ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Հայաստանը խախտել է իր քաղաքացիների արդար դատաքննության իրավունքը



Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 5 վճիռ է կայացրել, որոնցից երկուսը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության (մեկն՝ ընդդեմ Ադրբեջանի, մյուսները՝ Ֆրանսիայի ու Հունաստանի):

Մեր պետության դեմ ՄԻԵԴ-ի կայացրած երկու վճիռներով էլ՝ «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» և «Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի» գործերով խախտված է ճանաչվել արդար դատաքննության իրավունքը (Կոնվենցիայի 6-րդ հոդված):

Առաջին գործով հաղթած Յուրի Վարդանյանը, Արտաշես Վարդանյանը, Շուշանիկ Նանուշյանը Բուզանդի փողոցի բնակիչներ են, որոնք վտարվել էին իրենց տներից, երբ այդ տարածքը ճանաչվել էր հանրային գերակա շահ:

Վահե Գրիգորյանը

ՄԻԵԴ-ում դիմումատուների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը «Հետքին» փոխանցեց իր կարծիքը վճռի վերաբերյալ՝ նշելով. «Սա ազդակ պետք է հանդիսանա բոլոր դատավորների համար, որ նրանց բոլոր գործողությունները խոշորացույցի տակ են լինելու հասարակության կողմից, և լինի դա մեկ ամիս անց, թե 11 տարի հետո, ինչպես այս գործում, դրանց գնահատականը տրվելու է»: Ըստ փաստաբան Գրիգորյանի` արդարադատության նպատակները ստորադասվում են նեղ, խմբային շահերին՝ անտեսելով մարդկանց հիմնարար իրավունքները:

ՄԻԵԴ-ը կողմերին՝ դիմումատուներին ու կառավարությանն առաջարկել է երեք ամիսվա ընթացքում գրավոր հայտնել վնասի չափը, հակառակ դեպքում ԵԴ-ն կորոշի փոխհատուցման չափը:

Ըստ Վահե Գրիգորյանի` Վարդանյանի և Նանուշյանի գործով փոխհատուցման ենթակա գումարը, ամենահամեստ հաշվարկի դեպքում, մի քանի անգամ հնարավոր է գերազանցի մինչ օրս կառավարության կողմից ՄԻԵԴ վճիռների հիման վրա վճարված ամբողջ գումարը միասին վերցրած:

Հատկանշական է, որ սովորաբար եվրոպական դատարանի վճիռներում դատավորների անուններն ու նրանց գործողություններ չեն հիշատակվում: Սակայն այս վճռում անդրադարձ կա Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գործողություններին: Մասնավորապես՝ նշված է, որ Վճռաբեկ դատարանի նախագահն օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել, ինչը հանգեցրել է արդար դատաքննության իրավունքի խախտման: 

Եվրոպական դատարանի վճիռը՝ սպանության գործով

Մյուս վճիռը՝ «Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուն Ղազախստանում տեղի ունեցած սպանության մեջ մեղադրված, ապա 2009 թ-ին ՀՀ դատարանի կողմից 14 տարվա ազատազրկման դատապարտված Արմավիր քաղաքի 46- ամյա բնակիչ Վաղինակ Տեր-Սարգսյանն է (արդեն 7 տարի պատիժ է կրում, այս պահին գտնվում է «Արթիկ» ՔԿՀ-ում):

Մեղադրյալ Վաղինակ-Տեր-Սարգսյանը չի կարողացել իր դեմ վկայություն տված 11 անձանց հարցեր ուղղել դատարանում, չի կազմակերպվել նաև առերեսում նախաքննության փուլում: Դատարանը պատճառաբանել է, որ նրանց ծանուցումներ է ուղարկել Ղազախստան, սակայն երեքը անհասանելի են եղել, իսկ ութը գրություններ են ներկայացրել, թե ինչու չեն կարող ներկա լինել դատին:

Ղևոնդ Պապոյանը

Բացի այդ, դիմումատուի ներկայացուցիչ, փաստաբան Ղևոնդ Պապոյանը նշել է, որ դեպքի վայրի զննության տեսագրությունը չի կցվել քրեական գործին, չի հետազոտվել դատարանում, չնայած ներկայացված միջնորդությանը, սակայն, դրվել է դատավճռի հիմքում:

Փաստորեն ներպետական դատարաններում այս գործը քննել է ինը դատավոր, այն անցել է դատական եռաստիճան համակարգով, սակայն որևէ մեկը չի արձանագրել խախտում: ՄԻԵԴ-ը այս գործով ճանաչել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի խախտում: 

Վաղինակ Տեր-Սարգսյանի փաստաբանն ասաց, որ լուրը ստանալուն պես տեղեկացրել է Վաղինակի ընտանիքին:

«Հետքի» հարցին պատասխանելով՝ Ղևոնդ Պապոյանը նշեց, որ դիմելու են Վճռաբեկ դատարան, որպեսզի գործը վերաբացվի, անգամ փոխվի իր պաշտպանյալի խափանման միջոցը:

Փաստաբան Ղևոնդ Պապոյանի լուսանկարը` իր ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված