Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

«Արթուրն իր շնորհքով բանտարկյալներին էլ հաց հասցրեց». ընկերները շնորհավորեցին «հաց բերողին»




Չորս բարձրագույն կրթություն ստացած՝ կիբեռնետիկ, տնտեսագետ, իրավագետ, ավտոմատիկ, ժողովրդական վարպետ, փայտի գեղարվեստական փորագրող, Արցախյան պատերազմի հաշմանդամ, «Սասնա Ծռեր» խմբի անդամներին կյանքը վտանգելով հաց հասցրած Արթուր Սարգսյանը 48-ամյակը նշեց «Նուբարաշեն» բանտում: Հուլիսի 31-ից նա անազատության մեջ է: Մեղադվում է «Սասնա Ծռերին» աջակցելու մեջ:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հավաքված Վերնիսաժի նրա փայտագործ ընկերները մեղադրանքը աբսուրդ որակեցին. «Ում հարցնեք՝ կասեն, որ Արթուրը ճիշտ քայլ ա արել»,-ասում էին նրանք:

Նրանց կոչն է իրավապահներին՝ ազատ արձակել Արթուրին. «Ամո՛թ է, հաց տանելու համար մարդ կձերբակալե՞ն»,-ասում էին ընկերները:

Ինչպես և պլանավորել էին, Վերնիսաժի փայտագործները սնունդ ու տորթ էին պատվիրել ընկերոջ ծննդյան օրվա առթիվ: Պատմեցին, որ խմորեղենի սրահում, իմանալով, որ «հաց բերող» Արթուրի համար է տորթը, նախատեսվածից մի քանի անգամ մեծ տորթ են պատրաստել իրենց կողմից:

«Էսօր Արթուրը «Նուբարաշենի» բանտարկյալներին տորթ ա հյուրասիրելու: Փաստորեն ստացվեց՝ Արթուրն իր շնորհքով բանտարկյալներին էլ հաց հասցրեց»,-ասաց փայտագործ Հայկը:

Արթուրի մասին պատմող «Հետքի» տեսանյութից հետո ԱՄՆ-ում ապրող մի քաղաքացի՝ Գևորգ անունով, ևս տորթ էր պատվիրել: Նամակում մեզ գրել էր՝ նշեք, որ ժողովրդիս կողմից է:

Փայտագործ Արմեն Խաչատրյանն էլ նշեց, որ կիրակի օրը Վերնիսաժում շատ քաղաքացիներ մոտեցել են իրենց, աջակցություն առաջարկել: Անգամ մի քաղաքացի, ով միայն անունն է հայտնել, ի դեպ, դարձյալ Արթուր, 1000 դոլար է փոխանցել «հաց բերողի» համար:

Բացի այդ, Արթուր Սարգսյանի փայտագործ ընկերները ցանկանում են վերցնել ընկերոջ քանդակները, որպեսզի այս ընթացքում վաճառեն ու օգնեն նրան:

«Նուբարաշեն» բանտի մոտ եկան նաև Արթուր Սարգսյանի եղբայրը՝ Արսենը, մոր՝ տիկին Դոնարայի հետ: Եղբայրը «Հետքին» ասաց, որ իրենք շնորհակալ են քաղաքացիներին հոգեբանական աջակցության համար, բայց այլ բանի կարիք չունեն: Արսենը նշեց, որ եղբոր առողջական վիճակը վատ է. «Իր նասկին անգամ պիտի մարդ լինի, որ հագցնի»: Նա մեզ փոխանցեց Արթուրի առողջական վիճակի, նաև բարձրագույն չորս կրթությունների մասին վկայող փաստաթղթեր՝ ասելով, որ այդ ամենը փաստաբանները ներկայացրել են դատարան, բայց՝ անօգուտ: Դատարանը անգամ կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունն է մերժել:

Արթուր Սարգսյանը վիրավորվել է Արցախյան պատերազմի ժամանակ՝ դիրքեր հաց տանելիս, ունի հենաշարժողական ապարատի խնդիրներ, ճողվածք: 

Արսենն ասաց, որ եղբոր զենքերը գիրքերն են, գրիչն ու թուղթը: Հետո մեզ փոխանցեց Արթուրի դիպլոմների պատճեները:

Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ` սեղմելով նկարը

Արթուր Սարգսյանը ծնվել է 1968 թ-ին, Երևանում, գիտնականների ընտանիքում: Ավարտել է Ֆիզ.մաթ դպրոցը: 1992-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Զուգահեռաբար սովորել է նույն ինստիտուտի բժշկական կիբեռնետիկայի բաժնում, ավարտել է 1989-ին: 2002-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի ֆինանսաբանկային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2007-ին նույն համալսարանի Ֆինանսներ և վարկ բաժինը:

Մինչ Արթուր Սարգսյանի ընկերները սպասում էին «հաց հասցնելու» իրենց հերթին, «Նուբարաշեն» ՔԿՀ գալիս էին կալանավորվածների ու դատապարտյալների հարազատները, որոնք հանձնուքների ընդունման կետում նույնպես սնունդ էին փոխանցում ընտանիքի բանտված անդամներին: Տեսնելով լրագրողներին ու իմանալով, թե ում ծննդյան օրն է, շատերը ասում էին՝ ազատեք էդ տղային: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (3)
1. lusik17:52 - 9 օգոստոսի, 2016
Մարդու գործն է անմահ: Գուսանի ասած՝ "Ձախորդ օրերը գուծան ու կերթան...." Շնորնավոր ծնունդտ՝գթասիրտ մարդ;
2. Հասմիկ Ա. Ա.10:09 - 10 օգոստոսի, 2016
ՄԱՐԴ: ՀԵՐՈ՜Ս: ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ, շնորհավո՜ր ծնունդդ: Շա՜տ առողջություն քեզ: Խոնարհվում եմ:
3. Դավիթ Հարությունյան02:57 - 13 օգոստոսի, 2016
Շնորհավոր ծնունդդ ազգիս հպարտություն, մեր թանկագին եղբայր դու ես մեր ազգի այն վառվող աստղը ով սեփական օրինակով ցույց տվեց գործի անցնելու ու ճանապարհ լուսավորելու իրական ձևը, քեզ շուտափույտ ազատում
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված