Երեքշաբթի, 12 նոյեմբերի

Կալանքի ու ազատության քաղաքական հետքը



Երկքաղաքացի (ԱՄՆ և ՀՀ) Կարո Եղնուկյանի և ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի կալանքի որոշումները քննել է նույն դատավորը՝ Մնացական Մարտիրոսյանը: Սակայն կալանքը առաջին դեպքում կիրառվել է, երկրորդ դեպքում՝ ոչ:

Մասնագիտությամբ իրավաբան Կարո Եղնուկյանը, ով մոտ երկու ամիս անազատության մեջ է իր պաշտպան Տիգրան Հայրապետյանի միջոցով իր տարակուսանքն է հայտնել՝ իրեն կալանավորելու ու Միրոնովին չկալանավորելու վերաբերյալ: Երկու գործերը համեմատելով՝ նա ակնհայտ խտրական վերաբերմունք է տեսնում: Ավելին՝ հաշվի առնելով, որ Միրոնովին էլ ավելի ծանր արարք են մեղսագրում, խտրականությունն, ըստ Եղնուկյանի, էլ ավելի ցցուն է երևում:

Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը բերման էր ենթարկվել օգոստոսի 26-ին «Զվարթնոց» օդանավակայանից: 2016 թ. մայիսի 11-ից նա ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից գտնվում է հետախուզման մեջ: Մեղադրվում է զենքի արտահանման վերահսկման օրենքը խախտելու նախնական համաձայնություն, զենքի արտահանման վերահսկման մասին օրենքի խախտման փորձի, փողերի լվացման նախնական համաձայնություն և փողերի լվացում կատարելու մեջ:

Սակայն ՀՀ դատարանը դատախազության ներկայացրած կալանքի միջնորդությունը չբավարարեց, ինչը Միրոնովը գնահատեց որպես հայ-ռուսական բարեկամության նշան: Էլ չենք խոսում անազատութայն երեք օրերի հայկական ճող հյուրասիրության մասին:

Դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ լինելով ՌԴ քաղաքացի՝ Միրոնովը կարող է լքել հանրապետության տարածքը՝ ունենալով ՌԴ քաղաքացիության անձնագիր:  

Փոխարենը ԱՄՆ ու ՀՀ երկքաղաքացի Կարո Եղնուկյանը մոտ երկու ամիս գտնվում է անազատության մեջ: Կարո Եղնուկյանին մեղադրում են պատանդներին պահելուն օժանդակելու (38-218 հոդված) ու զավթած շենքները և շինությունները պահելուն օժանդակելու (38-219 հոդված) մեջ:

Ըստ փաստաբան Տիգրան Հայրապետյանի, դատարանը դուրս է եկել մեղադրանքի ծավալից և այնպիսի գործողությունների համար է կալանք կիրառել, որոնք ընդհանրապես չեն մեղսագրվում Եղնուկյանին: «Դատարանը սա արել է, քանի որ այլ հանգամանք չի կարողացել հայտնաբերել: Դատարանը իրավունք չուներ նման ձևով հիմնավորել կալանքը: Կարո Եղնուկյանի կողմից նախաքննության խոչընդոտելու հանգամանքը և այլ հանցագործություն կատարելու հանգամանքը, որևէ նյութով չի հիմնավորել»,-նշված է պաշտպանի կազմած տեղեկանքի մեջ:

Երկքաղաքացի Կարո Եղնուկյանը 12 տարեկանից ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ, իրավաբան ու գործարար է, ԱՄՆ-ում շարունակել է ընտանեկան բիզնեսը: Հինգ երեխաների հայր է: 36 տարի ապրել է Ամերիկայում, ապա մշտական բնակություն հաստատել Հայաստանում:

Իմ լուսաբանած նյութերից ևս մեկ դեպք հիշեցի, երբ իրավապահները ծայրաստիճան բարեհաճ վերաբերմունք էին ցուցաբերել ՌԴ քաղաքացու նկատմամբ: Խոսքը մահվան ելքով վթարի մասին է, որից հետո մեղադրյալը չէր կալանավորվել՝ լինելով ՌԴ քաղաքացի և հնարավորություն ունենալով մեկնելու Ռուսաստան: Ավելին՝ նա մեկ օր անգամ ճաղերի հետևում չէր անցկացրել: Իրավապահների բարեհաճությունը Արարատ Կաֆյանի նկատմամբ դրսևորվել է նրան 500.000 դրամի դիմաց գրավով ազատության մեջ թողնելով: Այն, որ մեղադրյալը այլ երկրի քաղաքացի է (նրա մոտ 50 օր շարունակ գտնվել է ՌԴ անձնագիրը), իրավապահ մարմնի մոտ կասկած չի առաջացրել, որ նա կարող է փախչել Ռուսաստան, խուսափել ու թաքնվել նախաքննությունից:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված