Երեքշաբթի, 12 նոյեմբերի

Ի՞նչ է տեսել անգլիացի ֆոտովավերագրողը հայաստանյան բանտերում



Թոմ Բրեդլին լուսանկարիչ է Լոնդոնից: Վերջին 7 տարիներին նա շրջում է աշխարհի տարբեր երկրներում ու լուսանկարում խոցելի խմբերի՝ աղքատ, բանտված, փախստական, հաշմանդամ, հիվանդ մարդկանց: Ստեղծում է նրանց մասին ֆոտոպատմություններ ու հրապարակում դրանք աշխարհի տարբեր ԶԼՄ-ներում: Լուսանկարիչը աշխատել և աշխատում է տարբեր լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների հետ՝ New York Times”, “The Guardian”, “BBC”, “AJ+”, “CNN”, “The Daily Telegraph”, “American Leprosy Missions”, “World Wildlife Fund” և այլն: Այս տարվա հունիս-հուլիս ամիսներին անգլիացի լուսանկարիչը երկրորդ անգամ էր այցելել Հայաստան՝ այս անգամ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ծրագրով: ՀՀ ԱՆ ՔԿՎ պետի թույլտվությամբ նա եղել է հայաստանյան տարբեր բանտերում, լուսանկարել դատապարտյալներին, փորձել ազատության մեջ ապրողներին փոխանցել նրանց հաղորդագրությունն՝ ազատության ու կյանքի մասին:

Ինքնանկար «Վանաձոր» ՔԿՀ լոգարաններից մեկում

-Թո՛մ, կպատմեք Ձեր նախաձեռնությունների մասին, ի՞նչու եք որոշել լուսանկարել հենց խոցելի խմբերի, խախտված իրավունքներով մարդկանց:

- Երբ փոքր էի, ուզում էի ճամփորդել, բայց մինչև 19 տարեկանս չեմ ճամփորդել: Շատ սիրում եմ ճամփորդել, փորձել նոր կերակուր, հանդիպել այլ մշակույթի կրողների, բայց առավել շատ ինձ հետաքրքրում են խոցելի խմբերը: Իմ լուսանկարների հերոսները ցավ ունեցող մարդիկ են, որոնց իրավունքները այս կամ այն կերպ խախտվել են:

Իմ հեղինակային գործերն արել եմ արտասահմանում: Վերջին 7 տարիներին 15 պետություններում եմ աշխատել՝ Հարավային ու Կենտրոնական Աֆրիկայում, Հնդկաստանում, Բանգլադեշում, Նեպալում, Կամբոջիայում, Ամերիկայում, Թայլանդում... անգամ հանդիպել եմ բորոտությամբ տառապող մարդկանց ու լուսանկարել: Նախկինում աշխատում էի որպես ֆոտոլրագրող, բայց հիմա ֆոտովավերագրող եմ ինձ համարում: Պրոֆեսիոնալ ֆոտովավերագրություն սովորել եմ Բանգլադեշում:

-Վերջին երեք տարիների ընթացքում սա Ձեր երկրորդ այցն է Հայաստան: Ի՞նչ առաքելությամբ եք եկել:

- Այո՛, մի քանի տարի առաջ եղել եմ Հայաստանում, լուսանկարել եմ սիրիացի փախաստականների: Դրանք ֆոտոպատմություններ են Սիրայից գաղթած հայ ընտնիքների մասին, թե ինչպես են ապրում Հայաստանում: Այդ ժամանակ էր, որ հանդիպեցի նաև բանտերում հասարակական դիտորդական խմբի անդամներին, լսեցի բանտերի ու բանտարկյալների մասին: Ցանկությունս մեծ էր լուսանկարել նրանց: Մանավանդ, որ նման փորձ ունեի. 5 տարի առաջ եղել էի Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, կանանց գաղութ էի այցելել ու լուսանկարել ազատազրկված կանանց:

-Ինչ-որ բան գիտեի՞ք Հայաստանի մասին մինչև մեր երկիր գալը:

-Նախքան Հայաստան գալս, ոչինչ չգիտեի Հայաստանի մասին: Իրականում չգիտեի, թե քարտեզի վրա որտեղ է Հայաստանը: Չգիտեի նաև Ցեղասպանության մասին: Փորձեցի համացանցով փնտրել: Շատ բան գտա, իմացա, որ դուք ներկայացնում եք առաջին քրիստոնյա պետությունն աշխարհում, կարդացի ցեղասպանության մասին: Գալով Հայաստան, շփվելով մարդկանց հետ, անգամ տաքսու վարորդների՝ ամենուր լսում էի տեսակետ, որ Հայաստանում մեծ չափերի հասնող կոռուպցիա կա, ինչն էլ ժողովրդավարական փոփոխությունները երկրում անընդհատ հետ է գլորում:

-Ի՞նչ լավ բան տեսաք Հայաստանում:

-Հայաստանյան կերակուրները սիրեցի, մշակույթը, հյուրասիրությունը, անգամ բանտապահներն ինձ հրավիրում էին թեյի ու սուրճի: Լավ մարդկանց հետ ծանոթացա ու շփվեցի: Հասկանում եմ, որ հետսովետական պետություն է, որտեղ փոփոխությւններ են տեղի ունենում վերջին 25 տարիներին: Կարծում եմ՝ այդ փոփոխությունները կբերեն դրական արդյունքների, քանի որ անկախության սերունդն արդեն մեծացել է: 

-Ի՞նչ նմանություն կա տարբեր ժողովուրդների ու հասարակությունների խոցելի խմբերի միջև:

- Բարդ ու տարողունակ հարց եք տալիս: Նմանություններն ամենուր են: Այն պրոյեկտները, որոնք ես արել եմ խոցելի խմբերի հետ, զգացել եմ՝ մարգինալացված խմբերը գրեթե նույնական են ամենուր, հասարակության կողմից այս կամ այլ կերպ մերժված: Ունեն ցավ, բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Օրինակ՝ բոլոր բանտարկյալների երազանքը ազատությունն է, նրանք կարոտում են իրենց ընտանիքն ու ընկերներին: Հայաստանում բանտարկյալներից մեկն ասաց, որ ինքն իր արածի համար է բանտում, բայց ստացվում է, որ պատժվում է նաև իր ընտանիքը:

Տեսարան «Վանաձոր» ՔԿՀ-ից

-Ի՞նչ պատկեր տեսաք հայաստանյան բանտերում:

-Կային դեպքեր, երբ մարդիկ բացվում էին, բայց մարդիկ էլ կային, երբ «փակված» էին մնում: Միգուցե նաև նրանից էր, որ անվտանգության աշխատողները ներկա էին մեր զրույցիներին: Հասկացա, որ հիմնականում խուսափում են պատմել բանտային պայմաններից, փոխարենը խոսում էին անարդարությունից, բարձրացնում էին անարդար դատաքննությանը վերաբերող հարցեր:

- Բոլո՞ր բանտերում եղաք:

- Ո՛չ, մի քանի. «Կոշ», «Վանաձոր», «Վարդաշեն», «Արմավիր», «Աբովյան», «Արթիկ»: Ինձ թույլ չտվեցին մտնել «Նուբարաշեն» բանտ, թեև տեղակացված եմ, որ այնտեղ ամենավատ պայմաններն են: Համակարգի ղեկավարները ասում էին՝ այսօր չէ, միգուցե վաղը ստացվի, բայց էդպես էլ թույլ չտվցին մտնել «Նուբարաշեն», հանդիպել ցմահ բանտարկյալներին ու կալանավորվածներին: Ցմահ դատապարտման թեման ինձ շատ է հետաքրքրում, մանավանդ՝ երիտասարդ տարիքում դատապարտվածները: Գիտեմ, որ Հայաստանում 20 տարի անց պայմանական ազատում կա, բայց հանդիպեցի մարդկանց, որոնք 22 տարի արդեն բանտում էին: Երկու ցմահ դատապարտյալի հանդիպեցի «Արթիկում»: Նրանցից մեկն ասաց, որ բանտում դառնում է հոգեբանական գիտությունների թեկնածու, մյուս բանտարկյալներին ուսանում է անգլերեն: Սա հրաշալի է, բայց նման դեպքերը եզակի են, այնինչ պիտի շատ լինեն:

«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալների լուսանկարները

-Թո՛մ, Ձեր հայաստանյան ֆոտոների հիմնական հաղորդագրությունը ո՞րն է:

-Ասելիքիս մեծ գաղափարը հետևյալն է՝ ոչ թե դատապարտել մարդկանց կամ արդարացնել, այլ նրանց ձայն տալ, արտահայտվելու հնարավորություն: Հետո իրենք իրենց լուսանկարների վրա գրում էին մեսիջներ՝ ուղղված մարդկանց: Բանտային համակարգը ամեն տեղ փոփոխության ու ռեֆորմների կարիք ունի, իսկ հետսովետական երկրներում՝ առավել ևս. պատժողական քաղաքականությունը պիտի փոխվի, բանտում մարդը պիտի լավը դառնա: Պետք է նրանց կրթություն, հմտություններ, աշխատանք, հասարակական բարիք ստեղծելու հնարավորություն  տալ:

-Բանտը մի օր մարդիկ են հորինել, հնարավո՞ր է մի օր էլ մարդիկ հոժարակամ հրաժարվեն բանտերից:

-Ո՛չ, չեմ կարծում, քանի որ մարդիկ իրենց իսկ ստեղծած աշխարհը այնքան շատ են չարիքով լցրել: Այնքան շատ շահեր կան՝ հիմնականում ֆինանսական, որ չեմ կարծում, թե դա հնարավոր կլինի:

Ներկայացված են Թոմ Բրեդլիի լուսանկարները


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված