ՈՒրբաթ, 18 հոկտեմբերի

Նրբերշիկներ՝ աղիքային ցուպիկով և նորմայից 800 անգամ ավելի մանրէներով․ լաբորատոր փորձաքննության արդյունքները


Նրբերշիկը հանրային սննդի մեջ լայն սպառում ունեցող արտադրանք է։ Գնային առումով՝ բավականին մատչելի։ Սննդի մեջ այն օգտագործվում  է  ինչպես եփված, այնպես էլ՝ հում վիճակում։

«Հետք»-ը փորձաքննության է ներկայացրել  փաթեթավորված նրբերշիկի 7 նմուշ՝ հավի և տավարի, և պարզել, որ դրանցից և ոչ մեկը չի համապատասխանում սահմանված նորմերին։ Դրանք պարունակում են աղիքային ցուպիկ և մանրէների անթույլատրելի քանակ,  որոնք կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար :

 

Նրբերշիկարտադրողն է որոշում իր չափանիշները

Խորհրդային տարիներին բոլոր փաթեթավորված նրբերշիկները արտադրվում էին  ԳՕՍՏ-ով։ Այժմ գործում են ԳՕՍՏ Ռ 52196-2011Եփած երշիկեղենՏեխնիկական պայմաններ») ստանդարտները։ Այնտեղ սահմանված է, թե արտադրողը նրբերշիկ պատրաստելիս ինչ չափաբաժիններով միս և այլ բաղադրատարրեր կարող է օգտագործել:

ԳՕՍՏ-ով նրբերշիկները լինում են Ա (միսը՝ ավելի քան 80%) և Բ (միսը` 60-80%) կարգի: Միսը պետք է լինի՝ տավարի, խոզի, գառան և գոմեշի:

ԳՕՍՏ-ը չի թուլյատրում օգտագործել բուսական ոչ մի բաղադրատարր, սոյա և այլն: Նրբերշիկում աղի,սպիտակուցի և ճարպի քանակը ևս կարգավորվում է, սահմանափակվում դրանում օսլայի քանակը:

Թույլատրվում է օգտագործել սննդային հավելում ՝ նատրիումի նիտրիտ (E250)՝ որպես գույնի ֆիքսող և մսային արտադրանքի անբաժան բաղադրիչ:

Սակայն ԳՕՍՏ-ը պարտադիր չէ, և արտադրողն ինքն է որոշում՝ առաջնորդվի ԳՕՍՏ-ո՞վ, թե՞  սեփական Տեխնիկական պայմաններով (ՏՊ), որտեղ արդեն կարող է սահմանել ցանկացած  պահանջ ապրանքի որակի և բաղադրության համար (օրինակ՝ ավելացնել շաքար, ֆոսֆատ, զանազան բարելավիչներ, սննդային հավելումներ և այլն):

Ամեն դեպքում, անկախ  նրբերշիկների պատրաստման եղանակից՝ դրանք պետք է լինեն անվտանգ:

«Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիայում մեր կատարած փորձաքննությունը ցույց տվեց, որ 7 տարբեր ստանդարտներով պատրաստված նրբերշիկներից և ոչ մեկը պիտանի չէ սննդում օգտագործելու համար:

Փորձաքննության համար ընտրվել են լայն սպառում ունեցող, 445-600 դրամ  արժեքով, փաթեթավորված նրբերշիկներ՝ ինչպես տեղական արտադրության, այնպես էլ՝ ներկրված։

Նախքան փորձաքննության ներկայացնելը, բոլոր նրբերշիկների պիտակները փակվել, համարակալվել են, լաբորատորիա են հանձնվել zip փակվող տոպրակներով։
Բոլոր նրբերշիկները եղել են ժամկետի մեջ, փաթեթը վնասված չի եղել։

 

ՆՄՈՒՇ N 1

Համար 1 նմուշի տակ փորձաքննության է ներկայացվել է «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի «Կաթնային» նրբերշիկը։ Փաթեթի վրա արտադրողը նշում է, որ նրբերշիկն արտադրված է ՀՍՏ (հայկական ստանդարտ) A-01 ստանդարտով:

Մակնշման մեջ արտադրողը որպես հիմնական բաղադրիչներ ներկայացրոլ է՝ «հավի միս, խոզի միս, հավի ձու, կաթի փոշի, ալյուր, սոյայի սպիտակուց» և այլն։ Ինչպես նաև՝ սննդային 2 հավելում՝ E621, E635, պահպանման ժամկետը՝ 6 ամիս։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Կաթնային» նրբերշիկում ՄԱՖԱՄ քանակը (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) 15 անգամ գերազանցում է նորման (նորմա՝ 1x103 ԳԱՄ/գ)։
Բացի այդ, այս նմուշում մանրէների ընհանուր թվի որոշման ժամանակ հայտնաբերվել են նաև բորբոսասնկերի գաղութներ , ինչը ևս մեկ անգամ վկայում է սննդամթերքի պահպանման  ոչ պատշաճ պայմանների մասին:

Դա կարող է լինել ինչպես արտադրողի, մատակարարի, այնպես էլ՝ իրացնողի մեղքով:
Այն չի համապատասխանում ՄՄ ՏԿ 034/2013(«Մսի եվ մսային արտադրանքի անվտանգության մասին»), ՄՄ ՏԿ 021/2011Սննդային արտադրանքի անվտանգության մասին») նորմերով սահմանված պահանջներին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար:

ՆՄՈՒՇ  N 2

Երկրորդ համարի տակ լաբորատոր փորձաքննության է ներկայացվել կանադական «Ֆարմս» ՍՊԸ-ի հայտնի «MapleLodge» հավի նրբերշիկը։

Ըստ մակնշման՝ այն պարունակում է «մեխանիկորեն առանձնացված հավի միս, հավի մաշկ, ջուր, ցորենի ալյուր, մոդիֆիկացված ցորենի օսլա» և մի քանի հավելում (E 339,E262, E325, E316, E250), պահպանման ժանկետը՝ 1,5 տարի։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այստեղ ևս կա ՄԱՖԱՄ-ի քանակի ավելցուկ՝ 9, 5 անգամ։ Այստեղ, ինչպես նախորդ նմուշում, հայտնաբերվել են բորբոսասնկերի գաղութներ:
Այսինքն՝ այն ևս չի համապատասխանում ՄՄ ՏԿ 034/2013 ,ՄՄ ՏԿ 021/2011 պահանջներին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

ՆՄՈՒՇ N 3

Երրորդ համարի  տակ փորձաքննության է ներկայացվել «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի արտադրած «Моя семья» տավարի նրբերշիկը։

Փաթեթավորման պատճառով մակնշումը տեղ-տեղ դժվարընթեռնելի է, ջնջված։ Բաղադրության մեջ նշված է, որ նրբերշիկը պարունակում է «տավարի միս, հավի կրծքամիս, խոզաճարպ, սխտորի փոշի, ցորենի ալյուր, կերակրի աղ» և այլն։ Բացի այդ, նրբերշիկում կա 2 սննդային հավելում՝ E450 և E250։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Моя семья» տավարի  նրբերշիկը չի համապատասխանում սահմանված պահանջներին. դրա մեջ ՄԱՖԱՄ-ի թույլատրելի քանակը գերազանցում է 16 անգամ։

Ըստ այդմ՝ «Моя семья» տավարի  նրբերշիկը  ևս պիտանի չէ սննդակարգում օգտագործելու համար։

 

ՆՄՈՒՇ  N 4

Չորրորդը նույն՝ «Նատալի Ֆարմ»-ի արտադրած «Моя семья»հավի նրբերշիկն է։
Մակնշումը փաթեթավորման պատճառով նախորդի պես դժվարընթեռնելի է։ Ըստ դրա՝ նրբերշիկը պարունակում է «հավի կրծքամիս, հավի (բառը փաթեթավորման պատճառով ընթեռնելի չէ), բուսական և կենդանական սպիտակուց, օսլա, կերակրի աղ» և այլն։

Պարունակում է նաև  7 տեսակի սննդային հավելում՝ E450, E451, E621, E300, E316, E407 և E120:
Փորձաքննության  արդյունքում պարզվել է, որ «Моя семья» հավի նրբերշիկը ևս չի համապատասխանում  նորմերին․այնտեղ ՄԱՖԱՄ-ի քանակը նորման գերազանցում է 10 անգամ։

Այս նրբերշիկը ևս պիտանի չէ օգտագործման համար։

 

ՆՄՈՒՇ N 5

Թիվ 5 նմուշի տակ փորձաքննության են ներկայացվել «Բարի սամարացի»  ընկերության «Սերուցքային նրբերշիկներ»-ը։

Մակնշման մեջ գրված է, որ նրբերշիկի պատրաստման համար օգտագործվել է «հավի միս, խոզի յուղոտ միս, կերակրի աղ, համեմունքների խառնուրդ, ֆոսֆատների խառնուրդ»։ Նրբերշիկը պարունակում է նաև 4 տեսակի սննդային հավելում՝ E450, E451, E452և E250:

Փորձաքննությունը պարզել է, որ «Բարի սամարացի»  ընկերության «Սերուցքային նրբերշիկներ» -ի մեջ ՄԱՖԱՄ քանակը նորման գերազանցում է 50 անգամ։  Բացի այդ, այստեղ հայտնաբերվել են նաև բորբոսասնկերի գաղութներ:

Այն չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

ՆՄՈՒՇ  N 6

Ամենաշատ խախտումները հայտնաբերվել են վեցերորդ համարի նմուշում, որի տակ փորձաքննության էր ներկայացվել «Բեկոն պրոդուկտ» ՍՊԸ-ի «Համով» նրբերշիկը։

Ըստ մակնշման՝ այն պարունակում է․«Հավի միս, խոզաճարպ, օսլա, կենդանական սպիտակուց, կերարկրի աղ, համեմունքներ» և 10 սննդային հավելում՝ E250, E450, E401, E452, E451, E150c, E124և E100։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այս նրբերշիկում ՄԱՖԱՄ քանակը նորման գերազանցում է 800 անգամ։ Ավելին, «Համով» նրբերշիկում հայտնաբերվել է նաև աղիքային ցուպիկ (ԱՑԽՄ

«Բեկոն պրոդուկտ»-ի արտադրած այս նրբերշիկը վտանգավոր է առողջության համար և չի համապատասխանում սահմանված նորմերին։

ՆՄՈՒՇ  N 7

Յոթերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել ներկրված բրազիլական  «Կոմպանիա Մինուանո դե Ալիմենտոս» ընկերության «Royal» հավի նրբերշիկը։

Մակնշումն արված է փաթեթի կողային հատվածում, ինչն այն դժվարընթեռնելի է դարձնում։ Բացի այդ՝ հայերեն մակնշումը ոչ լիարժեք է, քանի որ բացակայում են արտադրողի կողմից ներկայացված մի շարք բաղադրիչներ։ Օրինակ՝ հայերեն մակնշման մեջ գրված է, որ նրբերշիկը պարունակում է «մշակված հավի միս, սպիտակուց, աղ, համեմունքներ, ֆոսֆատ, գլյուկոզա»։ Անգլերեն մակնշման մեջ նշված է Soy protein (սոյայի սպիտակուց), 10 սննդային հավելում՝  E, ինչպես նաև՝ հավի ճարպ (chicken fat) և օսլա (starch

Փորձաքննության ժանմանակ պարզվել է, որ «Royal» հավի նրբերշիկներում ՄԱՖԱՄ քանակը նորման գերազանցում է 1,2 անգամ։  Սա ևս նորմայի շեղում է։
Նմուշը չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ օգտագործման համար։

 

Ներկված նրբերշիկներն ավելի անվտանգ են

Այսպիսով, փորձաքննության արդյունքում պարզվեց, որ 7 նմուշից և ոչ մեկը չի համապատասխանում նրբերշիկի արտադրման համար սահմանված պահանջներին։
Դրանցից մի քանիսն ունեն դժվարընթեռնելի, թերի մակնշումներ, ինչը «Սննդամթերքի անվտանգության մասին»  օրենքի խախտում է։

Նշված բոլոր նրբերշիկները, բացի օգտագործման համար վտանգավոր լինելուց, նաև  համարվում են կեղծ, քանի որ բաղադրությունը չի համապատասխանում մակնշմանը։

Բոլոր 7 նմուշներում առկա էր ՄԱՖԱՄ-ի անթույլատրելի քանակ, որը գերազանցում էր սահմանված նորման 1,2- 800 անգամ, իսկ նմուշ N 6 –ը՝ «Բեկոն պրոդուկտ»-ի նրբերշիկը, կարելի է համարել ներկայացված 7 նմուշներից ամենավտանգավորը, քանի որ դրանում ՄԱՖԱՄ-ի քանակը 800 անգամ գերազանցում է նորման: Բացի այդ՝ դրա մեջ կար անթույլատրելի ԱՑԽՄ՝ աղքիային ցուպիկ։

N1, N2-ում, N5 նմուշներում հայտնաբերվել են մանրէների բորբոսային գաղութներ, ինչը վկայում է դրանց ոչ պատշաճ պահպանման պայմանների մասին:

Չնայած հայտնաբերված խախտումներին՝  ներկրված նրբերշիկներում (նմուշ 2, նմուշ 7) նորմայից շեղումներն ամենաքիչն էին. դրանց մեջ ՄԱՖԱՄ քանակը նորման գերազանցել է համապատասխանաբար՝ 9,5  և 1,2 անգամ, մինչդեռ տեղական արտադրանքում այն եղել է 10-800 անգամ:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանություններ (5)
1. Աննա01:31 - 21 սեպտեմբերի, 2016
Պատասխանատուները պետք է պատժվեն: Հարկավոր է համապատասխան մարդկանց դատի տալ, մինիմումը`
2. Արմեն10:55 - 21 սեպտեմբերի, 2016
Հարգելի Աննա, այս ամենը պետական վերահսկողության բացարձակ բացակայության հետևանք է
3. Արարատ16:09 - 21 սեպտեմբերի, 2016
Ինչքան ուզում ես դատի տուր, փողերը կմուծեն նորից կարտադրեն։Պարզապես ժողովուրդը պետքա կամքի ուժ ունենա նման աղբի փող չտա։
4. Զարմիկ20:28 - 21 սեպտեմբերի, 2016
Այսպիսի քանի՞ ինքնանպատակ բացահայտումների ենք ականատես եղել: Եթե որևէ միջոց չի ձեռնարկվելու, ուրեմն ինչի՞ համար է այս տագնապալի լուրը հայտնվում շարքային սպառողներին, պատասխանե՛ք, խնդրում եմ:
5. Աստղիկ20:36 - 21 սեպտեմբերի, 2016
Զարմիկ այս լուրը հատուկ Ձեզ համար է, որ այդ նրբերշիկները ավելի շատ օգտագործեք դուք դրա կարիքը երեում է շատ ունեք։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։