ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Իսրայելցի պաշտոնյա. «Յուրաքանչյուր դատական սխալ իրավական «ավիավթար» է»



Ինչպե՞ս են Իսրայելում հասնում «փակված», հին իրավական համակարգից ժառանգություն մնացած քրեական գործերի վերաբացման, ինչպե՞ս են փաստաբանները տասնյակ տարիներ անց կարողանում հասնել արդարացման դատավճիռների, հեշտությա՞մբ են արդյոք Իսրայելում ընդունում դատական սխալը և ուղղում այն. այս հարցերի պատասխաններն եմ փորձել գտնել՝ զրուցելով Իսրայելում Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի իրավական հարցերով խորհրդական Իշայի Շարոնի հետ:

Երուսաղեմի եբրայական համալսարանում քրեական իրավունք ուսանած, փաստաբան Իշայի Շարոնին հանդիպեցի այս ամիս Միլանում՝ դատական ճակատագրական սխալների ուղղմամբ զբաղվող «Անմեղության եվրոպական ցանց» կազմակերպության կոնֆերանսին, որտեղ հավաքվել էին 14 պետությունների ներկայացուցիչներ (այդ թվում՝ Հայաստանից): Կոնֆերանսի նպատակը մեկն է՝ կիսել «փակված» քրեական գործերի վերաբացման տարբեր երկրների փորձը, օգնել բանտերում չկատարած հանցանքների համար պատիժ կրող, սխալ դատապարտված անձանց վերադառնալ ազատություն:

«Անմեղության եվրոպական» ցանցի կոնֆերանսը Միլանի պետական համալսարանում

Կոնֆերանսի ժամանակ իմացա, որ Իսրայելում, Հանրային պաշտպանի գրասենյակում, գործում է բաժին, որը զբաղվում է արդեն «փակված» (օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով) քրեական գործերի ուսումնասիրմամբ:

Իսրայելցի պաշտոնյայից տեղեկացա, որ իր երկրում 20 տարի առաջ է հիմնվել հանրային պաշտպանի գրասենյակը: Արդարադատության նախարարության կազմում գործող այդ գրասենյակում գործում է նաև քրեական գործերի վերաբացմամբ զբաղվող բաժինը: Այն ունի քրեական գործերի ուսումնասիրման լիազորություն՝ դատապարտվածների դիմումների հիման վրա, իսկ երբ գործերի վերաբացման հիմքեր են ի հայտ գալիս, նաև հնարավորություն ունի դիմելու Գերագույն դատարան:

«Մենք տարեկան 30-40 դիմում ենք ստանում դատապարտյալներից, որոնք պնդում են, որ դատական սխալի հետևանքով են բանտում, բնականաբար նախ ուսումնասիրում ենք քրեական գործերը: Այս բաժնի գործունեության ժամանակահատվածում 17 քրեական գործով ի հայտ ենք բերել վերաբացման հիմքեր ու դիմել Գերագույն դատարան: Արդյունքում ունենք 4 արդարացման դատավճիռ, ևս մեկին սպասում ենք»,- ինձ հետ զրույցում ասաց Իշայի Շարոնը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ Իսրայելում վերջին տարիներին 27 դատապարտյալ է ազատություն ստացել գործերի վերաբացման արդյունքում:

«Որոշ դատախազներ ու դատավորներ ասում են, որ դատական սխալներ չկան, որոշներն էլ ասում են, որ հնարավոր են, բայց հազվադեպ: Բայց հիմա շատ է փոխվել իրավիճակը՝ շնորհիվ լրագրողների ու Անմեղության շարժման, նաև մեր գործունեության: Տեսեք՝ Դուք, ես այստեղ ենք, որ քննարկենք այս հարցերը: Իհարկե, մենք շատ հեռու ենք գործերի վերաբացման ամերիկյան փորձից ու արդյունքներից: Շատ կարևոր է, որ մեր մեսիջը տեղ հասցնենք. եթե անմեղ մարդիկ կան ամերիկյան բանտերում, ապա ինչու չեն կարող լինել այլ երկրների ազատազրկման վայրերում»,- կարծիք է հայտնում քրեական իրավունքի մասնագետը:

Ըստ փաստաբանի՝ քրոնիկ պրոբլեմ կա, որ բնորոշ է շատ պետությունների: Դրանցից մեկը իրեղեն ապացույցների պահպանման հարցն է: Թեև Իսրայելում կա օրենք իրեղեն ապացույցները պահպանելու մասին, այդուհանդերձ, ըստ Իշայի Շարոնի, ոչ միշտ է իրենց հաջողվում գտնել այդ ապացույցները:

«Շատ գործերով, որոնք քննվել են հեռավոր 1980-1990-ականներին, իրեղեն ապացույցները չեն գտնվում որևէ կառույցում, ոչ ոստիկանությունում, ոչ այլուր»,- ասում է Իշայի Շարոնը: Իսրայելցի պաշտոնյայի խոսքով՝ Արդարադատության նախարարությունը նոր օրինագիծ է մշակել, որտեղ առավել մանրամասն են կանոնակարգված ապացույցների պահպանման պարտականությունները, կարգը, ժամկետները:

Դատապարտյալ Օվիադա Շալոմը, որը 10 տարի պայքարել է ԴՆԹ թեստի անցկացման համար

«Նույնիսկ երբ մենք գտնում ենք իրեղեն ապացույցները, երբեմն լինում է, որ մեզ թույլ չեն տալիս նոր փորձաքննություններ անել՝ հիմնված ժամանակակից գիտության վրա»,- ասում է իսրայելցի փաստաբանը՝ պատմելով Օվիադա Շալոմի գործի մասին: Նա դատապարտվել է 1980-ականների վերջին՝ մեղադրվելով սպանության մեջ: Շալոմը հանրային պաշտպանի գրասենյակի համապատասխան բաժին է դիմել գործի վերաբացման համար, հայտնաբերվել են որոշ իրեղեն ապացույցներ: Բայց երբ ԴՆԹ փորձաքննության անուն է հնչել, պետական մեղադրողը չի տվել այն անցկացնելու իր համաձայնությունը: 10 տարի է պահանջվել, մինչև, որ նշանակվել է ԴՆԹ փորձաքննությունը:

«Մեզ մերժելու մի քանի պատճառներ բերեցին, թե ինչու եք փորձում հին գործեր վերաբացել, ինչու ենք պաշտպանում հանցագործներին և այլն, բայց մերժման հիմնական պատճառն այն էր, որ համակարգը չէր ցանկանում կրկին անգամ հուզել զոհի ընտանիքին: Այս ամենը նաև լուսաբանվեց մամուլում»,-պատմեց փաստաբանը: Պարզվում է՝ այդ հրապարակումը կարդացել էր նաև զոհի ընտանիքը, և սպանվողի մայրն ասել էր, որ ինքը ցանկանում է իմանալ ճշմարտությունը իր որդու սպանության մասին: Դրանից հետո ԴՆԹ փորձաքննություն է կատարվել, որը գործի վերաբացման հիմք է դարձել: Այժմ գործը դատարանում է:

Իսրայելցի փաստաբանը պատմեց, որ իր երկրում արդարացման ամենահայտնի գործը Ամոս Բաղանեսի գործն է, որը մեղադրվել է մի նավաստու դաժան սպանության մեջ 1970-ականների կեսերին: Նա ինքնախոստովանական ցուցմունքի վրա է դատապարտվել ցմահ ազատազրկման: «Լրագրողները շատ էին գրում այս գործի, նրա ինքնախոստովանական ցուցմունքի մասին, թե ինչպես էին քննիչները մանիպուլյացիայի ու ճնշումների ենթարկել նրան: Ի վերջո, նա ասել էր, որ ինքն է սպանություն կատարողը: Բաղինեսը դիմեց մեզ, երբ արդեն 3 անգամ Գերագույն դատարանը մերժել էր գործը վերաբացել: Մենք սկսեցինք գործը ուսումնասիրել: 4-րդ անգամ մենք դիմեցինք Գերագույն դատարան, և դատավճիռը բեկանվեց 2002-ին: Բաղանեսը ճանաչվեց անմեղ 28 տարի անց: Մինչ այդ մարդիկ ուղղակի խոսում էին, որ բանտերում կարող են լինել անմեղ մարդիկ, բայց այս գործից հետո, արդեն համոզված են»,-պատմեց Իշայի Շարոնը:

Արդարացված Ամոս Բաղանեսը, որը 28 տարի է անցկացրել բանտում չգործած հանցանքի համար

Իսրայելի հանրային պաշտպանի խորհրդականն ասում է, որ իրենց աշխատանքը երբեմն հանդիպում է հանրային կարծիքի դիմադրության՝ «ում եք պաշտպանում, չէ՞ որ նրանք մարդիկ են, որոնք սարսափելի բաներ են արել: Բայց երբ տեսնում են, որ մեր պայքարը ուղղված է հնարավոր անմեղներին, արդար դատաքննությանը, փոխում են մտածելակերպը: Այստեղ շատ կարևոր է լրագրողների ճիշտ մատուցումը»:

Դատական սխալը Շարոնը համեմատում է ավիավթարի հետ: Ասում է, որ երբ դատարանը սխալվում է և անմեղին ուղարկում բանտ, տեղի է ունենում յուրօրինակ «իրավական ավիավթար». «չէ՞ որ ավիավթարից հետո է, որ սկսում են ուսումնասիրել խնդիրը, նոր հետազոտություններ են անում, նույնը դատական սխալների դեպքում է»:

Իսկ Հայաստանո՞ւմ

Մեր երկրում առայժմ չկա մի մարմին, որը զբաղվի «ավարտված» քրեական գործերի ուսումնասիրմամբ, չկա նաև վերաբացված գործերի, առավել ևս արդարացման դատավճիռների վիճակագրություն: Թերևս միայն Արմեն Պողոսյանի գործի նախադեպը: Սարատովկա գյուղի հովիվ, 22-ամյա Արմեն Պողոսյանի անարդար դատապարտման պատմությունը հիմա, թերևս, քչերն են հիշում: Արմենին 1999-ին մեղադրել էին մանկահասակ մի աղջնակի բռնաբարության ու սպանության մեջ ինքնախոստովանական ցուցմունքի ու կեղծված ապացույցների հիման վրա: Սակայն դատապարտումից 5 տարի անց նույն գյուղում, սարերում, տեղի էր ունեցել ևս մեկ նմանատիպ սպանություն: Այս անգամ իրական հանցագործը խոստովանել էր, որ 5 տարի առաջվա դեպքն էլ էր իր ձեռքի գործը: Արմեն Պողոսյանը արդարացվել էր: Այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դատական սխալի զոհին նվիրել էր «Կոմս Մոնթե Քրիստո» վեպի երկհատորյակը: Եվ ոչ մի փոխհատուցում: Միայն տարիներ անց, 2012-ին, ՄԻ եվրոպական դատարանը պարտավորեցրել էր մեր պետությանը Պողոսյանին վճարել 32.000 եվրո փոխհատուցում: ՄԻԵԴ-ը նաև նշել էր բարոյական վնասի փոխհատուցման օրենսդրության անհրաժեշտության մասին:

Հ.Գ. Մենք դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկով՝ Հայաստանում ևս ձևավորել մարմին, որը կզբաղվի «ավարտված» քրեական գործերի ուսումնասիրմամբ, կունենա լիազորություն վերաբացման հիմքերի դեպքում եզրակացություն ներկայացնել բարձրագույն դատական ատյան:

Դատապարտյալների լուսանկարները՝ http://www.mako.co.il/ և http://www.haaretz.com/ կայքերի


Գլխավոր էջ



Այս թեմայով

... կարդացեք ավելին «Խեղված ճակատագրեր» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված