ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

«Քանի սիրտս աշխատում է, չեմ թողնի այս գործը փակվի»



Արարատի բնակչուհի Գայանե Հովհանյանը 3 տարի պայքարում է պարզելու հոր` 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի առեղծվածային մահվան հանգամանքները: Մինչ օրս նա համոզված է, որ հայրը ոչ թե ինքնասպան է եղել, կամ նրան հասցրել, դրդել կամ հակել են ինքնասպանության, այլ տեղի ունեցածը սպանություն է եղել:

«Ես ոչ թե կարծում եմ, այլ դեպքին նախորդող իրադարձությունները, իմ ականջի տեսածն ու լսածը ինձ հիմք են տալիս` համոզվելու կատարվածը սպանություն է: Իմ հայրը չէր կարող ինքնասպան լինել»,-ասում է Գայանեն:

Գայանեն կատարել է իր սեփական հետաքննությունը: Հատուկ հոր գործի իրական բացահայտման համար ընտրել իրավաբանի մասնագիտությունը: Այժմ երկրորդ կուրսի ուսանող է: Ասում է, որ իրենից լավ, թերևս, որևէ մեկը չի կարող սրտացավ մոտենալ խնդրին. «Միգուցե մեկը վրիպի մի կարևոր տեղ, իսկ ես չհասկանամ, թե որտեղ էր խնդիրը, դրա համար էլ ինքս որոշեցի իրավաբան դառնալ»,-շեշտում է Գայանեն:

«Հետքն» անդրադարձել է այս պատմությանը, հետևել գործի զարգացումներին: Հիշեցնենք, որ Գյանջիրով Հովհանյանի դին հայտնաբերվել էր 2013թ. հունիսի 26-ին Արարատից 3 կմ հեռու` բռնության հետքերով: Տուժող Հովհանյանները ականատես էին եղել ավագ Հովհանյանի անհետանալուն նախորդող դեպքերին, երբ քարի արտադրամասի (որտեղ որպես բանվոր աշխատում էր ընտանիքի հայրը) սեփականատիրոջ` Ասլան Ավետիսյանի որդիներ Նարեկ և Հովհաննես Ավետիսյանները ահաբեկել էին Գյանջիրով Հովհանյանին ու ողջ ընտանիքին՝ քարի արտադրամասից կատարված ենթադրյալ գողության համար: Սակայն Արարատի մարզի նախաքննական մարմինը, հանցակազմի բացակայության հիմքով կարճել էր քրեական վարույթը: Տուժողի իրավահաջորդ Գայանե Հովհանյանի ու նրա փաստաբան Գագիկ Մալխասյանի ջանքերով կարճման որոշումը բողոքարկվել էր դատական կարգով: Որոշումը վերացվել էր: Անցյալ տարի սկսվել էր նոր քննություն: Դարձյալ Գայանեի աշխատանքի շնորհիվ վարույթը դուրս էր բերվել Արարատի մարզից: Այն քննվում էր Երևանում` Քննչական կոմիտեում`ՀԿԳ ավագ քննիչ Ա.Մկրտչյանի վարույթում:

Սակայն Գայանե Հովհանյանը ՀԿԳ ավագ քննիչ Ա.Մկրտչյանից օրերս ստացել է երկու որոշում` քրեական հետապնդում չիրականացնելու և ինքնասպանության հասցնելու վարույթը կասեցնելու վերաբերյալ:

Տուժողի իրավահաջորդի բնորոշմամբ, որոշումներն անօրինական են. «3 տարի անց ունեմ ոչ մի բան: Էսօր էնպիսի որոշում են տալիս, կարծես` էդ մարդը ոչ ծնվել, ոչ էլ եկել է աշխարհ: Ամեն տեղ գրված է` հանցակազմի բացակայություն, բայց հանցակազմն առաջին օրվանից կա, ապացուցված է... հզորն անզորին կերել է: Եթե ես ազդեցիկ կապեր ունենայի, նման դեպք նախ չէր լինի, լինելու դեպքում էլ օբյեկտիվ գնահատականի կարժանանար»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Գայանե Հովհանյանը: 

Գայանե Հովհանյանը նշեց, որ շարունակելու է պայքարը: Բողոքարկելու է երկու որոշումները:

«Ես գիտեմ, ում դեմ եմ դուրս եկել, ուր եմ գնում, երբեմն զգում եմ` անզոր եմ փողով մարդկանց դեմ: Իշխանությունը ինձ չի լսում, չունեմ մեջք, չունեմ թիկունք, չունեմ փող, իմ հետևում չկան ազդեցիկ մարդիկ կանգնած, իսկ իրենք ունեն փող, իշխանություն, լավ մեջք, բայց շարունակելու եմ առաջ գնալ: Քանի սիրտս աշխատում է, չեմ թողնի այս գործը փակվի: Եթե կարճեն, տասը տարի էլ անցնի նոր երևան եկած հանգամանքներով կբացվի»,-եզրափակեց Գայանե Հովհանյանը, ով մշտապես պնդում է, որ իր հոր բարի հիշատակն է ուզում վերականգնել:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Վեհարի07:02 - 7 սեպտեմբերի, 2016
Երբ երկրում գործող օրենք չկա, քաղաքացին ստիպված օրենքներն է սերտում, բժշկություն չկա, ` ինքն իրեն բուժող բժիշկ է դառնում, սեփական բնակարանում շինարարի չկատարած աշխատանքն իր ձեռքով է անում և տասնամյակներ անց մի քանի տասնյակ մասնագիտություններով հարստացած, սակայն իրականում թալանչիներին հարստացրած և թալանված քաղաքացու է վերածվում: Իսկ թալանչիներն արդեն նրա տունն ու երկիրն են ուրիշներին վաճառում …
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված