Երեքշաբթի, 12 նոյեմբերի

Դիտորդներին արգելում են այցելել որոշ ձերբակալվածների ու կալանավորների



Հասարակական դիտորդների խումբը չի կարողանում հանդիպել քննիչների կողմից տեսակցությունների արգելանք ունեցող քաղաքացիներին, «Սասնա Ծռեր» խմբի ձերբակալված ու կալանավորված անդամներին, ինչպես նաև Ժիրայր Սեֆիլյանին: Ազատազրկման վայրերում դիտորդներին պարզաբանում են, որ կա տեսակցությունների արգելք՝ սահմանված քննիչների կողմից:

ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախկին նախագահ, ներկայիս անդամ Ռոբերտ Ռևազյանը, սակայն, նկատում է, որ խումբը 10 տարուց ավելի գործունեություն է իրականացրել, սակայն տեսակցությունների արգելանքով կալանավորներին այցելելու որևէ խոչընդոտ չի եղել: Քննիչի որոշումը չի կարող վերաբերել դիտորդական խմբին. վստահեցնում է Հայաստանի Հալսինկյան կոմիտեի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը: «Այս վեճը գնում է, հարցը քննարկվում է արդարադատության նախարարությունում, սպասում ենք նախարարության դիրքորոշմանը»,- նշում է խմբի անդամը:

Խմբի անդամները իրավասու են անարգել այցելել քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ, ծանոթանալ տարաբնույթ փաստաթղթերի բովանդակությանը, այդ թվում՝ ազատազրկվածի կամ քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձի համաձայնությամբ՝ նրա անձնական գործին և գրագրությանը, բացի գաղտնի փաստաթղթերից, հիմնարկի իրավիճակին, ինչպես նաև հանդիպել ազատազրկվածներին և քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց:

Նշենք, որ Հասարակական դիտորդական խմբի գործունեությունը կարգավորվում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով և արդարադատության նախարարի 2005թ. նոյեմբերի 18-իթիվ ՔՀ-66-Ն հրամանի պահանջներով: Ըստ այդմ՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 48-րդ հոդվածով սահմանված են այն անձինք ու կառույցները, որոնք ձերբակալվածների ու կալանավորվածների պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն: Նրանք են՝ ՀՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, սահմանադրական դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, պատգամավորը, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը կամ նրա համապատասխան տեղակալը, գլխավոր դատախազը, նրա տեղակալները, ինչպես նաև այն դատախազները, ովքեր օրենքով սահմանված կարգով հսկողություն են իրականացնում պատիժներ և հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու նկատմամբ, ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վերադաս մարմինների պաշտոնատար անձինք, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա, մարդու իրավունքների պաշտպանը:

Նույն հոդվածի 7-րդ կետով սահմանված է, որ ազատազրկման վայրեր անարգել մուտքի իրավունք ունեն նաև արգելանքի և կալանքի տակ պահելու կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդները: Անգամ օրենքը սահմանում է, որ օրենքով նախատեսված դեպքերում առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք կարող է տրվել նաև այլ անձանց:

«Դիտորդական խումբը հայտնում է, որ իր ստեղծման պահից՝ 2005 թվականից մինչ օրս, որևէ արդարադատության նախարարի պաշտոնավարման ժամամակ նման լայնածավալ խոչընդոտներ չեն եղել և վերջին ժամանակահատվածում առկա է արատավոր միտում»,- նշված է դիտորդական խմբի կայքում:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Հասմիկ Ա. Ա.21:17 - 3 օգոստոսի, 2016
Ադրբեջան ենք դառնում:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված