ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

20 տարի բանտում գտնվող նախկին զինվորը չի ներկայացվի պայմանական ազատման



Այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց 20 տարի անազատության մեջ գտնվող, նախկին զինվոր Արթուր Մկրտչյանի դիմումը, որով ցմահ բանտարկյալը վիճարկում էր «Նուբարաշեն» ՔԿՀ վարչական հանձնաժողովի՝ իրեն պայմանական ազատելու մերժման մասին որոշումը:

Փաստաբան Ռևազյանի համար դատարանի մերժման որոշումը սպասելի էր: Մինչ այդ, նույն դատարանը մերժել էր ևս երկու ցմահ բանտարկյալի նույնաբովանդակ դիմում: «Անկեղծ ասած` դրական որոշման սպասելիք չունեի: Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ դատարանները մեր երկրում անկախ չեն, չեն կարող գործել ինքնուրույն»,-ասաց փաստաբան Ռոբերտ Ռևազյանը՝ նշելով, որ բողոքարկելու է առաջին ատյանի որոշումը Վերաքննիչ դատարանում:

Մինչ դատավորի՝ խորհրդակցական սենյակ մտնելը, դատապարտյալի փաստաբան Ռևազյանը դատարանին նեկայացրեց, որ «Նուբարաշենի» վարչական հանձնաժողովը չի պատճառաբանել, չի հիմնավորել, թե ինչու է մերժում Արթուրին պայմանական ազատման ներկայացնել: Փաստաբանն ընդգծեց, որ վարչական ակտի պատճառաբանված լինելը օրենքի պահանջ է, որը չի պահպանվել: «Արթուր Մկրտչյանին բանավոր է ասվել, որ իրեն պայմանական ազատման չներկայացնելու պատճառը  տուժողներին չմարված քաղաքացիական հայցն է»,-ասաց Ռոբերտ Ռևազյանը:

«Նուբարաշեն» ՔԿՀ ներկայացուցիչ, կապիտան Արմեն Պետրոսյանը, որը առաջին նիստին ընդունել էր՝ ցմահ բանտարկյալին պատիժը կրելուց 20 տարի անց պայմանական ազատման ներկայացնելու իրենց մերժման պատճառը քաղաքացիական հայցի չմարված լինելն է, այդուհանդերձ, հետագա նիստերին ու այսօր ևս նշեց, որ դա հիմքերից մեկն է միայն: Կապիտան Պետրոսյանն ասաց, որ Արթուր Մկրտչյանի հետ սոցիալ-հոգեբանական աշխատանքները շարունակվում են: Նույնը պնդեց նաև դատախազ Վահան Հարությունյանը: Մինչդեռ, ըստ Մկրտչյանի, որևէ աշխատանք էլ չի տարվում, և ինքն էլ նման աշխատանքների կարիք չունի:

Կապիտան Արմեն Պետրոսյանն ու դատախազ Վահան Հարությունյանը

«Բոլոր իրավական հիմքերը կան, որ բավարարեք դիմումը, բայց կարգադրությունը չկա: Ես դա շատ լավ հասկանում եմ»,- Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում ասաց Արթուր Մկրտչյանը:

Հայաստանում որևէ նախադեպ չկա, երբ 20 տարի պատիժը կրելուց հետո դատապարտյալը ներկայացվի պայմանական ազատման: Փոխարենը ՔԿՀ վարչական հանձնաժողովները կայացնում են մերժման որոշումներ կամ պայմանական ազատման ներկայացումը հետաձգում են: Այսպիսով՝ մոտ 15 ցմահ բանտարկյալ հատել է քրեական օրենսգրքով սահմանված պայմանական ազատման համար նախատեսված 20 տարվա շեմը, սակայն որևէ մեկը չի ներկայացվել ազատման:

Արթուր Մկրտչյանի ծնողները

Նոր Հաճըն քաղաքի բնակիչ Արթուր Մկրտչյանը 1994թ.՝ 18 տարեկանում դուրս է եկել տնից, մեկնել ծառայության, և մինչ օրս տուն չի հասել: Զորացրվելուց 4 ամիս առաջ՝ 1996-ին, մեղադրվել է 5 համածառայակիցների սպանության մեջ, 1997-ին Գերագույն դատարանի կողմից դատապարտվել է բացառիկ պատժատեսակի՝ մահապատժի: Չնայած պայմանական ազատման ներկայացնելու թե՛ ՔԿՀ վարչական հանձնաժողովի, թե՛ դատարանի մերժումներին, նրա հարազատները հավատում են, որ Արթուրը ազատություն է վերադառնալու: «Մի օր վերջապես դուռը կբացի ու ներս կմտնի: Բայց կյանքից արդեն 20 տարին գնաց»,- ասաց Արթուրի մայրը՝ տիկին Ջավահիրը:    

«Հետքը» դատարանների կենտրոնական արխիվում ուսումնասիրել էր Արթուր Մկրտչյանի քրեական գործը, նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հարցազրույց վարել նրա հետ: Արթուրը 1996 թ.-ին, նախաքննության փուլում, ինքնախոստովանական ցուցմունք է տվել խոշտանգումներից ու բռնություններից հետո: Խոշտանգել են ոչ միայն իրեն, այլև հարևան զորամասերից մեկում ծառայող եղբորը, քրեական գործ են հարուցել նրանց հոր՝ Համբարձում Մկրտչյանի նկատմամբ: Դատարանում, սակայն, Արթուրը սկսել է խոսել. պատմել է, որ Կոթիի զորամասի դիրքեր դեպքի օրը՝ 1996թ. հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը եկել է ՊՆ համարանիշներով «Նիվա» մակնիշի մեքենա, որ եղել է զենքի առևտուր, որ ինքը սպանության հետ կապ չունի: Բայց դատարանը արժանահավատ չի համարել Արթուրի ցուցմունքը՝ նշելով, որ նա պատասխանատվությունից է փորձում խուսափել: Սակայն 19 տարի անց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց Արթուրի ցուցմունքը՝ պնդելով և հայտնելով օպերատիվ տվյալներ, որ, այո, դիրքերում օտար մարդիկ են եղել սպանության գիշերը: Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը նոր երևան եկած հանգամանքների հիմքով անցյալ տարի վիճարկեց այս գործը, սակայն թե գլխավոր դատախազությունը, թե դատարանները այն բավարար հիմք չհամարեցին 19 տարվա վաղեմության գործը վերաբացելու համար:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված