Երեքշաբթի, 12 նոյեմբերի

Իրեղեն ապացույցը 13 ամիս անց է ուղարկվել փորձաքննության



«Հետքին» է դիմել Մասիսի շրջանի Ազատաշեն գյուղի բնակչուհի Կիմա Վարդանյանը, ում 23-ամյա որդին՝ Թովմասը, 3 տարի գտնվում է անազատության մեջ: Նրան մեղադրել են սպանության փորձ կատարելու մեջ, 12 տարի 10 ամիս ժամկետով դատապարտելով ազատազրկման:

Այժմ Թովմաս Վարդանյանը «Վանաձոր» ՔԿՀ-ում է: Տիկին Կիման բազմիցս դիմել է, որպեսզի որդուն տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց», սակայն պատասխանել են, որ դրա կարիքը չկա: «Իրեն դիետիկ սնունդ է պետք, ունի շաքարային դիաբետ, մեկ տարի առաջ է հիվանդացել, ունի աղիքային, աչքերի խնդիրներ: Պարտքով, վարկով եմ պերեդաչի հասցնում: Եթե մնար «Նուբարաշենում», գոնե մոտիկ կլիներ»:

Մայրը ներկայացրեց բոլոր փաստաթղթերը՝ նշելով, որ որդին հիվանդ է, ունի հիշողության կորուստ: Նախաքննության ընթացքում, «Նուբարաշենի» հոգեբուժարանում, տվել է ընդամենը մեկ ցուցմունք, որտեղ հիմնականում գրել է՝ ոչինչ չեմ հիշում: Թովմասը դատարանում հայտարարել է՝ քննիչն է իրեն ասել՝ ոնց ասում եմ գրի, դատավորը քեզ դատարանի դահլիճից կազատի:

«Հետքը» ծանոթացավ գործի նյութերին, որոնց համաձայն, 20-ը չբոլորած Թովմաս Վարդանյանը 2013 թվականի հունվարի 21-ին իր գործընկեր (երկուսն էլ աշխատելիս են եղել «Զվարթնոց» օդանավակայանի սրճարաններից մեկում) 1958 թվականին ծնված Գետափնյա գյուղի բնակչուհի Հայկանուշ Ներսիսյանին Արբաթ-Ազատաշեն գյուղերի ճանապարհի վրա, ժամը 22-ի մոտ փորձել է կյանքից զրկել՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ, սակայն իրենից անկախ հանգամանքներում սպանությունն ավարտին չի հասցրել: Քրեական գործի համաձայն, հանցանքի մոտիվը եղել է Հայկանուշ Ներսիսյանին 100.000 դրամ պարտք լինելը:

Թովմասի մայրը կարծում է, որ Հայկանուշ Ներսիսյանի վրա միգուցե այլ անձ կամ անձինք են հարձակվել, բայց նա, վախենալով ինչ-ինչ մարդկանցից, իր տղայի վրա է մատնացույց արել: Այդպես մտածելու համար Կիմա Վարդանյանին հիմք են տալիս փոքր որդու՝ Սևադայի խոսքերը: Երբ դեպքի օրը՝ հունվարի 21-ին, եղբայրը ուշացել է, Սևադան զանգահարել է Թովմասի հեռախոսահամարին, պատասխանել է մի կին, ասել է՝ եկեք մեզ փրկեք. «Մտածեցինք՝ Թումոն էլի վատացել ա, դե՛, ինքը ընկնում էր վատ վիճակի մեջ... Թովմասին ամուսինս ու փոքր տղաս գտնում են դաշտերում: Տուն են բերում գրկած, ձկան նման թպրտում էր, մի կետի էր հառած նայում, չէր խոսում»,-պատմեց Թովմաս Վարդանյանի մայրը: 

Այնուհետև Թովմաս Վարդանյանին տեղափոխել են հիվանդանոց, որտեղից էլ՝ «Նուբարաշենի» հոգեբուժարան: Մայրը դարձել է նրա օրինական ներկայացուցիչը: «5 օր չի խոսել: 5-րդ օրը մի քիչ սկսել ա խոսել, ձեռքերի տակ ընկած բերեցին, տեսա»,-պատմեց Կիմա Վարդանյանը:

Կիմա Թովմասյանը պատմեց, որ իրավապահներից իմանալով Հայկանուշ Ներսիսյանի գտնվելու վայրը, գնացել է հիվանդանոց. «Եղբոր տղան՝ Արման էր անունը, ասաց՝ մենք հորքուրին գտանք, հորքուրի մոտից մեքենա քշեց-փախավ, ասեցին, որ մետալիկ-ջիպ էր... Հետո մոտը էլի մարդ մտավ, դուրս եկավ, ասեց, որ Գայանեն (Հայկանուշին Գայանե են անվանում-Կ.Վ.) ասում ա՝ Թովմասն ա ինձ էդ օրը դրել»:

Երբ մայրը հիվանդանոցից վերադարձել է տուն, իմացել է, որ Մասիսի քննչականից եկել են Թովմասի հագուստը՝ վերարկու, շալվար, սվիտր, շարֆ, գլխարկ, պայուսակ, տարել են, սակայն, մոր խոսքով իրեն են վերադարձրել են միայն վերարկուն, շալվարը և պայուսակը: Տարել են նաև Թովմասի հեռախոսը: Բայց նույնիսկ հեռախոսային վերծանումներ չեն արվել: «Տանը փոքր տղաս է եղել՝ Սևադան, տատիկը, հորաքույրը, ընթերականեր չեն եղել»,-պատմեց տիկին Կիման:

Ըստ գործի նյութերի, Հայկանուշ Ներսիսյանին գլխի շրջանում կյանքին վտանգ սպառնացող  ծանր մարմնական վնասվածքներ են հասցվել ուրագով: Իրեղեն ապացույց կոտրված ուրագը հայտնաբերվել է դեպքից մեկ օր հետո՝ հունվարի 22-ին, դեպքի վայրի զննության ժամանակ, որի ընթացքում, ինչպես հետագայում փաստաբանն է պարզել, ընթերականեր ու մասնագետ չեն մասնակցել:

«Կոտրված ուրագ և արդարադատության մուրճ» վերնագրով վերջին խոսքում մեղադրյալ Թովմաս Վարդանյանը գրել է. «Եղբորս իմ դեմ վկա են սարքել, չեն բացատրել, որ կարող է ցուցմունք չտալ հարազատի դեմ, բայց միևնույնն է, գրել է, որ երբ զանգել է, մի կին պատասխանել է՝ եկեք մեզ փրկեք»:

Սպանության փորձ կատարելու գործիք ճանաչված ուրագի հայտնաբերվելուց հետո այն որևէ փորձաքննության չի ուղարկվել: Դատաքննությունն ավարտված է եղել, երբ գործով երրորդ պաշտպան ներգրավված Արմեն Խաչատրյանը միջնորդել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանին վերսկսել դատաքննությունը, միջնորդել է նշանակել համալիր դատաբժշկական ու կենսաբանական փորձաքննություն:   

Այսպիսով՝ դեպքից 13 ամիս անց ուրագը՝ կոտրված պոչով ուղարկվել է փորձաքննության: Մեկ ամիս տևած փորձաքննության արդյունքներով ուրագի վրայից մաշկի հետքեր չեն հայտնաբերվել, մազերը տեսակային կարևոր հատկանիշներով նման են եղել տուժողին, արյան հետքերում էլ բջջաբանական հետազոտությամբ հայտնաբերվել են իգական սեռին բնորոշ ելուններ:

Այսպես՝ ականատես ենք ևս մեկ քրեական գործի, որով չի նշանակվել գենետիկական փորձաքննություն, ինչը ցույց կտար մազերի ու արյան պատկանելությունը 99,999999 տոկոսով, ոչ թե կտրվեր հավանական եզրակացություն: 

Թովմաս Վարդանյանը, սակայն, իր միակ ցուցմունքում նշել է՝ ուրագը իր մոտ է եղել: Որն է պատճառը՝ «Հետքի» հարցին Թովմասի մայրը պատասխանեց. «Հենց հոգեբուժարանից հանում են, բերում են քաղմաս, առանց բժշկի ներկայության, առանց փաստաբանի, առանց ներկայացուցչի՝ առանց ինձ, հարցաքննում են: Ես եմ պայուսակը դասավորել, ինչպես միշտ, իր դեղերը դրեցի, որ միշտ խմում ա, ներկայումս էլ խմում ա էդ հոգեմտ դեղերը»:

Գործի նյութերից տեղեկանում ենք՝ իրեղեն ապացույց ուրագը չի զննվել, չի կազմվել արձանագրություն, չի ներկայացվել ճանաչման: Այս բոլոր խախտումների մասին իր վերաքննիչ բողոքում գրում է փաստաբանը, սակայն դատավճիռը մնում է անփոփոխ: 

Մայրը պատմում է, որ մինչև չարաբաստիկ դեպքը պահ էր լինում, որ ասում էր՝ իմ ծնողները չենք. «խոսում էր մահացած մարդկանց հետ: Ճաշ էի լցնում, ասում էր, որ Ռուզանին էլ լցնեմ, իր մահացած ընկերուհին է, որ վթարի էր ենթարկվել... մի անգամ հողամասում ջուր էինք անում, ես ջրի մոտ էի, ասեցի՝ էդ լակոտը ուր գնաց, մնար օգներ, էդ ասելուն պես ընկա առվի մեջ: Եկավ տուն, ասեց, դու առուն ես ընկել, ինձ Ռուզանն ա ասել, ինքը ուզել ա քեզ վնասի, բայց որ իմ մաման ես, մենակ զգուշացրել ա, որ ինձ էլ վատ բան չասես»:

Թովմասը Վարդանյանը, ըստ բժշկական փաստաթղթերի, բուժվել է Քասախում, Նորքի հոգեբուժարանով բանակից ազատվել է՝ անձի օրգանական խանգարում, հալյուցինատոր համախտանիշով, երկու անգամ ինքնասպանության փորձ է արել բանտում՝ կտրելով փորն ու ձեռքը:

Սակայն քրեական գործի շրջանակներում նշանակվել է միայն դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն, Թովմասը հոգեբուժարանում է մնացել մեկ ամիս: Արձանագրվել է դիսիոցատիվ խառը խանգարում: Թովմասը ճանաչվել է մեղսունակ: Փաստաբան Հայկ Պետրոսյանը միջնորդել է նշանակել կրկնակի դատահոգեբուժական փորձաքննություն, սակայն Մասիսի քննչական բաժանմունքի քննիչ Ա.Կարապետյանը մերժել է: Այդպես էլ չի կատարվել դատահոգեբանական փորձաքննություն, ինչի կատարման միջնորդություն կատարել է փաստաբաններից Անի Թորոսյանը:

Վարդանյանները գումար չունենալու պատճառով չեն կարողացել բողոք ուղարկել ՄԻ եվրոպական դատարան:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված