Կիրակի, 20 հոկտեմբերի

«Բեկոն Պրոդուկտ»-ն իր գործարար համբավն արատավորելու միտում է տեսնում․ «Հետք»-ի պարզաբանումը



Վերջերս «Հետք»-ը նրբերշիկների մասին հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացվել էին լաբորատոր փորձաքննության արդյունքները․ փորձաքննության ենթարկված փաթեթավորված նրբերշիկի 7 նմուշներից և ոչ մեկը չէր համապատասխանել սահմանված նորմերին․ դրանց մեջ եղել է մարդու առողջության համար վտանգավոր մանրէների (ՄԱՖԱՄ) անթույլատրելի քանակ։ Նմուշներից մեկում նաև հայտնաբերվել է աղիքային ցուպիկ (ԱՑԽՄ)։ Դա եղել է վեցերորդ համարի նմուշը՝ «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ի «Համով» նրբերշիկը։ Այն եղել է ներկայացաված նմուշներից ամենավտանգավորը, քանի որ բացի աղիքային ցուպիկից՝ դրա մեջ ՄԱՖԱՄ քանակը նորման գերազանցել է 800 անգամ։

«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ն դիմել է «Հետք»-ի խմբագրություն՝ նշելով, որ իրենք վերջերս «Համով» նրբերշիկները փորձաքննության են ենթարկել և ոչ մի շեղում չեն հայտնաբերել․ ՄԱՖԱՄ քանակը նորմայի մեջ է, աղիքային ցուպիկն էլ բացակայում է (տես` լուսանկարը)։

Իբրև ապացույց՝ «Բեկոն Պրոդուկտ»-ը ուղարկել է 2016թ․ սեպտեմբերի 12-ին «Ակադեմիկոս Ս․Ավդալյանի անվան առողջապահական ինստիտուտի» կատարած լաբորատոր փորձաքննության արդյունքները, որտեղ  նշված է, որ «Համով» նրբերշիկում նորմայից շեղումներ չեն հայտնաբերվել։

Փորձաքննության արձանագրության մեջ նշված է, որ այն իրականացվել է՝ ըստ ՄՄ ՏԿ 021/2011 նորմատիվ փաստաթղթերի, սակայն նրբերշիկում 2 ցուցանիշ ստուգվել է այլ՝ ՄՄ ՏԿ 034/2013 նորմերով։ Եզրակացությունը տրվել է միայն ՄՄ ՏԿ 021/2011 նորմերին համապաստասխանելու մասով։ «ԳՈՍՏ 30518-97»-ը, որով ստուգվել է ԱՑԽՄ-ն (աղիքային ցուպիկը), ներկայումս ուժը կորցրած է: Սալմոնելան ստուգելու համար ԳՈՍՏ չկա: Կլոստրիդիի ԳՈՍՏ-ը փոփոխված է, իսկ S.aureus ԳՈՍՏ-ն այժմ ուժը կորցրած է:

Արձանագրության մեջ նշված չէ, թե նրբերշիկի կոնկրետ ո՞ր խմբաքանակն է ենթարկվել փորձաքննության, և հստակ չէ՝ արդյոք դա «Հետք»-ի նույն՝ լաբորատորիա ներկայացված նրբերշիկի խմբաքանակից է, թե ոչ (ըստ այդմ՝ ցուցանիշը տարբեր է եղել)։

Քանի որ «Հետք»-ի հրապարակած հոդվածում «Բեկոն Պրոդուկտ»-ն իր գործարար համբավն արատավորելու միտում է տեսնում, հարկ ենք համարում հրապարակել մեր պարզաբանումը ընկերության 3 նկատառումների վերաբերյալ։
(Ստորև կցում ենք  նաև «Բեկոն Պրոդուկտ»-ի ՝ «Հետք»-ին ուղղված նամակը)։

 

Պարզաբանում ենք`

1․ Լաբորատորիա ներկայացված «Համով» նրբերշիկի փաթեթները, ինչպես և նշվել է հոդվածում և երևում է տեսանյութում, եղել են ամբողջական, անվնաս, սննդամթերքը եղել է ժամկետի մեջ (21.07.16 մինչև 19․10․16) և սառեցված։

2․ Նրբերշիկի բոլոր նմուշները ձեռքբերման պահին եղել են վաճառակետի սառնարանում (թե ինչ ջերմաստիճան է եղել այնտեղ, խնդրում ենք ճշտել իրացման կետի պատասխանատուներից)։ Մինչ լաբորատորիա հանձնելը` մոտ 1-1,5 ժամ բոլոր նմուշները պահվել են սառնարանում՝ արտադրողի կողմից նշված ջերմային պայմաններում (-18օ C)։

3․Փաթեթավորված «Համով» նրբերշիկները ձեռք են բերվել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից («Փակ շուկա», Մ․Մաշտոցի պողոտա 5)։

Եթե ջերմային պայմանների ոչ ճիշտ պահպանումը (ինչը մեր խմբագրության կողմից չի խախտվել), կարող է ՄԱՖԱՄ առաջացման պատճառ դառնալ, ապա ԱՑԽՄ-ն՝ աղիքային ցուպիկը, ջերմային պայմանների տատանման հետ կապ չունի․ այն սննդամթերքի արտադրամասում սանիտարահիգիենիկ նորմերի խախտման հետևանք է։ 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված