Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի

Հայաստանը կրկին խախտել է իր քաղաքացու արդար դատաքննության իրավունքը



Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական վճիռն է կայացրել մեր պետության դեմ: «Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով ՄԻԵԴ-ը խախտված է ճանաչել Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, որը վերաբերում է արդար դատաքննության իրավունքին:

Կապանի բնակիչ Դավիթ Ավետիսյանը 2009 թ-ին դատապարտվել էր 5 տարի 6 ամսվա ազատազրկման: Ըստ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի, Դավիթ Ավետիսյանը 0.65 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոց է տեղադրել տորթի մեջ և ցանկացել առաքել «Գորիս» ՔԿՀ դատապարտյալներից մեկին: Դատարանում Ավետիսյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Այս գործն անցել է ներպետական դատական ատյաններով: Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել դատավճիռը, իսկ Վճռաբեկ դատարանը 2010-ի օգոստոսին որոշում է կայացրել վերադարձրել է Ավետիսյանի պաշտպան Կամսար Մկրտումյանի բողոքը: 2011-ին փաստաբան Հայկ Ալումյանը գանգատ է ներկայացրել ՄԻ եվրոպական դատարան: 5 տարի անց այս գործով ՄԻԵԴ-ը ճանաչել է արդար դատաքննության իրավունքի խախտում: Դավիթ Ավետիսյանին պետական բյուջեից կվճարվի 2400 եվրո բարոյական վնասի և որպես կատարված ծախսի հատուցում՝ 500 եվրո:

Այն, որ Դավիթ Ավետիսյանը հնարավորություն չի ունեցել իր դեմ ցուցմունք տվող երկու վկաներին հարցեր տալու, Եվրոպական դատարանը դիտարկել է որպես արդար դատաքննության խախտում:        

Երբ շնորհավորեցի փաստաբան Հայկ Ալումյանին արդարադատության հաղթանակի համար, նշեց, որ առաջին հերթին ինքն է շնորհավորում գործը ներպետական ատյաններում ներկայացրած փաստաբան Կամսար Մկրտումյանին, «որովհետև առանց իրեն այս հաղթանակը չէր լինի: Ոչ մի գործով Եվրոպական դատարանում շանս չենք ունենա, եթե ներպետական դատական ատյաններում փաստաբանը գործը ճիշտ վարած չլինի»,-ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբան Ալումյանը տեղեկացրեց, որ ՄԻԵԴ-ի այս որոշումը կհանդիսանա որպես նոր հանգամանք Դավիթ Ավետիսյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի վերանայման համար: «Մենք հետևողական ենք լինելու, և հուսով ենք՝ Դավիթ Ավետիսյանը կարդարացվի, որից հետո կներկայացնենք հայց, որպեսզի նա ստանա փոխհատուցում ազատազրկման տարիների դիմաց»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը:

Մեր հարցին, թե եղել է նախադեպ, երբ ՄԻԵԴ-ի վճռից հետո Վճռաբեկ դատարանը վերանայի գործը և արդարացման դատավճիռ կայացնի, Հայկ Ալումյանը նշեց, որ նման դեպք չի մտաբերում. «Մեր դատական համակարգը հակված է իր մեղադրական դատավճիռները պահպանել, անգամ երբ Եվրոպական դատարանը խախտումներ է հայտնաբերում, բայց այդ պրակտիկան էլ կարող է փոխվել»,-ընդգծեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 27-ին, ՄԻ եվրոպական դատարանը երկու վճիռ էր կայացրել ( «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» և «Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի») Հայաստանի դեմ: Պետության կողմից խախտված իրավուքնը դարձալ արդար դատաքննության իրավունքն էր:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված