Երեքշաբթի, 12 նոյեմբերի

Դաշնամուրի ուսուցիչ. «Եթե վաղը անվճար աշխատելու հարց ծագի, պատրաստ եմ»



46 տարվա մանկավարժ,  դաշնամուրի ուսուցչուհի Մայա Սարիբեկովան Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում աշխատել է մոտ 22 տարի: Սակայն այս ուսումնական տարվա սկզբին Մայա Սարիբեկովան տեղեկացել է, որ այլևս չի աշխատելու: Սեպտեմբերին նրա հետ նոր աշխատանքային պայմանագիր չի կնքվել: «Հետքին» դիմած ուսուցչուհին մեզ փոխանցեց, որ իր հետ պայմանագիր չկնքելու պատճառը կենսաթոշակային տարիքն է:

«Մենք ամեն ուսումնական տարվա վերջում գրում ենք դիմում գործից ազատվելու մասին, իսկ սեպտեմբերի 1-ին՝  գործի ընդունվելու (ձևն է այդպես ): Այս անգամ սեպտեմբերին տնօրենը հրաժարվեց ինձանից դիմում ընդունել»,-ներկայացրեց տիկին Մայան:

«Հետքը» եղավ արվեստի դպրոցում եւ զրուցեց տնօրեն Արթուր Մարտիրոսյանի հետ: Նա ներկայացրեց Մայա Սարիբեկովայի հետ պայմանագիրը լուծելու իրավական հիմքերը՝ նշելով, որ պայմանագրի լուծման հիմքում ամենևին էլ կենսաթոշակային տարիքը չէ: «Խնդիրը կենսաթոշակային տարիքը չէ, այլ աշխատանքների կազմակերպման պլանների փոփոխությունը: Միգուցե բանավոր զրույցի մեջ ասել եմ, որ պիտի մեծահասակները գնան, երիտասարդները գան»,-ասաց դպրոցի տնօրենը:

Ինչ վերաբերում է պայմանագրերի լուծմանն ու ամեն սեպտեմբերին նորից կնքելուն, ապա տնօրենը պարզաբանեց, որ վճարները չեն բավականացնում, ուստի աշխատակիցներին ուղարկում են իրենց հաշվին արձակուրդ կամ դուրս են գալիս աշխատանքից, իսկ սեպտեմբերին՝ նորից ընդունվում. «Իմ տնօրինության ժամանակ մեկ անգամ հնարավոր է այդպես լինի իներցիայով, բայց հետագայում չի եղել»,-ասաց տնօրենը:

Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ Մայա Սարիբեկովայի հետ պայմանագրի լուծման համար հիմք է հանդիսացել այս տարվա ապրիլի 30-ի համաձայնագրով փոխված պայմանագրի տեսակը՝ անորոշ ժամկետով պայմանագիրը դարձել է ժամանակավոր, և պայմանագրի գործողության ժամկետ է սահմանվել հունիսի 30-ը: Տնօրենի հավաստմամբ, Մայա Սարիբեկովան ծանուցվել է, որ հունիսի 30-ին լրանում է իր պայմանագրի ժամկետը, և նրան տրվել է վերջնահաշվարկ:

Մենք խոսեցինք նաև Մայա Սարիբեկովայի աշակերտների ծնողների հետ, ովքեր նշեցին, որ իրենց երեխաները ամբողջ սեպտեմբեր ամիսը չեն գնացել դաշնամուրի: «Երեխաները սթրես են ապրել, իրենք հասկանում են, որ իրենց ուսուցչուհին չի գնացել դպրոցից, իրենց ուսուցչուհին պայքարում է մնալու համար, իրենք էլ ինձ հետ պայքարում են»,-նշեց դպրոցի արդեն նախկին դասատուն:

Մայա Սարիբեկովան դպրոցում ունեցել է 18 աշակերտ, ասում է, որ իր դասարանի կեսը դիպլոմակիր ու դափնեկիր են: Պատմում է, որ պարբերաբար բարեգործական համերգներ են տալիս, այցելել են նաև Խարբերդի մասնագիտացված մանկատուն ու համերգ տվել:

Մինչդեռ դպրոցի տնօրեն Արթուր Մարտիրոսանը նշեց, որ 2006-ից մինչև այսօր Մայա Սարիբեկովան մեկ ավարտող չի ունեցել, «և դա փաստաթղթերով ֆիքսված է»: Նրա խոսքով` չկան դիպլոմներ, կան վկայագրեր մասնակցության մասին: Չկան 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերի արժանացածներ:

Արդեն նախկին ուսուցչուհու աշակերտներն ու ծնողներն ափսոսում էին, որ տիկին Սարիբեկովան այլևս չի դասավանդելու,անգամ նամակ էին պատրաստել քաղաքապետին:

Նատոն Արտյոմի մայրիկն է: Պատմում է, որ առաջին դասարանից իր երեխան Մայա Արամովնայի մոտ է դաշնամուր սովորել: Արդեն 3-րդ դասարան է: «Սեպտեմբերին ասացին, որ Մայա Արամովնան գնացել է վաստակած հանգստի: Չեմ ասում, թե այնտեղ վատ մասնագետներ են, ուղղակի երեխան սովոր է Մայա Արամովնային: Ամբողջ սեպտեմբերը չգնաց դասի»,- ասում է տղայի ծնողը: Ինքը՝ Արտյոմը, մեզ հետ զրույցում ասաց, որ եթե իր դասատուն չգա, ինքը չի ուզի դաշնամուրի գնալ. «Որովհետև ինքը ամենալավ դասատուն ա»:

Աննա Ավետյանի դուստր՝ Աստղիկը, 4-րդ դասարանում է, երեք տարի հաճախել է Մայա Արամովնայի դասարան. «Մեծ արդյունքների է հասել, շատ սիրով սպասում է, թե երբ է պարապմունքը, որ գնա: Սեպտեմբերի սկիզբն էր՝ իմացանք, որ էլ չի գալու դասատուն: Փորձում եմ համոզել, որ ուրիշի մոտ գնա, մի անգամ գնաց, եկավ ասաց՝ մամա՝ չեմ գնալու»,-պատմեց Աստղիկի մայրիկը:

«Սպասում էինք, որ Մայան կվերադառնա: Մեր երեխաներին Մայան է գտել, տարել դպրոց: Իր մոտեցումը երեխաներին էնպես է, որ սիրով են գնում: Իմ թոռնիկի մեջ սերը դեպի երաժշտություն ինքը արթնացրեց: Գոռը ասում է, որ չի ուզում գնալ մեկ ուրիշի մոտ»,-պատմեց Մայա Սարիբեկովայի աշակերտներից Գոռի տատիկը:  

«Ես առանց իմ դաշնամուրի դասերի պարզապես չեմ կարող: Եթե վաղը հարց ծագի, որ աշխատեմ անվճար, ես պատրաստ եմ: Ի դեպ, այսօր էլ եմ աշխատում անվճար, քանի որ ամբողջ աշխատավարձս ուղարկում եմ քաղցկեղով հիվանդ երեխաներին»,-եզրափակեց տիկին Մայան:

Գլխավոր լուսանկարում՝ Մայա Սարիբեկովան


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (3)
1. Manukyan Lusine22:43 - 11 հոկտեմբերի, 2016
Մեր երաժշտական դպրոցները գտնվում են ուղղակի ողբալի վիճակում: Արդեն քանի տարի է ինչ ուսուցիչները ամեն ուսումնական տարվա վերջում գրում են աշխատանքից ազատվելու դիմում ,իսկ սեպտեմբերին նորից աշխատանքի են ընդունվում:Պատճառը մեկն է պետությունը չունի միջոցներ երաժշտական դպրոցների մանկավարժներին արձակուրդային վճարելու համար և գտել են ըստ իրենց շատ արդյունավետ ձև ազատել նրանց աշխատանքից երեք ամսով և սեպտոմբերին նորից աշխատանքի ընդունել:
2. Լիլիթ Նավասարդյան22:08 - 12 հոկտեմբերի, 2016
Ախր էդ դպրոցում սատկում ա ամեն ինչ : Սենց անձնուրաց աշխատողներին պետք ա առանձին խրախուսել ,աջակցել...Էսպեսինները արդեն շատ քիչ են բոլոր բնագավառներում: Անձամբ իմ աղջիկը Մայա Արամովնաի դասարանում երկու անգամ ա միջազգային մրցույթում մրցանակ ստացել :Առաջին անգամ վիրտուոզ կատարման համար ,երկրորդ անգամ երրորդ մրցանակ : Իմ մեծ աղջիկը հանդիսատեսի համակրանք մրցանակին ա արժանացել... Առանց ամաչելու էլ սուտ են խոսում !
3. Նարինե23:42 - 12 հոկտեմբերի, 2016
Այդ դպրոցն անվճար էր։ Ձեր տնօրինության ժամանակ դա վճարովի դարձավ։ Լավագույն երիտասարդ մասնագետներին էլ հեռացրիք, հիմա հրճվում եք։ Ո՞վ չգիտի այդ դպրոցի կոռուպցիոն պատմությունների ու յուրայիններով լցնելու մասին։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված