ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Փաստաբան. «Բացառիկ դեպք կլինի, եթե դատարանն այս անգամ բավարարի Արթուր Մկրտչյանի դիմումը»



Հայաստանում որևէ նախադեպ չկա, երբ 20 տարի պատիժը կրելուց հետո դատապարտյալը ներկայացվի պայմանական ազատման: Փոխարենը ՔԿՀ վարչական հանձնաժողովները կայացնում են մերժման որոշումներ կամ պայմանական ազատման ներկայացումը հետաձգում են: Այսպիսով՝ մոտ 15 ցմահ բանտարկյալ հատել է քրեական օրենսգրքով սահմանված պայմանական ազատման համար նախատեսված 20 տարվա շեմը, սակայն որևէ մեկը չի ներկայացվել ազատման: 

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը այս պահին իր վարույթում ունի երեք ցմահ բանտարկյալի (նախկինում մահապատժի) գործ, երբ ՔԿՀ վարչական հանձնաժողովները մերժել են նրանց ներկայացնել պայմանական ազատման (ՀՀ դատարաններում այդ հիմքով ևս մի քանի բողոքներ կան): Ցմահ դատապարտյալները մերժման որոշումները վիճարկում են դատարանում:

Նրանցից մեկը 20 տարի բանտում գտնվող նախկին զինվոր Արթուր Մկրտչյանն է, ում ՔԿՀ վարչակազմը արդեն 2-րդ անգամ մերժում է ներկայացնել պայմանական ազատման: Երկու անգամ էլ Արթուր Մկրտչյանը մերժումերը բողոքարկել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

փաստաբան Ռոբերտ Ռևազյանը

«Մի կողմից ուզում եմ հավատալ, որ դատարանը կարող է արդարադատություն իրականացնել, մյուս կողմից՝ դատարաններն անկախ չեն: Պայմանական ազատման մասով դատարանները բացառիկ դեպքերում են բավարարում բողոքները, իսկ ցմահ դատապարտյալի պարագայում կլինի բացառիկ դեպք, եթե բավարարի բողոքը»,- «Հետքի» հետ զրույցում ասաց փաստաբան Ռևազյանը:

Ըստ փաստաբանի, իրավական առումով բոլոր հիմքերը կան, որ դատարանը բավարարի Արթուր Մկրտչյանի դիմումը. «Նույնիսկ պետք է բավարարի: Թեկուզ այն, որ մերժման հիմքը ՔԿՀ-ն փորձում է փոխել, իրավական հարթության մասին չի խոսում, այլ կամայականության»,- կարծիք հայտնեց փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ընթացքում «Նուբարաշեն» ՔԿՀ ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը վկայակոչել էր Արթուր Մկրտչյանին պայմանական ազատման չներկայացնելու ևս մեկ հիմք, որը վերաբերում է ուղղման դինամիկային: Արթուր Մկրտչյանն էլ ասել էր, որ իր նկատմամբ որևէ ուղղիչ աշխատանք չի արվել, և դրա կարիքն էլ չունի:

Սակայն առաջին նիստի ժամանակ ՔԿՀ նույն ներկայացուցիչը շեշտել էր, որ պայմանական ազատման չներկայացնելու մերժումը քաղաքացիական հայցի չմարված լինելն է: Սակայն ըստ պաշտպան Ռևազյանի, ՔԿՀ-ն հետադարձ ուժ է տվել դատապարտյալի վիճակը վատթարացնող նորմին, քանի որ երբ նախկին զինվորն է դատապարտվել՝ 1997 թ-ին, նման դրույթ չի եղել: Ավելին՝ քրեակատարողական օրենսգրքի 114 հոդվածի այդ մասը լրացվել է միայն 2005 թ-ին:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր նիստը սկսեց ու ավարտեց, քանի որ դատախազն այլ գործով զբաղվածության պատճառով չէր կարողացել ներկայանալ: Նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 28-ը:

Դատարանում մշտապես ներկա են լինում նաև Արթուր Մկրտչյանի հարազատները: Ասում են, որ բազմաթիվ անարդարություններից հետո երազանքը Արթուրին ազատության մեջ առողջ տեսնելն է:

Արթուր Մկրտչյանի ծնողները 

Հիշեցնենք, որ «Հետքը» դատարանների կենտրոնական արխիվում ուսումնասիրել էր Արթուր Մկրտչյանի քրեական գործը, նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հարցազրույց վարել նրա հետ: Արթուրը 1996 թ.-ին, նախաքննության փուլում, ինքնախոստովանական ցուցմունք է տվել խոշտանգումներից ու բռնություններից հետո: Խոշտանգել են ոչ միայն իրեն, այլև հարևան զորամասերից մեկում ծառայող եղբորը, քրեական գործ են հարուցել նրանց հոր՝ Համբարձում Մկրտչյանի նկատմամբ: Դատարանում, սակայն, Արթուրը սկսել է խոսել. պատմել է, որ Կոթիի զորամասի դիրքեր դեպքի օրը՝ 1996թ. հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը եկել է ՊՆ համարանիշներով «Նիվա» մակնիշի մեքենա, որ եղել է զենքի առևտուր, որ ինքը սպանության հետ կապ չունի: Բայց դատարանը արժանահավատ չի համարել Արթուրի ցուցմունքը՝ նշելով, որ նա պատասխանատվությունից է փորձում խուսափել: Սակայն 19 տարի անց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց Արթուրի ցուցմունքը՝ պնդելով և հայտնելով օպերատիվ տվյալներ, որ, այո, դիրքերում օտար մարդիկ են եղել սպանության գիշերը: Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը նոր երևան եկած հանգամանքների հիմքով անցյալ տարի վիճարկեց այս գործը, սակայն թե գլխավոր դատախազությունը, թե դատարանները այն բավարար հիմք չհամարեցին 19 տարվա վաղեմության գործը վերաբացելու համար:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված