ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

«Թվում է՝ հիմա Արթուրը մեր կարիքը ունի, բայց մենք՝ բոլորս Արթուրի տեսակի կարիքն ունենք». ընկերները Արթուր Սարգսյանի մասին




Օգոստոսի 9-ին «Սասնա Ծռերին» հաց բերող Արթուր Սարգսյանի ծննդյան օրն է: «Վերնիսաժի» նրա ընկերները որոշել են միասին տորթ պատվիրել ու հաց հասցնել Արթուրին՝ ուրախացնել:

Արթուրի ընկերներից Հայկ Գալստյանը խնդրում էր՝ այդ օրը լրատվամիջոցներն էլ ներկա լինեն, որ խոչընդոտ չառաջանա՝ կարողանան իրենց անակնկալը տեղ հասցնել. «Ինքը «Սասնա Ծռերին» հաց հասցրեց, մենք էլ իրեն փորձենք մի բան հասցնել»,-ասաց Հայկը:

Հիշեցնենք՝ հուլիսի 26-ին «Սասնա Ծռեր» խումբը հայտարարություն տարածեց, որ մի քաղաքացի՝ Արթուր Սարգսյան անունով, իր անձնական մեքենան բեռնել է սննդամթերքով, ճեղքել ոստիկանական պատնեշն ու կյանքը վտանգելով հացէ հասցրել ՊՊԾ գնդում գտնվողներին: Քաղաքացիներն ուզում էին իմանալ՝ ով է հաց հասցնող Արթուր Սարգսյանը: Հուլիսի 31-ի երեկոյան ՊՊԾ գնդի տարածքից դուրս գալու կադրերի մեջ տեսնում ենք, թե ինչպես են «Սասնա Ծռերի» անդամներն ասում՝ «մեր հաց բերողն ա»:

«Հետքը» զրուցեց Արթուր Սարգսյանի եղբոր՝ Արսենի հետ: Նա ասաց, որ շատ զբաղված է եղբոր գործերով. նրան հաց է հասցնում և այլն, բայց հուշեց, որ «Վերնիսաժում» նրա փայտագործ ընկերներն են, ովքեր ասելիք ունեն Արթուրի մասին:

Փայտե աշխատանքների շարքում ինձ տեսախցիկով տեսնելով՝ Արթուրի ընկերները մոտեցան:

Փայտարվեսի վարպետ Սամվել Թադևոսյանը ցույց տվեց Արթուրի սեղանը՝ իր սեղանի հարևանությամբ, ասաց, որ Արթուր Սարգսյանին ճանաչում է արդեն 20 տարի: Գիտեր, որ Արցախյան պատերազմի տարիներին մեր տղաներին հաց է հասցրել դիրքեր, վիրավորվել է հաց տանելու ճանապարհին, ունի առողջական, հատկապես տեղաշարժման հետ կապված լուրջ խնդիրներ: Պատմեց, որ չորս բարձրագույն կրթություն ունի ընկերը, որ անվճար մաթեմատիկա է պարապել իր ու շատերի երեխաների հետ՝ բուհ ընդունվելու համար:   

«Պետք ա անպայման իրեն ազատ արձակեն: Սխալ կլինի, դաժանություն կլինի: Հայը գնահատվում ա հաց տվող, ոչ թե հաց տանողի հետևից կրակող կամ ձերբակալող: Նույնիսկ եթե հիմա մտածում են, որ ինքը աջակցել ա տղաներին, աջակցե՞լ ա հաց տանելով: Հա՛, աջակցել ա, հաց եմ տարել, բա սովա՞ծ մնային»,-ասաց Արթուրի 20 տարվա ընկեր փայտագործ Սամվելը:

-Շուտով բերեցին Արթուրի մի քանի գործերից՝ զարդատուփեր ու ժամացույց, ասացին, որ մյուս աշխատանքները՝ արևային ժամացույցներ և այլ գործեր, տանն են մնացել:

Արթուրի սեղանի մյուս հարևան Արմեն Խաչատրյանի համար Արթուրի արարքը զարմանալի չէր, քանի որ, իր բառերով ասած՝ Վերնիսաժում նույնպես «շտապօգնության» դեր է կատարել. «Ամեն գործիք, ամեն նյութ, ամեն խորհուրդ՝ էս բանը գրի գործի վրա, էն արա…ամեն հարցով բոլորին հասնող է եղել… ինքը պիտի անպայման հաց տաներ: Թվում է՝ հիմա Արթուրը մեր բոլորի կարիքը ունի, բայց մենք՝ բոլորս Արթուրի տեսակի կարիքն ունենք»,-ասաց փայտարվեստի վարպետ Արմեն Խաչատրյանը:

Արթուր Սարգսյանի Վերնիսաժի ընկերներից փայտագործ Արթուր Հովհաննիսյանը մասնակցել է Արցախյան ազատամարտին: Պատմում է, որ ռազմագերիներին կերակրել են իրենց հացով. «Ինչո՞ւ չի կարող էդ մարդը իր եղբորը հաց տանի… ես բարձր եմ գնահատում իր արարքը, ու ամբողջ ժողովուրդը պիտի հիմա իրեն սատար կանգնի, որ իրեն բաց թողեն»:

«Իզուր են նրան ձերբակալել, ինքը բարեգործություն է ցանկացել կատարել, բայց իրեն երևի չեն հասկացել»,-փայտագործ նկատեց Յաշա Ենգիբարյանը:  

Արթուրի ընկերներից Վաղարշակ Երզնկյանն էլ վստահ է, որ Արթուրը կարող է ինքն իրեն պաշտպանել, քանի որ նաև իրավագիտական կրթություն ունի. «Իսկ մեր իրավագիտությունից ոչինչ էլ չեմ սպասում, որովհետև իրավապահները ոչ թե ժողովրդի իրավունքն են պաշտպանում, այլ իրենց տերերի»:

Վերջում փայտագործ Արմեն Խաչատրյանը հայտնեց իրենց մտադրության մասին, որ խմբով՝  Վերնիսաժով որոշել են դիմել «Ավրորա» մրցանակաբաշխությանը, քանի որ «Արթուրի արարքը սերունդ ա դաստիարակելու»:

Ինչպես վաղօրոք տեղեկացրել էինք, Արթուր Սարգսյանին սկզբում առաջադրել էին պատանդ վերցնելու, պահելու ու ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու ու պահելու մեղադրանք: Օրեր անց մեղադրանքը փոխվեց: Այժմ նա մեղադրվում է վերը նշված գործողություններին օժանդակելու հիմքով: Արթուր Սարգսյանը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. Նա նույնպես կալանավորված է: Ինչպես մյուս, այնպես էլ այս գործով, դատարանը մերժել է կալանքը գրավով փոխարինելու՝ փաստաբաններՎահե Գրիգորյանի, Տիգրան Եգորյանի ու Արայիկ Պապիկյանի միջնորդությունը: Դատարանի մերժման որոշման մեջ կարդում ենք. «Մեղադրյալ Արթուր Սրգսյանի նախկինում դատված չլինելը, մշտական բնակության վայր ունենալը, առողջական վիճակը, թվով չորս բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտելու փաստը հաստատող դիպլոմների առկայությունը, չեն կարող ինքնին որպես հիմք դիտարկվել գրավը որպես այլընտրանքային խափանման միջոցի թույլատրելի համարելու համար»:    

 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (7)
1. Վեհարի14:54 - 7 օգոստոսի, 2016
Ազգային հերոս Արթուրին ուզում են դատել մարդկային բարձր արժանիքներ ունենալու դիմաց, ուզում են բոլորին իրենց նման տհաս թալանչիների, կամ ստրուկների վերածել: Այս հանցախմբի տված մեդալները կամ կոչումները գրոշի արժեք չունեն, իսկ եթե մենք բոլորս համազգային ստորագրահավաք կազմակերպենք ի պաշտպանություն մեր ազգային հերոսներ Արթուրի և Սասնա Ծռերի, ապա նրանք ձեռք կբերեն ժողովրդի կողմից ընտրյալների /պատգամավորների/ անձեռնամխելիության կարգավիճակ և ոչ մի հանցագործ տականք նրանց իրավունք չի ունենա կամայականորեն դատել:
2. ՆԱՌ15:17 - 7 օգոստոսի, 2016
ԱԿՑԻԱԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻՆ․ ,,ՀԱՑ ՏՎՈՂԻՆ ՀԱՑ ՊԻՏԻ ՏԱՆՔ,, Կազմակերպել հանգանակություն և ամեն շաբաթ ազգովի շքերթով ՀԱՑ ՏԱՆԵԼ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ www.youtube.com/watch?v=NP-mvRAF1oY
3. Սվետիկ15:29 - 7 օգոստոսի, 2016
հարգելի Հայաստանի Արդարադատություն, գոնե մի անգամ ՀԱՅ եղիր, ազատիր Արթուր Սարգսյանին՝ ԻՍԿԱԿԱՆ ՄԱՐԴՈՒՆ՝ ով սովից փրկել է 30 մարդու կյանք՝ ախր մեր ազգը չի կարող ՀԱՑ ՏՎՈՂ ՄԱՐԴՈՒ նկատմաբ այդպես վարվել , ես միանում եմ Արշակ Զաքարյանի կոչին և և իմ ստորագրությունն եմ դնելու դրա տակ.....
4. lusik17:12 - 7 օգոստոսի, 2016
Արթուրը նկատմամբ հնարավոը դատավարությունը հավակնում է դառնալ մեր դատական համակարգի ավելի զարմանալի ծաղրանկար, քան թղթի տանկի գործը:
5. Think Big00:53 - 8 օգոստոսի, 2016
ՄԱՐԴ, որի հազվագյուտ արժեհամակարգն այնքան բարձր է, որ հասու չէ սովորական մահկանացուներին; Ռոբերտ Վարդանյան, Ջորջ Քլունի` հեռու ման եկանք, մոտիկ գտանք... Գործն է անմահ...
6. Grigoryan Ofeliya08:43 - 10 օգոստոսի, 2016
Убийцу, Сурена Хачатряна, не только не посадили, а еще снова назначили марзпетом. Человек, рисковавший своей жизнью , спас от голодной смерти более 20человек, арестован? О каком правосудии можно говорить! Он герой! Образованный, порядочный. Такие сейчас не в почете.
7. Ջեմմա11:40 - 10 օգոստոսի, 2016
Այսքան ժամանակ չհասկացաք, որ չարի թագավորների համար բարձրագույն արժեքներից կարևորը ոչ թե բարեգործություննէ, այլ չարագործությունը։ Այ, որ Արթուրն էլ այդ չարքերից կլիներ, վաղուց նրանց կողքին կլիներ, ոչ թե ՔԿ-ում։ Բայց մի կարևոր հանգամանք, որ ուշադրությանս կենտրոնում է՝ այն է, որ, նրանք կարծես թե, ոչ մի առիթ բաց չեն թողնում իրենց ձեռքը որևէ ճանապարհով ընկած մի ազատամարտից վրեժ լուծելու և պատժելու միայն նրա համար, որ այսպիսի տղաները հիրավի ազատամարտիկներ էին և իրենց ազնիվ արարքները կարող են ապացուցել նույնիսկ ամենապարզ ձևով՝ սովածին հաց հասցնելով։ Եվ միգուցե այդ մարդիկ հենց Արցախյան պատերազմի դրվագներից լավատեղյակ են իրենց ազգադավ գործերից, օրինակ՝ դավաճանություններից, յուրայիններին թիկունքից վերացնելուց, թուրքերի հետ գաղտնի համագործակցելուց, և այլն․․ և այդ նախկին վկաների հետ հաշվեհարդարի պատեհ առիթը, բնական է, նրանք գիժ չեն, որ ձեռքից բաց թողնեն․․․իսկ խոսացողների մասին էլ, միգուցե կասեն՝ "շունը հաչում ա՝ քամին փչումա"․․․․
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված