Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Կարո Եղնուկյան. «Հայաստանում արդար դատաքննություն իրականացնելը վտանգավոր է»



«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը կշարունակի մնալ ԱԱԾ մեկուսարանում՝ կալանքի տակ: Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Դավիթ Մելքոնյան) բավարարել է քննիչի միջնորդությունը կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու մասին:

Դատական նիստի ժամանակ Կարո Եղնուկյանը հայտարարել է, որ ուղղակի մի քանի օրենք վկայակոչելն արդարության հետ որևէ կապ չունի. «Ինքս իրավաբան եմ, հասկանում եմ՝ Հայաստանում արդար դատական ակտ կայացնելը շատ լուրջ վտանգներ է պարունակում դատավորի համար: Բայց հավատում եմ, որ ողջամտությունն ամեն դեպքում մի օր կհաղթի: Հասկանում եմ, որ ընկել են իմ հետևից, պատրաստ եմ հալածանքների: Բայց հավատում եմ, որ մի օր արդար դատ կլինի Հայաստանում»,-հայտարարել է Կարո Եղնուկյանը: Այս մասին մեզ փոխանցեց նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Փաստաբանի դիտարկմամբ, դատավորը նոր մարտավարություն էր որդեգրել. «Թույլ տվեց մենք մեր բոլոր իրավունքները իրացրեցինք, ինքն էլ բոլոր հարցերը բարձրացրեց, հասկացավ, որ որևէ նյութ ներկայացված չի: Այն տպավորությունն էր, որ դատավորը պիտի մերժի քննիչի միջնորդությունը, բայց վերջում անհասկանալի ձևով բավարարեց»,-«Հետքին» ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Ի դեպ, քննիչը մի քանի անգամ ասել է, որ դատարան որևէ նյութ չի ներկայացվել հիմնավոր կասկածի վերաբերյալ, քանի որ նախանքննական գաղտնիք կա, ինչը փաստաբանն անհեթեթ դիտարկեց: Դատարանում նաև պարզվել է, որ երկու ամիս որևէ քննություն չի իրականացվել Եղնուկյանի նկատմամբ:

Փաստաբանը նշեց, որ դիմելու են Վերաքննիչ դատարան, ապա, ներպետական ատյանները սպառելով, գործը տանելու են ՄԻ Եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ արդեն երկու ամիս կալանքի տակ գտնվող Կարո Եղնուկյանին մեղադրում են պատանդներին պահելուն օժանդակելու (38-218 հոդված) ու զավթած շենքները և շինությունները պահելուն օժանդակելու (38-219 հոդված) մեջ: Ըստ փաստաբան Տիգրան Հայրապետյանի, դատարանը դուրս է եկել մեղադրանքի ծավալից և այնպիսի գործողությունների համար է կալանք կիրառել, որոնք ընդհանրապես չեն մեղսագրվում Եղնուկյանին: «Դատարանը սա արել է, քանի որ այլ հանգամանք չի կարողացել հայտնաբերել: Դատարանը իրավունք չուներ նման ձևով հիմնավորել կալանքը: Կարո Եղնուկյանի կողմից նախաքննության խոչընդոտելու հանգամանքը և այլ հանցագործություն կատարելու հանգամանքը, որևէ նյութով չի հիմնավորել»,-նշված է պաշտպանի կազմած տեղեկանքի մեջ:

Երկքաղաքացի Կարո Եղնուկյանը 12 տարեկանից ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ, իրավաբան ու գործարար է, ԱՄՆ-ում շարունակել է ընտանեկան բիզնեսը: Հինգ երեխաների հայր է: 36 տարի ապրել է Ամերիկայում, ապա մշտական բնակություն հաստատել Հայաստանում:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված