Կիրակի, 20 հոկտեմբերի

Ե՞րբ հասանելի կլինի «Մոդիտեն դեպո» դեղը․ ԱՆ ու արտադրողի ներկայացուցիչը նշում են տարբեր ժամկետներ



Վերջերս «Հետք»-ի խմբագրություն էին դիմել մի քանի ընթերցող, ովքեր   պատմել էին, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց  պետպատվերով տրվող «Ֆլուֆենազին» (վաճառքում՝ «Մոդիտեն դեպո») դեղը մոտ 2 ամիս է չեն կարողանում ստանալ:Մենք փորձեցինք պարզել՝ ինչն է պատճառը, երբ հնարավոր կլինի ստանալ այն, և ինչ  պետք է անեն հիվանդները, մինչև նույնանուն դեղի հայտնվելը:

«Ֆլուֆենազին»-ը նեյրոլեպտիկ (հակահոգեգարային) ազդեցություն ունեցող դեղ է: Այն օգտագործվում է շիզոֆրենիայի տարբեր տեսակների բուժման ժամանակ։

Դեղերի պետական ռեեստրի համաձայն՝ Հայաստանում գրանցված է մինչև այս տարվա նոյեմբերի 3-ը, արտադրող՝ սլովենական «ԿՌԿԱ» դեղագործական ընկերություն։ Այժմ դեղը գտնվում է վերագրանցման փուլում։

Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ դեղի բացակայության պատճառը արտադրողի գործարանում ծագած հրդեհն է, ինչի հետևանքով այրվել են համապատասխան սարքավորումները, և անհնարին է դարձել դեղի արտադրությունը: Այս մասին իրենց գրություն է ներկայացրել «Մոդիետեն դեպո» դեղը ներկրող «Ռիխտեր Լամբրոն» ՀՁ ՍՊԸ-ն 2016թ․ մարտի 15-ին։

Սակայն նշեցին, որ նույն գործարանից իրենց տեղեկացրել են, որ որ «Մոդիտեն դեպո 25մգ 1մլ» դեղի նոր խմբաքանակը կարտադրվի 2017թ. փետրվար-մարտ ամիսներին:

Հիվանդներից մեկի հարազատի՝ «ԿՌԿԱ» ընկերության պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկած նամակին ի պատասխան՝ բժշկական հարցերով պատասխանատու Լիլի Վույսեկը  (Lili Voušek) հայտնել է, որ շուկայում դեղի բացակայության պատճառը գործարանում դրա ակտիվ նյութի սակավությունն է։

Սակայն նաև նշել է,  որ «Մոդիտեն դեպո» դեղերը արտադրվելու և հասանելի են լինելու Ռուսաստանում (Մոսկվա), Ուկրաինայում (Կիև) արդեն հոկտեմբերի 7-ից․ «Հավանաբար մի քանի շաբաթ կպահանջվի, որպեսզի ապրանքը հասանելի լինի մեծածախ վաճառքում և դեղատներում, բայց մինչև ամսվա վերջ ամեն ինչ պետք է որ լավ լինի»,- գրել է Լ․ Վույսեկը ։

Առողջապահության նախարարության կողմից «Մոդիտեն դեպո» դեղի գնման հրավերը gnumner.am կայքում 2016թ. սեպտեմբերի 16-ին տեղադրվել է  «ՀՀ ԱՆ ՇՀԱՊՁԲ-15/4-2017/1 » ծածկագրով շրջանակային համաձայնագրի հրավեր, որտեղ, որպես գնման առարկա, ներկայացված է նաև «Ֆլուֆենազինը»: Սակայն դա արդեն 2017թ. կարիքների համար է։

 

«Մոդիտեն դեպո» -ին համարժեք գրանցված դեղերը

Ինչպես նշվեց,  «Մոդիտեն դեպո»-ն Հայաստանում գրանցված է մինչև նոյեմբերի 3-ը։ «Ֆլուֆենազին» պարունակող որևէ այլ դեղորայք Հայաստանում գրանցված չէ։

Դեղերի պետական ռեեստրում գրանցված է դեղի փոխարինողներից  «Հալոպերիդոլ»-ը՝  հայկական «Արփիմեդ» և հունգարական «Գեդեոն Ռիխտեր»-ի արտադրության:

 Ըստ ԱՆ տրամադրած տեղեկության՝ Հայաստանում գրանցված են նույն դեղաբանական խմբին պատկանող այլ դեղեր՝ «Քլորպրոմազին (Ամինազին)», «Տրիֆլուոպերազին (Տրիֆթազին)», «Լևոմեպրոմազին (Տիզերին)», «Ռիսպերիդոն (Ռիսպաքսոլ, Ռիսպերիգամմա, Ռիսպերիդոլ, Ռիսսար, Սեդարեքս, Ռիսպերիդոն)»։

 Նախարարությունը գնում և հիվանդներին տրամադրում է «Տրիֆլուոպերազին» և «Լևոմեպրոմազին», իսկ «Ռիսպերիդոն»-ը պարբերաբար ստանում է ՝ որպես մարդասիրական օգնություն։

 Հիվանդներից մի քանիսի հարազատների խոսքերով (ովքեր չցանկացան ներկայանալ, հեղ․)՝ «Մոդիտեն դեպո»-ի պես արդյունավետ է և  լիարժեք փոխարինող  կարող է լինել «Կլոպիքսոլ դեպո»-ն։ Այս դեղը, սակայն, Հայաստանում գրանցված չէ, ինչպես նաև ներառված չէ Առողջպահության նախարարի N22-Ն հրամանով սահմանված «Ցածր պահանջարկ ունեցող, սակայն կենսականորեն անհրաժեշտ դեղերի ցանկ»-ում։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված