Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Հոգևորական. «Այսօր մեր եկեղեցին ալ պէտք ունի պայքարի»



Սեպտեմբերի 4-ին Հոլանդիայի Մաաստրիխտ քաղաքի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցում պատարագ կմատուցի Տեր Արմեն քահանա Մելքոնյանը՝ մի քանի շաբաթվա ընդմիջումից հետո: Այս մասին «Հետքին» փոխանցեց ինքը՝ քահանան:

Հիշեցնենք, որ Տեր Արմեն քահանա Մելքոնյանը պաշտոնազուրկ է արվել Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան դիմաց ի պաշտպանություն «Սասնա Ծռեր» խմբի կազմակերպված ակցիայի ժամանակ հնչեցրած բացման ու փակման խոսքից հետո: Տեր Արմենը, սակայն, պաշտոնից զրկվելով՝ կարգազուրկ չի արվել, քանի որ ենթարկվում է Կիլիկիո կաթողիկոսարանին: 

«Եկեղեցին համայնքինն է, և համայնքը որոշումը համարում է անարդար»,- նշեց Տեր Արմենը:

Նույն օրը՝ սեպտեմբերի 4-ին, նախատեսվում է նաև համայնքի ներկայացուցիչների բողոքի ակցիա՝ ընդդեմ Տեր Արմեն Մելքոնյանի պաշտոնանկության: Այս մասին մեզ հետ զրույցում նշել էր նաև Մաաստրիխտ քաղաքի Անի հայ համայնքի և Սուրբ Կարապետ եկեղեցու ատենապետ Լևոն Րաֆֆի Սագիսը:

Ատենապետը հաղորդել էր, որ իրենց քաղաքի ժողովուրդը շատ վրդովված է Տեր Արմենին պատահածի առնչությամբ: Հենց ատենապետն էր Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, գերաշնորհ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանից օգոստոսի 6-ին գրություն ստացել այն մասին, որ Տեր Արմեն քահանա Մելքոնյանը Հոլանդիայի հայոց հոգևոր հովվության տարածքում գործող հայկական ծխերում որևէ հովվական պարտականություն չունի և այսուհետ Մաաստրիխտի բոլոր եկեղեցական ծխակատարությունների ժամանակ ատենապետը պարտավոր է նախապես դիմել եպիսկոպոսին:

Մինչ Սրբազանի նամակը Տեր Արմեն քահանա Մելքոնյանը Սուրբ Կարապետ եկեղեցու այցելու հովիվն է եղել, բոլոր ծեսերը ինքն է կատարել՝ պատարագ, ծնունդ, կնունք: Նամակից հետո նա եկեղեցում որևէ ծիսակատարություն չի անցկացրել:

Իսկ այս կիրակի Գերմանիայի Հայոց Առաջնորդության հրավերով Տեր Արմեն քահանա Մելքոնյանը պատարագելու է Գերմանիայում՝ Դոյչլենդի Սուրբ Սահակ Մեսրոպ Առաջնորդանիստ եկեղեցում:

Մինչ այդ, օգոստոսի 26-ին Բելգիայի Անդուերբեն քաղաքում հայկական համայնքի ներկայացուցիչները քննարկում են կազմակերպել, որի ժամանակ ելույթ են ունեցել նաև հոգևորականներ Տեր Արմեն քահանա Մելքոնյանը և Քրիստափոր սարկավագ Ֆրունճյանը:

Տեսանյութը` Քրիստափոր սարկավագ Ֆրունճյանի ֆեյսբուքյան էջից

«Քննարկման պատճառներից մեկն այն էր, որ հայրենիքում կատարվող իրադարձությունների առնչությամբ հոգևոր աշխարհը լռում էր, արձագանքեց Տեր Արմենը, և եկավ արձագանք հայրենիքից, Տեր Արմենը պաշտոնանկ արվեց»,- բացման խոսքում նշել է քննարկման վարողը:

Քննարկման ժամանակ Տեր Արմեն Մելքոնյանն ասել է. «Ճի՛շտ է, որ այսօր ունենք հայրենիք, ճի՛շտ է, որ ունենք պետականություն, բայց, ինչպես Արամ կաթողիկոսն ասաց, մենք չենք կարող միայն դիտող լինել, միայն լսող լինել, մենք պարտականություններ ունենք և մենք խոսելու իրավունք ունենք... մենք փող ենք ուղարկում, էդ փողը ո՞ւր է գնում: Մենք պետք է ուղարկենք, բայց երբ իմանում ենք, որ մեր ֆինանսները գնում են, որպեսզի լցնեն ղեկավարների գրպանները, մենք էդ փողը չենք ուղարկի... Ո՞նց պատժել այն մարդիկը, որոնք մեր փողերով մարդ եղան, ո՞նց պատժել այն մարդասպանները, որոնք մեր ուղարկած փողերով, մեր զենքերով՝ փոխանակ էդ զենքերը սահման գնան, պայքարում են մեր դեմ»:

Անդրադառնալով «Սասնա Ծռեր» խմբի անդամներին՝ հոգևորականը նշում է. «Եթե ասում են՝ տեռորիստներ են, ապա ասում եմ՝ մենք բոլորս տեռորիստներ ենք»:

Տեր Արմեն քահանան՝ Քրիստափոր սարկավագի և Սերովբե վարդապետ Իսախանյանի հետ

Քրիստափոր սարկավագ Ֆրունճյանի կարծիքով, «Տեր Արմենը քաջութիւն ունեցավ խօսիլ և այսօր կը պատժուի անոր համար»:

Խոսելով հայոց եկեղեցու մասին, սարկավագը նշել է. «Այսօր մեր եկեղեցին ալ պէտք ունի պայքարի: Մենք կուզինք մեր ազգը, մեր եկեղեցին առողջ պայմաններու մէջ գտնուի: Մենք կոչուած ենք ժողովրդի ծառաներ, մենք ժողովրդի քով պէտք է գնանք... Տէր Արամ կոթողիկոսը մեզի ցուցուց, որ եկեղեցին մեռած չէ»:

Քննարկման վերջում ներկաները Բժշկության աղոթք են կարդացել «Սասնա Ծռեր» խմբի վիրավոր անդամների համար:

Տեր Արմեն քահանա Մելքոնյանի և Քրիստափոր սարկավագ Ֆրունճյանի լուսանկարները՝ իրենց ֆեյսբուքյան էջերից


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Վարազ Սյունի 18:34 - 28 օգոստոսի, 2016
Բոլո՛ր ուղղափառ քրիստոնյա երկրները (մահմեդական երկրների նման) եղել ու մնում են կոռուպտ: Կաթոլիկ երկրների կեսն է կոռուպտ: Ոչ մի բողոքական քրիստոնյա երկիր կոռուպտ չէ:Եզրակացություն՝ ինչքան մեծ է կրոնի/եկեղեցու ազդեցությունը պետության վրա,այնքան կոռուպտ է երկիրը:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված