Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

ՍԱՊԾ-ն «Հետք»-ին անում է այնպիսի առաջարկներ, որոնք ինքը չի կատարում



Երեկ  Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարություն էր տարածել, որտեղ ամփոփել էր նրբերշիկների շուկայում կատարած իրենց ուսումնասիրությունները։ Ինչպես մեր հարցման պատասխանի, այնպես էլ նույն հայտարարության մեջ ՍԱՊԾ-ն «Հետք»-ին առաջարկել է սննդամթերքի  «նմուշները ստերիլ պայմաններում  հանել փաթեթավորումից՝ դիմազերծել և միայն կոդավորված նմուշներ ներկայացնել փորձաքննության, իսկ լաբորատոր արդյունքները հրապարակել ոչ թե հոդվածի հրապարակման օրը, այլ  ստանալուն պես, կամ էլ՝ նույն օրը դրանք ուղարկել Ծառայություն» (տեղեկացնենք, որ «Հետք»-ի կողմից նրբերշիկների փորձաքննության արդյունքները Ծառայությանը տրամադրելու խնդրանքը մերժվել է)»:

Ի պատասխան այս մեկնաբանության, հայտնում  ենք, որ «Հետքը» լրատվամիջոց է, որը չի կատարել նմուշառում  (ինչը կառավորության որոշումով  սահմանված հատուկ գործընթաց է), այլ կատարել է սովորական գնում,  ինչպես դա ամեն օր անում  է ցանկացած սպառող՝ խանութից սննդամթերքը տուն հասցնելով:

Ըստ այդմ՝ հարց  ՍԱՊԾ-ին. Ի՞նչ տարբերություն, թե աղիքային ցուպիկով և նորմայի շեղումներով կաթնաշոռը կամ նրբերշիկը ձեռք բերելիս կատարվել է նմուշառում, թե շարքային գնում: Արդյոք նմուշառումը երաշխիք է, որ այդ խախտումները չէին լինի, և արդյոք  քաղաքացիները անվտանգ սնունդ գնելու համար խանութում պետք է սննդամթերքի նմուշառում  կատարեն՝ պահպանելով լաբորատորիայի ստերիլ պայմանները:
Բացի այդ, «Հետքը» չի խախտել արտադրողի կողմից ներկայացված պահպանման պահաջները:

ՍԱՊԾ-ն նշում է, որ ««Հետքի» հրապարակումները կատարվում են փորձաքննության արդյունքների ստացումից շատ ավելի ուշ (նրբերշիկների փորձաքննությունը կատարվել է սեպտեմբերի 7-ին, արդյունքները ներկայացվել են սեպտեմբերի 20-ին, հեղ․), երբ հրապարակման մեջ նշված սննդամթերքն այլևս սպառված կամ պիտանիության ժամկետը լրացած է»։

Այնինչ ՍԱՊԾ աջակցությամբ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող, օրինակ, «Համի որակկաթնաշոռ» հաղորդման ժամանակ կաթնաշոռերի փորձաքննությունն իրականացվել է 2015թ․ նոյեմբերի 20-ին, հաղորդումը յութուբյան ալիքում տեղադրվել  է 2016թ․ մարտի 5-ին, իսկ Հանրային հեռուստատեսության կայքում՝ 2016թ․ հուլիսի 2-ին։

Կամ՝ 2016թ․ հոկտեմբերի 1-ին հրապարակվել է «Համի որակ․կեֆիր» հաղորդումը, որի ընթացքում նմուշներից միայն մեկն է համապատասխանել նորմերին, իսկ մեկում էլ եղել է աղիքային ցուպիկ։ Հարց ՍԱՊԾ-ին ե՞րբ է կատարվել լաբորատոր փորձաքննությունն ու ինչու՞ արդյունքները ստանալուն պես կեֆիրի վտանգավոր լինելու մասին չի կատարվել հանրային իրազեկում՝  համաձայն «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի։ Ի՞նչ գործողություններ են կատարվել և արդյոք  որևէ արտադրող պատասխանատվության է ենթարկվել։

Չէ՞ որ ըստ նույն օրենքի 8-րդ հոդվածի՝ «Լաբորատոր փորձաքննության արդյունքում վտանգավոր ճանաչված և (կամ) պիտանիության ժամկետն անցած սննդամթերքը շուկայից հետ է կանչվում, ոչնչացվում կամ օգտահանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»։ Եթե ՍԱՊԾ-ն կասկածի տակ է առնում «Հետքի» ներկայացրած լաբորատոր փորձաքննության արդյունքները, ապա ինչու չի վստահում իր ենթակայության տակ գտնվող «ՀԱԲԼԾԿ»  լաբորատորիայում իրականացված փորձաքննությանը և հետ կանչում կամ ոչնչացնում ապրանքը։

Այս հարցերը մենք պաշտոնապես ուղարկել ենք ՍԱՊԾ, պատասխանները ստանալուն պես կներակայացնենք։

Ինչ վերաբերում է «Հետքի» կողմից նրբերշիկի փորձաքննության արձանագրությունները տրամադրելու մերժմանը, նշենք, որ ՍԱՊԾ-ն ինքը , որպես ոլորտը վերահսկող կառույց պետք է հրապարակումից հետո ակտիվ գործողություններ իրականացներ  և չսպասեր, որ լրատվամիջոցը տրամադրի փորձաքննության արդյունքները (ինչի պարտավորությունը չունի)։ 

Բացի այդ, նրբերշիկների փորձաքննությունից հետո հրապարակված կաթնաշոռի վերաբերյալ հոդվածում (հրապարակվել է 2016թ. հոկտեմբերի 10-ին) փորձաքննության արձանագրությունը  ներկայացված էր, սակայն մինչ օրս որևէ գործնական արձագանք չկա. ՍԱՊԾ-ն դեռևս ուսումնասիրություններ պետք է կատարի, իսկ մինչ դրանց ավարտը, հոդվածում նշված բոլոր կաթնաշոռերը վաճառքում են:

 Չվնասել տնտեսվարողին

Նրբերշիկների լաբորատոր փորձաքննության վերաբերյալ «Հետքի» հրապարկումից հետո սեպտեմբերի 24-ին Araratnews.am կայքին տված մեկնաբանության մեջ  ՍԱՊԾ-ից նշում են, որ  իրենք «ուղղակի հիմա կարող ենք միայն կոչ անել` չգնել այդ նրբերշիկները: Մինչև այդ այլ բան չենք կարող անել, որովհետև եթե լաբորատոր փորձաքննության արդյունքները նորմալ լինեն, տնտեսավարողին շատ մեծ վնաս հասցրած կլինենք»:
Իսկ սեպտեմբերի 30-ին  ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը iravunk.com կայքի հետ զրույցում նշել է, որ  առաջին հերթին պետք է պարզել, թե «որքանո՞վ են հավաստի փորձաքննության արդյունքները, արդյոք այնտեղ անհամապատասխանություններ չկա՞ն»:

2016թ. հոկտեմբերի 7-ին ՍԱՊԾ-ն հաղորդագրություն է տարածել, որ թերի մակնշման պատճառով կասեցվել է  «Ռոստիշկա» ապրանքատեսակի ելակի և խնձորի համով յոգուրտների վաճառքը: Այսինքն՝ մակնշման թերի լինելու փաստն ավելի ծանրակշիռ է, քան լրատվամիջոցի կողմից ներկայացված լաբորատոր փորձաքննության արդյունքները, որոնց հավաստիությունը դեռ պետք է ստուգվի:

Ստացվում է, որ սպառողն այս դեպքում ստորադասվում է տնտեսվարողի շահերին, քանի որ մանրէների անթույլատրելի քանակ, աղիքային ցուպիկ և այլ շեղումներով սննդամթերքը կարող է մնալ վաճառքում, որպեսզի տնտեսվարողը մեծ վնաս չստանա:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. մինաս11:38 - 27 հոկտեմբերի, 2016
Հայի գործն ըտենց ա, գնդակը քեզ չհասած, ,,օբորոտկեն,, տաս ու բերանները ցխես ...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված