Կիրակի, 17 նոյեմբերի

Դատապարտյալը գործի վերաբացման հիմք է գտել, բայց չի հավատում արդարադատությանը



«Հետքին» նամակով դիմել է «Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալ, ԶՈՒ նախկին սպա Ցոլակ Խաչատրյանը՝ ապացույցներ ու նոր երևան եկած հանգամանքներ ներկայացնելով իր քրեական գործի մասին: Դատապարտյալը բարձրացրել է նաև այն հարցը, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմն իր հանդեպ չի գործում:

«Ես կարող էի վաղուց իմ տանը լինել, բայց պայմանական ազատման անկախ հանձնաժողովը մերժում է, բայց չունեմ որևէ տույժ»,-մեզ հետ հեռախոսազրույցում ասաց դատապարտյալը:

Ցոլակ Խաչատրյանը զինված ուժերում ծառայության է անցել 1995 թ-ից: Ծառայել է որպես կուրսանտ, ապա որպես սպա: 2014-ին դատապարտվել է երկուսուկես տարվա ազատազրկման քրեական օրենսգրքի 361 հոդվածով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ լքելը): 2008-ին նա դարձյալ դատապարտվել է նույն արարքի համար, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել:

Դատապարտյալը չի պնդում, թե 2013-ի հունիսի 24-29-ը 5 օր ինքնակամ չի թողել ծառայության վայրը, այլ մատնանշում է, որ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ի հայտ է եկել նոր երևան եկած հանգամանք, որը, ըստ դատապարտյալ Խատչատրյանի, ապացուցում է, որ օրենքն իր նկատմամբ սխալ է կիրառվել:

«Ես արդեն շուրջ 21 ամիս է՝ անարդարացի և փաստացի անօրինական կերպով գտնվում եմ անազատության մեջ... փաստորեն քիչ է, որ ինձ ապօրինի 21 ամիս է, ինչ ազատազրկել են, հիմա էլ արդեն 3-րդ կամ 4-րդ անգամ մերժում են իմ պայմանական ազատումը»,- նամակում գրել է Ցոլակ Խաչատրյանը:

Բանն այն է, որ դատապարտումից հետո նա գրություն է ուղարկել ՀՀ ԶՈՒ ԳՇ կադրերի բաժին, որտեղից 2015 թ.-ի հուլիսի 11-ին ստացել է կադրերի վարչության պետ Դ.Մանուկյանի պատասխանը, ըստ որի «... Ց.Խաչատրյանի հետ չի կնքվել 20 տարի ժամկետով զինվորական ծառայության անցնելու մասին պայմանագիր...»:

Իսկ Ցոլակ Խաչատրյանի միակ պայմանագիրը ուժը կորցրած է համարվել 1998 թ.-ից. «1998 թ-ի սեպտեմբերից ՀՀ ԶՈՒ նկատմամբ որևէ պարտավորություն չեմ ունեցել»,-գրում է դատապարտյալը մեզ ուղղված իր նամակում:

Ցոլակ Խաչատրյանի միակ պայմանագիրը՝ կնքված 1995 թ.-ին

Դատապարտյալ Ցոլոկ Խաչատրյանը նշեց, որ ինքնուրույն ուսումնասիրել է նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներն ու արտահայտած դիրքորոշումն այս հարցի շուրջ: Մասնավորապես՝18.10.2013-ի նախադեպային որոշումը Հայկ Մովսիսյանի գործով, որտեղ 16-րդ կետում նշված է, որ «զինվորական ծառայության դեմ հանցագործության սուբյեկտկարող է լինել 18 տարին լրացած մեղսունակ այն քաղաքացին, ով օրենքով սահմանված կարգով իրականացված զորակոչի հիման վրա կամ պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայության է անցնում ՀՀ զինված ուժերում...»:

Դատապարտյալը նշում է, որ այս հարցը ոչ նախաքննության մարմնի, ոչ էլ դատարանի կողմից քննության նյութ չի դարձել: Հարցին, թե ինչու դատապարտյալը հիմա չի դիմում Գլխավոր դատախազություն նոր երևան եկած հանգամանքների հիմքով վարույթը նորոգելու խնդրանքով կամ Վճռաբեկ դատարան՝ դատավճիռը բեկանելու համար, Ցոլակ Խաչատրյանը պատասխանեց, որ չի հավատում, թե արդարացի լուծում ու պատասխան կստանա:

Դատապարտյալը բարձրացրել է նաև օրենքով իրեն հասանելիք արձակուրդները ՊՆ-ից չստանալու մասին, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազությանը հանցագործության մասին հաղորդում տալու և դրանցով քննություն չանցկացնելու հարցերի մասին:

ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանի որոշման եզրափակիչ մասը

Այն, որ ՊՆ-ն խախտել է Ցոլակ Խաչատրյանի իրավունքները, արձանագրել է ՄԻ նախկին  պաշտպանն՝ իր որոշմամբ: 

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված