ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Ըստ Սեդա Սաֆարյանի` մեղադրանքներն առաջադրվում են մարտիմեկյան ձեռագրով



Հովսեփ Խուրշուդյանին արգելանքի են վերցրել Սարի թաղում ինչ-որ մեկի բնակարանից: Փաստաբան Սեդա Սաֆարյանը նշեց, որ չգիտես ինչու, այդ մասին քննիչը չի ցանկացել որևէ ապացույց ձեռք բերել: Սա` այն դեպքում, երբ Խուրշուդյանի ցուցմունքներում այդ մասին վկայություններ կան: Ուղղակի գրված է, որ բարձրաստիճան ոստիկան, հակառակ տանտիրոջ կամքի, ներխուժել է մարդկանց տուն, ասել է, որ Հովսեփին էլ տարեք:

«Նույն անձինք, նույն մարտիմեկյան իրադարձությունները կարգավորած քննչական մարմինները այսօր շարունակում են նույն մարտիմեկյան ձեռագիրը, քաղբանտարկյալների նկատմամբ մեղադրանքներն առաջադրվում են նույն սկզբունքներով, անորոշ ձևակերպումներով»,-կարծիք է հայտնում Սեդա Սաֆարյանը:

Փաստաբանը համարում է, որ Հովսեփ Խուրշուդյանն իր քաղաքական հայացքների համար է պատժվում, ընդդիմադիր է, որի պատճառով արժանացել է քաղաքական հալածանքի:

Խուրշուդյանին մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանի ցուցմունքի հիման վրա: «Դատարանում չտեսանք որևէ տեսանյութ, պարզապես երկու ոստիկան միանման ցուցմունք էին տվել, որ Խուրշուդյանը քար է նետել, Սարի թաղին ծանոթ չենք, չենք կարող ասել, թե դա կոնկրետ որտեղ էր»,- նկատեց փաստաբանը՝  նշելով, որ Խուրշուդյանի մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 3-7 տարվա ազատազրկում:

Կալանքի համատարած որոշումների պատճառը, Սեդա Սաֆարյանի կարծիքով, դատարանների որակի մեջ է: Փաստաբանի կարծիքով` պատահական մարդիկ դատավոր չեն դառնում, նրանք կապված են իշխանության հետ և կաշկանդված են արդարադատություն իրականացնել, կաշկանդված են իրենց նշանակողից:

Ըստ փաստաբանի` Հայաստանում մարդու իրավուքների պաշտպանությունը ամենացածր շեմի վրա է, և դա կապված է նաև դատարանների անկատարության հետ: Սեդա Սաֆարյանը կանխատեսում է, որ շուտով Եվրոպական դատարան բողոքների առատ հոսք է սկսվելու: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված