Կիրակի, 17 նոյեմբերի

«Վերևից հրաման չունենք քեզ պայմանական ազատման ներկայացնելու». դատապարտյալին մերժել են 4-րդ անգամ



«Հետքը» ահազանգ է ստացել Վանաձորի բնակիչ Հուսիկ Մարուքյանից այն մասին, որ իր եղբորը՝ 2-րդ կարգի հաշմանդամ, 23 տարվա բանտարկյալ Վահագն Մարուքյանին այսօր «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել են «Արթիկ» ՔԿՀ:

«Ինքը հենակներով ա քայլում, անտանելի հոդացավեր ունի, դեղերով ա ապրում: Գիտեմ, որ «Արթիկի» բանտում հացադուլ կսկսի, պայմանները նման հիվանդի համար չեն»,- նշեց դատապարտյալի եղբայրը՝ ավելացնելով, որ ահազանգել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ 116 համարին:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային բաժնի պետ Գոռ Ղլեչյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Վահագն Մարուքյանը ստացիոնար բուժման անհրաժեշտություն այս պահին չունի, դեղորայքային բուժում է ստանում, առայժմ գտնվելու է «Արթիկ» ՔԿՀ բուժ.մասում:

Մի քանի օր առաջ ցմահ բանտարկյալը մեզ հետ հեռախոսազրույցում անհանգստություն էր հայտնել, որ իրեն ցանկանում են դուրս գրել «Դատապարտյալների հիվանդանոցից»: «Ես միշտ բարձրացրել եմ դեղերի խնդիրը, որ թանկ դեղ կա, տնեցիները չեն կարողանում արդեն բերել, անգամ գրել եմ արդարադատության նախարարին: Հիմա էլ ասում են, թե ԲԱՀ-ի հանձնաժողովի որոշմամբ ինձ դուրս են գրում: Ասեցին դեղերը «Արթիկում» կան, կգնաս կխմես: Եթե դեղերը կան, թող ուղարկեն էստեղ»,-ասաց Վահագն Մարուքյանը:

Բացի այդ, ցմահ դատապարտյալը արդեն 3-րդ տարին բարձրաձայնում է պայմանական վաղաժամկետ ազատման մասին: Անցյալ ամիս նրան 4-րդ անգամ են մերժել. «Սեպտեմբերի 30-ին կանչեցին վարչական հանձնաժողով: Ասեցին՝ ոչ մի տույժ չունես, բայց մենք վերևից հրաման չունենք քեզ ներկայացնելու պայմանական ազատման»: Դատապարտյալը մտադիր է այս անգամ բողոքարկել մերժումը դատարանում:

Վահագն Մարուքյանը կալանավորվել է 1993 թ.-ին՝ 19 տարեկանում: 1994 թ.-ին ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով դատապարտվել է մահապատժի (2003թ.-ից ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ): Մարուքյանը մեղավոր է ճանաչվել Վանաձորի Ռազմական ոստիկանության պետի դիտավորյալ սպանության մեջ: Դատավճռի հիմքում դրվել է նաև նրա ինքնախոստովանական ցուցմունքը, որը, իր խոսքով, տվել է բռնության հետևանքով: Վերջին 3-4 տարիներին Մարուքյանը ստացիոնար բուժում է ստացել «Դատապարտյալների հիվանդանոցում»: Ինչպես ինքն է վկայում, հոդատապով հիվանդացել է բանտային խցային խոնավ պայմանների հետևանքով: Պատիժը կրելուց 22 տարի անց փոխվել է նրա պահման ռեժիմը՝ փակից դառնալով կիսափակ: «20 տարին լրանալուց հետո պիտի փոխեին իմ պահման ռեժիմը, բայց անհասկանալի պատճառներով փոխել են 2 տարի ուշացումով»,-եզրափակեց ցմահ դատապարտյալը:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված