Կիրակի, 17 նոյեմբերի

Հոգեբանական ճնշման ձև «Սասնա Ծռերի» անդամների նկատմամբ



Քրեական հետապնդման են ենթարկվում նաև «Սասնա Ծռերի» որոշ անդամների ազգականները

«Սասնա Ծռեր» խմբի անդամներից Հովհաննես Վարդանյանը հուլիսի 31-ից անազատության մեջ է, գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ կալանքի տակ: Նույն բանտում կալանավորի կարգավիճակում է նաև Հովհաննես Վարդանյանի որդին՝ երկու մանկահասակ երեխաների հայր 35-ամյա Մարտին Վարդանյանը: Նա մեղադրվում է «մի խումբ անձանց կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու փորձ» անելու մեջ (ՔՕ 38-219 հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով):

Մարտինի փաստաբան Ստեփան Ոսկանյանից տեղեկացանք, որ Մարտին Վարդանյանի մասով կալանքի որոշումը Վերաքննիչ դատարանը թողել է օրինական ուժի մեջ: Փաստաբանը շուտով կդիմի Վճռաբեկ դատարան:

Ստեփան Ոսկանյանը  նշեց, որ իր պաշտպանյալին կալանավորելու միջնորդության հիմքում նախաքննական մարմինը դրել է հոր և որդու միջև եղած հեռախոսային խոսակցության գաղտնալսման արձանագրությունը: «Կարող եմ ասել, որ կենցաղային բնույթի խոսակցություն է եղել, հիմնավոր կասկածը հաստատող թեկուզ անուղղակի այլ ապացույց չկա, հետևաբար դատարանի որոշումը անօրինական է»,- ասաց փաստաբանը:

«Սասնա Ծռեր» խմբի անդամների նկատմամբ քրեական հետապնդումները հաճախ չեն շրջանցում նաև նրանց ընտանիքի անդամներին: Քիչ չեն դեպքերը, երբ «Սասնա Ծռեր» խմբի կալանավորված անդամների մերձավոր ազգականներին առաջադրվում են մեղադրանքներ օժանդակելու հիմքով: Ամենավառ օրինակը Կյուրեղյան ընտանիքի նկատմամբ քրեական հետապնդումն է, երբ ընտանիքի բոլոր հինգ անդամները կամ դատապարտված են, կամ մեղադրյալ ու կասկածյալ: Փաստաբան Ոսկանյանը սա բնորոշում է որպես հոգեբանական ճնշման ձև «Սասնա Ծռեր» խմբի անդամների նկատմամբ:

Հովհաննես Վարդանյանի մյուս որդին՝ Պարույրը 

Ի դեպ, Մարտին Վարդանյանի խնամքին են գտնվում ոչ միայն իր երկու երեխաները, այլև կինն ու հաշմանդամություն ունեցող երկու եղբայրները: Փաստաբանն ասաց, որ այդ ամենը հաստատող փաստաթղթեր են ներկայացվել դատարան, որպեսզի կալանքը որպես խափանման միջոց չընտրվի, սակայն` անարդյունք:

Հովհաննես Վարդանյանի մյուս որդին՝ Պարույրը, ում հանդիպեցի Վերաքննիչ դատարանի դիմաց, պատմեց, որ եղբոր երեխաներին անգամ թույլ չեն տալիս տեսակցության գնալ հոր մոտ: Ասաց, որ իրենք պարզապես սնունդ ու հագուստ են տանում «Նուբարաշեն» ՔԿՀ եղբոր ու հոր համար:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված