Կիրակի, 17 նոյեմբերի

Փաստաբանը հաշմանդամ դատապարտյալին ազատելու հիմքեր է տեսնում



23 տարի անազատության մեջ գտնվող, 2-րդ կարգի հաշմանդամ Վահագն Մարուքյանը շուրջ երկու շաբաթ է՝ հացադուլի մեջ է: Նա պահանջում է, որ իրեն հետ վերադարձնեն «Դատապարտյալների հիվանդանոց» և տրամադրեն հոդատապերի համար նախատեսված իր դեղորայքը:

Վահագն Մարուքյանի եղբայրը՝ Հուսիկ Մարուքյանը, մեզ հետ զրույցում ասաց. «Քանի կար, ասում էին դեղորայքային բուժման ես անցել, դրա համար տեղափոխում ենք «Արթիկ», հիմա էլ ասում են՝ քեզ դեղ պետք չի: Բայց փաստն էն ա, որ Վահագը դեղերով ա ապրում արդեն 7 տարի»:

Նա տեղեկացրեց, որ «Արթիկ» ՔԿՀ վարչակազմից, որտեղ եղբորը տեղափոխել են հոկտեմբերի 13-ին, որևէ դժգոհություն չունեն: «Վահագի խնդիրն իր առողջությունն ա: 7 տարի ա՝ հաշմանդամ ա, բերդում՝ էդ խոնավության մեջ դարձավ կես մարդ, հիմա գոնե դեղեր տան, պրոթեզավորման հարցեր լուծեն, պայմանական ազատեն գոնե»,- ասում է Հուսիկ Մարուքյանը ու պնդում, որ տարիներ շարունակ իրենք են դեղեր հասցրել եղբորը:

Այս պահին ցմահ դատապարտյալը գտնվում է ոչ թե մենախցում, այլ «Արթիկ» ՔԿՀ-ի բժշկական մասում: Հոկտեմբերի 22-ի գիշերը դատապարտյալի ինքնազգացողությունը վատացել է, ու նրան տեղափոխել են «Գյումրի» ԲԿ, ապա  դարձյալ նրան տեղափոխել են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ, այս անգամ՝ բուժ.մաս:

Վանաձորի բնակիչ Հուսիկ Մարուքյանը տեղեկացրեց նաև, որ Վահագնը նամակ է գրել նորանշանակ վարչապետին՝ տեղեկացնելով իր առողջական վիճակի մասին. «Փաստորեն եթե կոնքերի հոդերը պրոթեզավորեն, Վահագը նորմալ կքայլի, ոչ թե պատերը բռնած կամ կաստիլներով»: Վահագն Մարուքյանը վարչապետին ուղղված նամակում անդրադարձել է նաև պայմանական ազատման խնդիրներին: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ վարչական հանձնաժողովն արդեն 4 անգամ մերժել է Վահագն Մարուքյանին պայմանական ազատման ներկայացնել:

Վանաձորի բնակիչ Հուսիկ Մարուքյանը եղբոր խնդրի հետ կապված երեկ այցելել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, զրուցել գրասենյակի իրավաբան, նաև ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խմբի ղեկավար Արայիկ Զալյանի հետ: «Հետքի» հետ զրույցում Արայիկ Զալյանը նշել էր, որ վերջին շաբաթներին 2 անգամ է տեսակցել ցմահ ազատազրկված Մարուքյանին, գրել են նաև հրատապ հաշվետվություն նրա առողջական մտահոգիչ վիճակի մասին, ուղարկել արդարադատության նախարարություն, ըստ կարգի, սակայն որևէ պատասխան ԱՆ-ից չեն ստացել:  

Բանտարկյալի եղբայրը ահազանգել էր նաև ՄԻՊ գրասենյակ: Պաշտպանի ներկայացուցիչները երեկ են հանդիպել Վահագն Մարուքյանի հետ: ՄԻՊ մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը «Հետքին» փոխանցեց, որ դատապարտյալի առողջության ու անհրաժեշտ բժշկական օգնության հետ կապված հարցերը բարձրացվելու են առանձին գրություններով:

«Դե՛, պարզ ա, բոլորն էլ գնում են, համոզում են, որ դուրս գա հացադուլից, բայց ինչքա՞ն կարելի ա՝ հիվանդ մարդուն պահել փակի տակ»,-ասում է բանտվածի եղբայրը:

Մինչ այդ, Վահագն Մարուքյանը դատարանում վիճարկում է իրեն պայմանական ազատման չներկայացնելու՝ վարչական հանձնաժողովի որոշումը: Նրա փաստաբան Ռոբերտ Ռևազյանը գտնում է, որ դատապարտյալին թե պայմանական վաղաժամկետ, թե պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդության պատճառով ազատելու հիմքեր կան:

Վահագն Մարուքյանը կալանավորվել է 1993 թ.-ին՝ 19 տարեկանում: 1994 թ.-ին ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով դատապարտվել է մահապատժի (2003թ.-ից ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ): Մարուքյանը մեղավոր է ճանաչվել Վանաձորի Ռազմական ոստիկանության պետի դիտավորյալ սպանության մեջ: Դատավճռի հիմքում դրվել է նաև նրա ինքնախոստովանական ցուցմունքը, որը, իր խոսքով, տվել է բռնության հետևանքով: Վերջին 3-4 տարիներին Մարուքյանը ստացիոնար բուժում է ստացել «Դատապարտյալների հիվանդանոցում»: Ինչպես ինքն է վկայում, հոդատապով հիվանդացել է բանտային խցային խոնավ պայմանների հետևանքով: Պատիժը կրելուց 22 տարի անց փոխվել է նրա պահման ռեժիմը՝ փակից դառնալով կիսափակ:     


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված