ՈՒրբաթ, 19 հուլիսի

Դատարանը վճիռ է կայացրել առանց պատասխանող կողմի



Երեւանի Էրեբունի համայնքի Աթոյան անցուղու 6 շենքերի (17, 3, 5, 9, 7, 13) մի խումբ բնակիչներ հուլիսի 26-ին փոստով ստացված նամակից տեղեկացան, որ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանն իրենց դեմ վճիռ է կայացրել` որոշելով «բնակիչներ Համլետ Հակոբյանից, Գեւորգ Ասատրյանից, Լյուդվիգ Դավթյանից, Ալբերտ Պետրոսյանից եւ Նելլի Հովակիմյանից հօգուտ «Արեշ» համատիրության բռնագանձել համապատասխանաբար 48.147, 53.586, 79.609, 66.489 եւ 57.040 դրամ»:

Նշված գումարները, ըստ հայցվոր «Արեշ» համատիրության, 1998-ից ի վեր բնակիչների` համատիրությանն ունեցած պարտքերն են, որ գոյացել են բազմաբնակարան շենքերի սպասարկման ծառայության վարձերից: Դիմելով դատարան` «Արեշ» համատիրությունը խնդրել է նշված բնակիչներին «պարտավորեցնել կատարել համատիրության նկատմամբ ունեցած դրամական պարտավորությունները, որոնք վերջիններս տարբեր պատճառաբանություններով խուսափում են կատարել»:

2003թ. հուլիսի 10-ին նշանակված դատական նիստին բացի հայցվոր «Արեշ» համատիրության կառավարիչ Հրաչ Նիկողոսյանից եւ նրա շահերը ներկայացնող Ինգա Հակոբյանից դատարան էին ներկայացել միայն պատասխանող Գեւորգ Ասատրյանի կինը` Ելենա Ասատրյանը, եւ Աթոյան անցուղի 17 շենքի բնակիչ Վարդան Հախյանը, որի դեմ եւս համատիրությունը նախապես հայց էր ներկայացրել:

Ըստ վճռի, դատարանը վերջինիս նկատմամբ գործի վարույթը կարճել էր քաղ. գործը դեռեւս դատաքննության չնշանակված, հայցվոր «Արեշ» համատիրությունը միջնորդություն է ներկայացրել դատարան, պատասխանող Վարդան Հախյանի մասով հայցից հրաժարվել եւ խնդրել է նրա մասով վարույթը կարճել»: Առանց պարզելու մնացած 4 պատասխանողների դատարան չներկայանալու պատճառը` դատավոր Հ. Մարգարյանը սկսել է դատական նիստը:

«Ես ներկայացա եւ ասացի, որ Գեւորգ Ասատրյանի կինն եմ եւ որ ամուսինս աշխատանքի լինելու պատճառով չի կարող գալ դատարան: Նիստի քարտուղար Ա. Կարապետյանն ասաց. ՙՈչինչ, որ ամուսինը չկա, կգրենք կինն է ներկայացել: Ապա դատավորն ասաց, որ պետք է կանչել համատիրության նախագահին, եկան կառավարիչը եւ ինժեները: Հետո սկսեց խոսել մեր հարեւան Վարդան Հախյանը, որը, դիմելով կառավարչին, խնդրեց ապացուցել, որ մենք համատիրության անդամ ենք եւ մասնակցել ենք համատիրության ժողովներին: Քանի որ կառավարիչը չկարողացավ ապացույցներ ներկայացնել, դատավորն ասաց` գնացեք համատիրություն, պարզաբանեք այդ ամենը եւ 14.30 վերադարձեք` դատական նիստը շարունակելու: Եկանք համատիրություն, բայց կառավարիչը մինչեւ 14.30 չեկավ: Այդ ժամանակ Վարդանը ասաց` դուք մի եկեք, էսօր բան չի լինի, գնամ դատավորին ասեմ, որ կառավարիչը չեկավ: Վարդանը վերադառնում է, տեսնում է կառավարիչը դատավորի մոտ է, որոշ փաստաթղթեր են դրված սեղանին: Վարդանին ասում են` գնա, մենք կկանչենք: Հետո, առանց մեզ կանչելու, վճիռ են կայացնում»,-պատմում է Ելենա Ասատրյանը: Հուլիսի 10-ին կայացրած վճռով դատարանը «Արեշ» համատիրության հայցը բավարարել է մասնակի. «Պատասխանողներ Համլետ Հակոբյանից, Գեւորգ Ասատրյանից, Լյուդվիգ Դավթյանից, Ալբերտ Պետրոսյանից եւ Նելլի Հովակիմյանից հօգուտ «Արեշ» համատիրության բռնագանձել համապատասխանաբար 48.147, 53.586, 79.609, 66.489 եւ 57.040 դրամ որպես դրամական պարտավորության գումար, ինչպես նաեւ հայցվորի կողմից մուծված պետ տուրքի` յուրաքանչյուրի մասի գումարը: Պատասխանող Վարդան Հախյանի մասով գործի վարույթը կարճել` հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով»:

Վարդան Հախյանի մասով հայցից հրաժարվելու պատճառը պարզելու մասին մեր հարցին ի պատասխան, համատիրության կառավարիչ Հրաչ Նիկողոսյանը նախ ասաց, թե նա վճարել է պահանջվող գումարը, ապա, վճարման անդորրագիրը ներկայացնելու մեր պահանջից հետո, «խոստովանեց». թե վերջինս պարտավորվել է վճարել: Սակայն, պարտավորվածության մասին ոչ մի գրավոր փաստաթուղթ չներկայացրեց:

Վճռում, ելնելով հայցադիմումից, դատարանը նշել է, որ «Արեշ» համատիրության պահանջն օրինական եւ հիմնավոր է, բխում է «Համատիրության մասին» ՀՀ օրենքի 22, 24, 28, եւ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 9 եւ 10 հոդվածների պահանջներից:

«Համատիրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ համատիրության անդամներ են համարվում համատիրության պետական գրանցման պահից համատիրության փայի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձինք, իսկ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ համատիրության անդամները պարտավոր են օրենքով եւ համատիրության կանոնադրությամբ սահմանված կարգով կատարել պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարներ: Համատիրությանն անդամակցելը կամավոր է, բազմաբնակարան շենքի, շինության ցանկացած սեփականտեր կարող է դառնալ համատիրության անդամ` դրա մասին դիմումի տրման եւ համատիրության գրանցամատյանում գրանցման օրվանից (հոդված 25): Աթոյան անցուղու նշված շենքերի բնակիչները համատիրության անդամ չեն հանդիսանում «Համատիրությունը ստեղծվել է 98թ., բայց մենք չենք իմացել: Երբեւէ անդամակցության դիմում չենք ներկայացրել, համատիրության ժողովներին չենք հրավիրվել: Էս մի տարի է, սկսել են վարձերը պահանջել, նոր իմացել ենք, որ համատիրություն կա»,- ասում է 3-րդ շենքի բնակիչ Գեւորգ Ասատրյանը` անօրինական համարելով իրենցից դատական կարգով գումարի գանձումը:

Համատիրության կառավարիչ Հրաչ Նիկողոսյանը չառարկեց, որ գործով անցնող բնակիչները համատիրության անդամ չեն հանդիսանում: Խուսափելով մեզ ցույց տալ համատիրության գրանցամատյանը` նա ասաց. «Եթե ասում են, որ անդամ չեն, ուրեմն անդամ չեն: Բայց դա նրանց չի ազատում պարտադիր վճարում կատարելուց»:

Հետեւաբար, կասկածելի է այն հիմքերից մեկը, որով դատարանը բավարարել է համատիրության հայցը. «Արեշ» համատիրության պահանջն օրինական եւ հիմնավոր է, բխում է «Համատիրության մասին» ՀՀ օրենքի 22, 24, 28 հոդվածների պահանջներից»: Կառավարչի համոզմունքը, հավանաբար, բխում է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջներից: Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` «Ընդհանուր բաժնային սեփականության յուրաքանչյուր սեփականատեր պարտավոր է իր բաժնին համաչափորեն մասնակցել պարտադիր նորմերի պահանջների կատարմանն ուղղված ծախսերին, հարկերին, տուրքերին եւ մյուս վճարներին, ինչպես նաեւ գույքի պահպանման եւ շահագործման այլ ծախսերին: Սեփականատիրոջ կողմից իրեն պատկանող շինության չօգտագործման կամ ընդհանուր բաժնային սեփականությունից օգտվելուց հրաժարվելը հիմք չի հանդիսանում պարտադիր նորմերի իրականացման համար սահմանված ծախսերին նրա մասնակցելուց լրիվ կամ մասնակիորեն ազատվելու համար»:

Այսինքն` շենքերի սեփականատերերը պետք է վճարումներ կատարեն համատիրությանը, որպեսզի վերջինս իրականացնի պարտադիր նորմերի պահանջները: Պարտադիր նորմերի մեջ ներառվում են հակահրդեհային, սանիտարական, քաղաքաշինական, կոմունալ սպասարկման եւ այլ միջոցառումները: Աթոյան անցուղու բնակիչները պնդում են, թե «Արեշ» համատիրությունը իրենց շենքրի սպասարկում, իրականում, չի իրականացնում:

«Մեր շենքում երբեք ոչինչ չի վերանորոգվել: Շենքի նկուղ լցված ջուրը մեր սեփական միջոցներով ենք սարքել, խողովակ էր պայթել, գումար հավաքեցինք, եկան սարքեցին, մենք պատրաստ ենք երբ ինչ-որ բան պատահի, գան գործ անեն, վճարենք: Կողքի մուտքի տանիքը կաթում է, բնակիչներից մեկը դիմել է համատիրությանը, թե` ես մուծում անում եմ, եկեք սարքեք, ասել են` քո տված 3000-ով մի հատ շիֆեր կառնենք»,-պատմում է Գեւորգ Ասատրյանը:

Ըստ Պետրոսյան Ավետիքի`(Աթոյան 7) «33 տարի է, կոմունալ ծախսերը մենք ենք հոգում, ջուրը տռուբայից գնում է, բայց մենք ենք փող հավաքում, սարքում»: «Տանիքը կաթում է, դիմել ենք համատիրություն, բայց ասում են` երբ բոլորը մուծեն, կնորոգենք»,- բողոքում է Աթոյան 5-ի բնակչուհի Մարետա Ալեքսանյանը:

«Արեշ» համատիրության կառավարիչը ոչ մեզ, ոչ էլ դատարանին չի ներկայացրել գրավոր ապացույցներ, թե շենքերի սպասարկման համար կատարած ինչ ծախսերի համար է պահանջում Աթոյան անցուղու տվյալ բնակիչներից գանձել նշված գումարները:

Ինչը, սակայն, չի խոչընդոտել դատարանին բավարարել նրա հայցը: Աթոյան անցուղու նշված շենքերի բնակիչները համաձայն չեն դատարանի վճռի հետ: «Ես ուզում եմ բողոքարկել դատարանի վճիռը, որտեղ նշված է, թե պատասխանող Գեւորգ Ասատրյանը հայցն ընդունեց եւ հայտնեց, որ ինքն, իրոք, հայցվորի նկատմամբ դրամական պարտավորություն ունի եւ չվճարելը կապված է ֆինանսական միջոցների բացակայության հետ,-վրդովված հայտնում է Գեւորգ Ասատրյանը: Ես ընդհանրապես նիստին չեմ մասնակցել, ինչպե՞ս կարող էի խոստանալ առաջին հնարավորության դեպքում այդ գումարը վճարել: Իմ փոխարեն կինս է ներկայացել, որը բացի ներկայանալուց ոչինչ չի հասցրել ասել, որովհետեւ դատավորը նիստը ընդհատել է, ապա գաղտնի կերպով վճիռ կայացրել»:

Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի կայացրած այս վճիռը բնակիչները կարող էին բողոքարկել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` հրապարակման պահից 15-օրյա ժամկետում: Ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 138 հոդվածի` վճիռը կայացնելուց անմիջապես հետո նախագահողը դատական նիստում հրապարակում է վճռի եզրափակիչ մասը եւ հայտարարում, թե գործին մասնակցող անձինք երբ կարող են ծանոթանալ վճռի բնագրին:

Իսկ նույն օրենսգրքի 139 հոդվածի համաձայն` դատարանի վճիռը, այն կազմելուց անմիջապես հետո, պետք է պատշաճ ձեւով ուղարկվեր գործին մասնակցող անձանց: Ընդ որում` վճռի բնագրի կազմելը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան երեք օրով: Մինչդեռ հուլիսի 10-ին կայացած դատական նիստի վճռի հրապարակման պահին Աթոյան անցուղու բնակիչները ոչ միայն դատարանում չեն եղել, այլեւ այն փոստով ստացել են միայն հուլիսի 26-ին, երբ արդեն բաց թողնված է համարվում Վերաքննիչ դատարան բողոքարկելու ժամկետը:

Երեւանի թիվ 75 փոստատան աշխատակցի հավաստմամբ` հուլիսի 25-ին Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի ուղարկած նամակը ստացվել է երկաթուղամեձ փոստատանը, հաջորդ օրը` հուլիսի 26-ին, հասել է թիվ 75 փոստատուն, որտեղ էլ կնիքը դրվել է եւ նույն օրը ուղարկվել Աթոյան անցուղու նշված շենքերի բնակիչներին: Փաստորեն, առաջին ատյանի դատարանի կողմից ոչ ժամանակին տեղեկացվելու հետեւանքով 5 քաղաքացի զրկվել է վերաքննիչ դատարան դիմելու, հետեւաբար, դատական պաշտպանության` իրենց սահմանադրական իրավունքից: Այն վերականգնելու համար հարկ է, որ Վերաքննիչ դատարանը հարգելի համարի վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված