Կիրակի, 17 նոյեմբերի

Դատարանը քաղաքական պատվեր իրականացվեց. փաստաբանի դիտարկումը



Փաստաբանը դատարան էր ներկայացել «Սասնա Ծռերից» Հովհաննես Հարությունյանի քույրերի նվիրած շապիկով

Այսօր Վերաքննիչ դատարանը (նախագահող՝ Ալեքսանդր Ազարյան) ուժի մեջ է թողել «Սասնա Ծռեր» խմբի անդամներից Հովհաննես Հարությունյանի՝ կալանքի՝ առաջին ատյանի դատարանի (դատավոր Էդիկ Ավետիսյան) որոշումը:

Այսօր վերաքննիչ բողոքի որոշման հրապարակմանը փաստաբան Հայարփի Սարգսյանը ներկայացել էր Հովհաննես Հարությունյանի քույրերի նվիրած շապիկով՝ Հովհաննեսի դիմանկարով ու Մոնթեի հայտնի խոսքերի յուրօրինակ պատասխանով. «Ես քո կենացը չեմ խմելու, քո գործ եմ շարունակելու»: «Այդպես փորձեցի Հովհաննեսի ներկայությունը ապահովել այսօր»,- ասաց փաստաբանը:

լուսանկարները՝ Զառա Հայրապետյանի

Փաստաբանի դիտարկմամբ, դատարանի կողմից դրսևորվեց անմարդկային վերաբերմունք, «թեպետ դատավորը հորդորում էր ոչ մարդասիրական բառը օգտագործել»: Ըստ փաստաբանի, կալանքի որոշումը ոչ իրավական է. «ակնհայտ քաղաքական պատվեր իրականացվեց»,- ասաց փաստաբան Սարգսյանը:

Հիշեցնենք՝ ինչպես վաղօրոք հայտնել էին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող 29-ամյա Հովհաննես Հարությունյանի փաստաբանները, նա ցանկություն էր հայտնել մասնակցելու կալանքի որոշման բողոքի քննությանը: Հարությունյանին Վերաքննիչ դատարան բերեցին նշանակված ժամից մեկ ու կես ժամ ուշացումով՝ զինված կարմիր բերատավորների ուղեկցությամբ, շտապօգնության մեքենայով: Դատարանի դիմաց նրան սպասող բարեկամները փորձեցին մոտենալ շտապօգնության մեքենային, սակայն զինված կարմիր բերետավորները իջան ուղեկցող մեքենայից ու թույլ չտվեցին, որ որևէ մեկը մոտենա:

Դռնփակ դատական նիստին Հովհաննեսը մասնակցել է պատգարակին կիսապառկած վիճակով: Նրա փաստաբաններից Հայարփի Սարգսյանը «Հետք»-ին փոխանցեց, որ դատավոր Ազարյանը սկզբում կարգադրել է՝ զինված ուղեկցողները դուրս գան դահլիճից, մնան միայն բժիշկները: «Բոլորը հուզված էին տեսարանից, Հովհաննեսի վիճակից, անգամ դատախազը միայն ասաց, որ բողոքը անհիմն է ու վերջ»,- պատմեց փաստաբանը:

Իսկ Հովհաննեսը վերջում խնդրել է, որ իրեն ու իր ընկերներին չվերաբերվեն որպես հանցագործների՝ ասելով, որ իրենք հենց հանցագործության դեմ են պայքարում:

Հովհաննես Հարությունյանը աջ ոտքից երկու հրազենային վիրավորում է ստացել հուլիսի 26-ի գիշերը ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ: Բեկորները հեռացրել են «Էրեբունի» ԲԿ-ում, այնուհետև նույն օրը նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Ունի ևս մեկ վիրահատության կարիք: Գամված է անկողնուն, չի շարժվում, հետևաբար՝ փախուստի վտանգ չկա, սակայն դատարանը կիրառում է կալանքը որպես խափանման միջոց: Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 219 րդ հոդված 3-րդ մաս 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից): Հովհաննեսն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։ 

Հովհաննեսի փաստաբանները անվստահություն են հայտնում Վճռաբեկ դատարանին ու միանգամից դիմելու են Եվրոպական դատարան՝անհապաղ քննության, քանի որ կալանքի որոշումները ենթակա են անհապաղ քննության: 

Ինչ վերաբերում է «Դատապարտյալների հիվանդանոցի» պայմաններին, ապա փաստաբանը ևս մեկ անգամ շեշտեց, որ այդ պայմանները ծանր հիվանդ իր պաշտպանյալի համար խիստ անհարմար են: «Տարել են սենյակի սառնարանը, իսկ հովացուցիչն ու հեռուստացույցը քույրերն են բերել, հիմա էլ սառնարան բերելու անհրաժեշտություն է առաջացել, մահճակալն էլ հարմարեցված չէ հենաշարժողական խնդիրներ ունեցող հիվանդի համար»,- ասաց Հայարփի Սարգսյանը: Հովհաննեսի քույրն էլ նշեց, որ, ճիշտ է, ամեն օր Բյուրավանից թարմ ճաշեր են բերում եղբոր համար, բայց, միևնույնն է՝ սառնարանի անհրաժեշտությունն այս շոգ օրերին շատ է զգացվում:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված