝ առաջարկելով մասնակցել բժշկական երշիկների փորձաքննության ողջ գործընթացին և հրապարակել ստացված արդյունքները:

Այնինչ, այսօր ՍԱՊԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշել էր, թե «Հետք»-ը  չի կատարել ձեռք բերված պայմանավորվածությունը և նույն նմուշները չի ներկայացրել փորձաքննության: Նշենք, որ «Հետք»-ը ոչ մի պարտավորվածություն չի ստանձնել. ՍԱՊԾ կասկածը «Հետք»-ի հրապարակած լաբորատոր փորձաքննությունների հավաստիության վերաբերյալ և նշած այլընտրանքային փորձաքննությունը ենթադրում է փորձաքննության իրականացում մեկ այլ լաբորատորիայում, և ոչ թե այնտեղ, որտեղ փորձաքննությունն իրականացնում էր «Հետքը»: 

Նոյեմբերի 14-ին և 15-ին «Հետք»-ը ՍԱՊԾ տեսուչների ուղեկցությամբ այցելել է «Երևան Սիթի» և «SAS» սուպերմարկետների ցանցի խանութներ, որտեղ ՍԱՊԾ տեսուչներն իրականացրել են տեղական 8 արտադրողների բժշկական երշիկների հսկիչ գնում և հանձնել «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիա: 

Փորձաքննվել է միայն 5 նմուշ, քանի որ առաջին օրը (նոյեմբերի 14) ՍԱՊԾ աշխատակազմի Երևանի կենտրոնի տեսուչները նմուշառումը սխալ էին կատարել՝ երշիկները կտրել էին խանութի դանակով, հետևաբար՝ չէին պահպանել արտադրողի գործարանային փաթեթը և նմուշի ստերիլությունը: Դրանց արդյունքները անվտանգության առումով վերջանական չեն, այդ պատճառով չեն հրապարակվում: Այս մասին այսօրվա հաղորդագրության մեջ նշել էր նաև ՍԱՊԾ-ն: Զարմանալի է, որ ՍԱՊԾ տեսուչներն առայսօր չգիտեն, թե ինչպես պետք է կատարվի նմուշառումը, և որ նմուշը չի կարելի դանակով կտրել ու տանել լաբորատոր փորձաքննության։  
Առաջին օրն ընտրվել էին հետևյալ ապրանքատեսակները՝ «Աթենք» ապրանքանիշի բժշկական երշիկ, եփած, «Բաբիկ», «Բարի սամարացի» բժշկական երշիկ եփած, կլասիկ, «Բեկոն», «Моя семья» բժշկական երշիկ եփած, «Մուշ» ապրանքանիշի բժշկական երշիկ, եփած, «Նատֆուդ» ընկերության «Բիէլլա» ապրանքանիշի բժշկական երշիկ, եփած

Բացի այդ, ՍԱՊԾ–ն չի կատարել իր իսկ առաջարկը՝ «արդյունքները հրապարակել ստանալուն պես». բժշկական երշիկի լաբորատոր փորձաքննության արդյունքները ստացվել են նոյեմբերի 21-ին, իսկ հրապարակվել և «Հետք»-ին տրամադրվել՝ այսօր: 

Բժշկական երշիկի «ոչ բժշկական» բաղադրությունը

«Բժշկական» երշիկի պատրաստման տեխնոլոգիան մսային արտադրության մեջ մշակվել է դեռևս 1930-ական թվականներին՝ իբրև դիետիկ սնունդ. ըստ օրիգինալ բաղադրատոմսի՝ այն պատրաստվում էր բացառապես տավարի, խոզի մսից, ձվից, կաթից, աղից և համեմունքներից։ Այժմ գործող ԳՕՍՏ-ն ավելի «լայն» հնարավարություններ է տալիս արտադրողներին՝ բժշկական երշիկի պատրաստման մեջ թույլ տալով օգտագործել տավարի և խոզի մսի տարբեր հատվածներ՝ յուղ, կաշի և այլն, ինչպես նաև մի շարք սննդային հավելումներ՝ համի կարգավորիչներ, բարելավիչներ, հակաօքսիդանտներ։

Բայց որոշ արտադրողներ ժամկետը երկարացնելու և արտադրության վրա քիչ գումար ծախսելու համար արտադրում են սեփական տեխնիկական պայմաններով՝ (ՏՊ) ՝ բժշկական երշիկի արտադրության մեջ օգտագործելով բուսական սպիտակուցներ, աղացած ոսկորներ, աճառ, կոնսերվանտներ և այլ՝ ոչ այնքան օգտակար հավելումներ։

ԵԱՏՄ տարածքում իրացվելու համար բժշկական երշիկը պետք է համապատասխանի ՄՄ ՏԿ 034/2013Մսի և մսային արտադրանքի անվտանգության մասին»), ինչպես նաև ՄՄ ՏԿ 021/2011 («Սննդային արտադրանքի անվտանգության մասին»)) նորմատիվ փաստաթղթերին:

 

Լաբորատոր փորձաքննության են ենթարկվել՝ «Աթենք», «Աթենք»՝ «Գանձասար», «Բեկոն պրոդուկտ», «Բարի սամարացի», «Մարիլա» ընկերությունների արտադրած բժշկական երշիկները։

Նախքան փորձաքննության հանձնելը, խանութում ստուգվել են երշիկների պահպանման ջերմային պայմանները. խախտում չի եղել:

Այս նմուշները եղել են ամբողջական, արտադրողի կողմից ներկայացված փաթեթը չի խախտվել:

 

Նմուշ N1

«Աթենք» ընկերության բժշկական երշիկ, բարձր կարգի՝ 11.11.16թ. արտադրության, պահպանման ժամկետը՝ 30 օր:

Բաղադրությունը՝ «տավարի միս, բ/կ (խ.ե.կ.), խոզի միս, հավի կրծքամիս, խոզաճարպ, կերակրի աղ, նատրիումի նիտրիտ»:

Ինչպես նաև թվով 3 սննդային հավելում՝ E450, E451, E124:
Այս նմուշն անվտանգության ցուցանիշներով համապատասխանում է ՄՄ ՏԿ 034/2013, ՄՄ ՏԿ 021/2011 նորմատիվ փաստաթղթերի պահանջներին և պիտանի է սննդում օգտագործելու համար:

 

Նմուշ N 2

«Սյունիքի բարիքներ» ընկերության «Մարիլա» ապրանքանիշի բարձր կարգի բժշկական երշիկ՝ 08.11.16թ. արտադրության, պահպանման ժամկետը՝ 20 օր:

Արտադրված է 39344017.7055-2012 տեխնիկական կանոնակարգով: Բաղադրությունը՝ «տեղական խոզի և տավարի միս, կովի անարատ կաթ, հավի ձու, աղ», ինչպես նաև՝ 8 սննդային հավելում՝ E250, E621, E450, E451, E300, E150c, E124, E100:
Այս նմուշը անվտանգության ցուցանիշներով չի համապատասխանում ՄՄ ՏԿ 034/2013, ՄՄ ՏԿ 021/2011 նորմատիվ փաստաթղթերի պահանջներին: Այստեղ ՄԱՖԱՄ քանակը նորման գերազանցում է 4 անգամ:

Այս բժշկական երշիկը պիտանի չէ սննդում օգտագործելու համար:

Նմուշ N 3

«Բեկոն» ընկերության բժշկական երշիկ, ընտանեկան՝ 11.11.16թ. արտադրության, պահպանման ժամկետը՝ 30 օր:
Բաղադրությունը՝ հավի միս, խոշոր եղջերավոր կենդանու միս, խոզի միս, խոզաճարպ, կենդանական սպիտակուց, օսլա, սոյայի սպիտակուց, կերակրի աղ, համեմունքներ, նատրիումի նիտրիտ, ինչպես նաև 15 սննդային հավելում:

Այս նմուշը ևս անվտանգության ցուցանիշներով համապատասխանում է ՄՄ ՏԿ 034/2013, ՄՄ ՏԿ 021/2011 նորմատիվ փաստաթղթերի պահանջներին և պիտանի է սննդում օգտագործելու համար:

Նմուշ N 4

«Բարի սամարացի» ընկերության բժշկական երշիկ, կլասիկ՝ 15.11.16թ. արտադրության, պահպանման ժամկետը՝ 30 օր:
Բաղադրությունը՝ տավարի միս, խոզի կիսայուղոտ միս, հավի կրծքամիս, կաթ, կերակրի աղ, համեմունքների խառնուրդ, ֆոսֆատների խառնուրդ: Ինչպես նաև՝ E250 սննդային հավելում:

Այս նմուշը անվտանգության ցուցանիշներով չի համապատասխանում  ՄՄ ՏԿ 034/2013, ՄՄ ՏԿ 021/2011 նորմատիվ փաստաթղթերի պահանջներին: Այստեղ ՄԱՖԱՄ քանակը նորման գերազանցում է 1.4 անգամ:
Այս բժշկական երշիկը  պիտանի չէ սննդում օգտագործելու համար:

Նմուշ N 5

«Աթենք» ընկերության «Գանձասար» բժշկական երշիկներ, 15.11.16թ. արտադրության, պահպանման ժամկետը՝ 30 օր:

Բաղադրությունը՝ «տավարի սառեցված միս,  (խ.ե.կ.), հավի կրծքամիս, կերակրի աղ, նատրիումի նիտրիտ, բուսական, կենդանական սպիտակուց, օսլա, բնական համեմունք»: Ինչպես նաև 3 սննդային հավելում՝ E450, E451, E120:
Այս նմուշն անվտանգության ցուցանիշներով համապատասխանում է ՄՄ ՏԿ 034/2013, ՄՄ ՏԿ 021/2011 նորմատիվ փաստաթղթերի պահանջներին և պիտանի է սննդում օգտագործելու համար:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանություններ (1)
1. Աննա15:21 - 1 դեկտեմբերի, 2016
Անշուշտ շատ կարևոր նախաձեռնություն է ձեռնարկել Հետքը, բայց ռուսական (մաքսային) ԳՕՍՏերը, ինչպես և միգուցե հայաստանյան նորմերը բաց են թողել շատ կարևոր տարրերի ուսումնասիրությունը սննդամթերքում, ինչը հասկանալի է, որ քաղաքական նպատակներով է արվել։ Շատ կարևոր է ուսումնասիրել սննդամթերքում ծանր մետաղների առկայությունը։ Կարո՞ղ է հետք ուսումնասիրել ոչ միայն սննդամթերքի համապատասխանությունը ԳՕՍՏերի նորմատիվներին, այլ մի քանի կարևոր ծանր մետաղների առկայությունը նույնպես, ասենք՝ կապար, պղինձ, կադմիում։ Շնորհակալություն
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։