ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Պտղատու այգիները հատվել են ջերմոցներ կառուցելու համար. 4 տարի անց դրանք կառուցված չեն


«Խիղճ ունեցող մարդու համար սահմռկեցուցիչ պատկեր ա, պատկերացրեք՝ ծառերի, այգիների գերեզմանոց է»,-ասում է «Նորագավիթ» հայրենակցական միության նախագահ Աշոտ Եղիազարյանը, ում հետ եղանք Նորագավիթի գերազմանոցին հարող նախկին այգիների տարածքում:

«Հետքի» տեսախցիկը ֆիքսեց ամայի հողերի պատկերները, որտեղ հատված ծառերի բներն են միայն երևում, իսկ շուրջը շինաղբով է լցված:

Աշոտ Եղիազարյանը մեկն է ավելի քան 400 հողօգտագործողներից, ովքեր շուրջ 20 տարի մշակել են տեղի այգիները, բերք ու բարիք ստացել: Ասում է, որ հիշում է իր այգու տեղը, բայց սրտի ցավով է ամեն անգամ նայում կտրված ծառերի բներին:  

Քանի որ Նորագավթի այս հատվածը շրջապատված է եղել քիմիական ձեռնարկություններով, դեռ սովետական իշխանության ժամանակ կանաչ գոտի է ստեղծվել: Իսկ 1990-ականներին նախկին կոլտնտեսության հողերը՝ շուրջ 72 հեկտար, վարձակալությամբ տրվել են Նորագավթի բնակիչներին: Նրանք էլ 20-25 հազար պտղատու ծառեր են տնկել:

«Բուֆերային գոտու պես մի բան էր, պատահական չէ, որ նմանատիպ այգիները Երևանի թոքեր էին կոչվում, իսկ հիմա գնում ենք դեպի անապատացում»,-«Հետքին» պատմում է Աշոտ Եղիազարյանը:

Հողօգտագործողներն այգիները մշակել են մինչև 2012 թվականը: Այդ տարի այգիների տարածքը օտարվել է: «Մեզ տեղեկացրեցին, որ ջերմատներ պիտի կառուցեն, հողօգտագործողներին էլ ասացին՝ աշխատատեղեր կբացվեն ջերմոցներում, կաշխատեն: Բայց արդեն 4 տարուց ավելի է անցել՝ ո՛չ ջերմոցը կա, ո՛չ էլ գաղափար ունենք, թե առաջիկայում ինչ է կառուցվելու»,-պատմեց Աշոտ Եղիազարյանը:

«Եթե ուշանում է ծրագրի իրականացումը, հնարավոր չէ՞ ծառատունկ կազմակերպել»,-առաջարկում է «Նորագավիթ» հայրենակցական միության նախագահը:    

Պապուպապերով Նորագավիթում ապրած Եղիազարյանների ընտանիքը և անձամբ Աշոտ Եղիազարյանը, ով նաև քաղաքային խորհրդի պատգամավոր է եղել, դիմել է ոլորտի պատասխանատուներին, սակայն չի ստացել պատասխան, թե երբ են կառուցվելու ջերմոցները:

«Հետքը» դիմեց Երևանի քաղաքապետարան հարցմամբ, թե ինչն է հիմք հանդիսացել նախկին այգիների տարածքը հողօգտագործողներից վերցնելու համար, ում են պատկանում այդ հողերն այսօր, կա արդյոք հայտարարված աճուրդ, եթե ջերմատներ կառուցելու ծրագիր կա, ապա ի՞նչն է պատճառը, որ 4 տարի այն կյանքի չի կոչվում և եթե ծրագրի իրականացումն ուշանում է, ապա ինչու ծառատունկ չի նախաձեռնում քաղաքապետարանը:

Քաղաքապետարանից մեզ պատասխանեցին, որ Կառավարության 2012 թ.-ի ապրիլի 5-ի հ. 380-Ն որոշման կատարումից բխող Երևանի Նորագավիթ թաղամասին հարող հողամասում ջերմոցների կառուցման և զարգացման ներդրումային ծրագրերի իրագործման համար Երևանի քաղաքապետի 10.04.2012 թ.-ի համար 295-Ա կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով: Կազմվել է հատակագիծ: Քաղաքապետի որոշման նախագծերը նախապատրաստվել են «Երևանի կառուցապատման ԾԻԳ-ի» կողմից:

Մենք եղանք «Երևանի կառուցապատման ԾԻԳ-ում», որտեղ կազմակերպչական բաժնի պետ Տիգրան Երանյանը նշեց, որ Երևանի քաղաքապետի համար 295-Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը զբաղվել է ավելի քան 400 հողօգտագործողներին աջակցության տրամադրմամբ: Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 1 մլրդ դրամ: «Ցանքատարածություններ ունեցողներին տրամադրվել է 800 դրամ 1 քմ-ի համար, իսկ պտղատու այգիներ ունեցողներին՝ 1500 դրամ: Դրանք ոչ թե փոխհատուցման գումարներ էին, այլ տրվում էին որպես աջակցություն»,-ասաց Տիգրան Երանյանը՝ ցույց տալով յուրաքանչյուր հողօգտագործողի համար կազմված նկարագիրը:

Այնուամենայնիվ, քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի 3-րդ արձանագրության մեջ նշված է, որ դրանք փոխհատուցման գումարներ են:

Տիգրան Երանյանը նշեց, որ հողօգտագործողներից շատերի հողերի վարձակալության պայմանագրերը երկար տարիներ թարմացված չեն եղել, հաճախ, առհասարակ, բացակայել են: Աջակցություններն էլ տրվել են թաղապետարանից տրված տեղեկանքների հիման վրա: Ըստ քաղաքապետարանի պաշտոնյայի, այսքանով իրենց գործառույթն ավարտվել է: Իսկ, թե ով է ջերմատների կառուցման պատասխանատուն կամ ինչու է ծրագրի իրագործումը 4 տարի ուշացել, Երևանի քաղաքապետարանում տեղեկացված չէին:    

Պտղատու այգիներից մեկը մինչև հատվելը

Ո՞ր կառույցն է պատասխանատու ջերմատների կառուցման համար

Պարզվում է՝ դեռևս 4 տարի առաջ Կառավարությունը որոշում է ընդունել համաձայնություն տալ Նորագավթի գերեզմանոցին հարող տարածքում ջերմատներ կառուցելու ծրագրին: Ըստ Կառավարության 2012-ի մայիսի 3-ի N 633-Ա որոշման Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ջերմատների կառուցման և զարգացման ներդրումային ծրագրի պատասխանատուն «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ն է, որը հիմնվել է 2011 -ին: Ընկերության կայքում, սակայն, ծրագրեր բաժնում, որևէ խոսք չկա ջերմատների կառուցման մասին:

«Հետքը» զանգահարեց «Հայկական բերքի առաջմղման կենտրոն»: Հարցի մասին տեղեկանալուց հետո մեզ պատասխանեցին, որ զբաղվածության պատճառով տնօրեն Ալեքսան Առաքելյանը չի կարող խոսել ու խնդրեցին զանգահարել առավոտյան: Սակայն առավոտյան գրասենյակում որևէ մեկը չպատասխանեց:

Դեռևս 2012-ին, հիմք ընդունելով «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ ներկայացրած նշված ներդրումային ծրագիրը, կառավարությունը համաձայնություն էր տվել Երևանի քաղաքապետի՝ Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ժամանակակից տեխնոլոգիայով ջերմատների կառուցման նպատակով Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող ընդհանուր 69.83 հա հողամասի առանձին հողակտորների ուղղակի վաճառքի ձևով օտարման առաջարկությանը։ Ավելին՝ սահմանվել էր, որ ներդրումային ծրագրի պատասխանատուն և կառավարիչն է «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ն, որը կարող է ներդրողներ ընտրել մինչև 2014 թ. դեկտեմբերի 1-ը։ Ըստ ծրագրի՝ 3 տարվա ընթացքում նախատեսվում էր կատարել շուրջ 35-40 մլրդ դրամի ներդրում, ստեղծել 1500-2000 աշխատատեղ։

Անգամ ծրագրի կատարման համար Երևանի ավագանու 2012-ի դեկտեմբերի 25-ի 552-Ն որոշմամբ փոխվել է Նորագավթի հիշյալ հողերի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսականից դառնալով արդյունաբերական:

Ծրագրին հավանություն տալով դեռ 4 տարի առաջ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանն ասել էր. «Սա որակապես նոր ծրագիր է՝ նոր մոտեցումներով և ֆինանսական մեխանիզմներով: Պետություն-մասնավոր համագործակցությամբ մենք ստեղծում ենք հնարավորություն, որպեսզի տարբեր մասնավոր ընկերություններ ներդրում կատարեն և մասնակցեն ՀՀ ջերմոցային տնտեսության զարգացմանը։ Կան միջազգային գործընկերներ, որոնք Հայաստան են բերելու եվրոպական լավագույն փորձը»։

Նախկին վարչապետի այս ոգևորությունից, աշխատատեղեր բացելու ու ջերմատներ կառուցելու ծրագրին համաձայնություն տալու օրվանից անցել է ավելի քան 4 տարի, սակայն Նորագավթի գերեզմանոցին հարող տարածքն ամայի է. թերևս, գերեզմանոցի կողքին ևս մեկ գերեզմանոց կա՝ ծառերինը ու մեկ էլ՝ շինարարական աղբ: 


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։