Երեքշաբթի, 12 նոյեմբերի

Թամարն ասում է՝ եղբայրը քաջ գիտակցում էր, թե ուր է գնում և ինչի համար



«Կներեք, որ արագ-արագ եմ խոսում, ուղղակի աղբորս համար հաց եմ սարքում, պիտի Երևան հասցնեմ»,- ասում է «Սասնա Ծռեր» խմբի անդամներից 29-ամյա Հովհաննես Հարությունյանի քույրը՝ Թամարը, ով եղբորը չի տեսել հուլիսի 15-ից:

Հովհաննեսը և «Սասնա Ծռեր»-ի ևս երեք անդամներ՝ Պավլիկ ու Արամ Մանուկյանները, Աշոտ Պետրոսյանը, գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոցում»: Հարազատների հետ տեսակցությունները քննիչի որոշմամբ արգելված են: Փոխարենը՝ Թամարը հանձնուքներ է պատրաստում ու Բյուրավան գյուղից բերում Երևան: «Գոնե տնական ճաշ ուտի՝ մեր ձեռքով սարքած, մանավանդ, որ մի քանի օր սոված են մնացել գնդում»,-ասում է Թամարը:

Հովհաննեսի քույրը պատմում է, որ եղբոր հետ հեռախոսային կապ ունեցել է մինչև հուլիսի 21-ը. «Հիշում եմ՝ հուլիսի 17-ին առավոտը 6-ին զանգեց ու ասեց՝ քո՛ւր, մենք մերը արեցինք, մնացածը դուք պիտի անեք, հիմա ձեր հերթն ա»:

Հովհաննեսը տան միակ տղամարդն է, 20 տարի առաջ ընտանիքի հայրը մահացել է ծանր հիվանդությունից: Ավագ քույրերն ու մայրը միայնակ են մեծացրել Հովհաննեսին: Զինվորական ծառայությունից գալով ու ծրագրավորման կուրսեր անցնելով՝ Հովհաննեսը որոշել է գնալ արտագնա աշխատանքի: Երկար ժամանակ աշխատել է դրսում, որ օգնի քույրերին ու մորը:

Թամարան հիշում է, թե ինչպես են ամիսներ առաջ եղբոր հետ Եռաբլուր գնացել. «Մոտեցավ Մոնթեի գերեզմանին, համբուրեց ճակատը ու ասեց՝ ես քո կենացը չեմ խմելու, քո գործն եմ շարունակելու»: Այդ օրը Մոնթեի գերեզմանի մոտ նա նկարել է եղբորը:

Նույն օրը գնացել են Ազատության հրապարակ, ծանոթացել քաղբանտարկյալների գործերին: «Տեսավ Շանթ Հարությունյանի նկարը, խոսեց հավաքվածների հետ, ասաց, որ Մոնթեի ընկերներին է փնտրում»,-ասաց քույրը:

Թամարի փոխանցմամբ՝ իր եղբայրը քաջ գիտակցում էր՝ ուր է գնում և ինչի համար: «Էն մարդիկ, ովքեր գտնվում էին ՊՊԾ գնդում, իրենք իրենց մատաղ արեցին ժողովրդին»:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. Հ.Շ.22:22 - 7 օգոստոսի, 2016
աղջիկս, այդ քո վերջին խօսքերովդ, օրինապէս, ուղղակի վնասում ես եղբորդ... երեւի դու անպայման ուզում ես որ ան լինի մատաղ... գոնէ նախապէս հետը խօսէիր, այսպէս հանրային, աւելորդ-պակաս յայտարարութիւններ ընելէ առաջ... (կը նախատեսեմ որ երբ դատավարութիւնները սկսին, այս հանկերգդ փոխես...)
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված