ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Փաստաբան. «Ոստիկանության ղեկավար կազմը այսօր պետք է կա՛մ հրաժարական տված լիներ, կա՛մ՝ հեռացված պաշտոններից»



Փաստաբան Նորայր Նորիկյանը պատրաստակամություն է հայտնել հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած գործողությունների հետևանքով աչքը կորցրած 17-ամյա Սայաթ Հարությունյանին աջակցել իրավաբանական հարցերում: Վերջին օրերին փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում մեջբերումներ է անում Սահմանադրությունից, «Ոստիկանւթյան մասին» օրենքից, հուշում, որ կան օրենքներ, որոնք կիրառելու համար են:

- Պարոն Նորիկյան, ոստիկանության երեկվա գործողություններում ի՞նչ խախտումներ եք արձանագրել՝ որպես իրավաբան:

-Ի՞նչ է նշանակում Սարի թաղում, խիտ, հոծ բնակեցված զանգվածում իրականացնել հատուկ միջոցառում: Կա կոնկրետ դրույթ հատուկ միջոցառում իրականացնելու մասին: Նախապես պետք է տեղեկացնեին, ժամանակ տրամադրեին բնակիչներին, քաղաքացիներին այդ տարածքը լքելու համար, նոր միայն անհնազանդություն դրսևորելու դեպքում, կիրառեին հատուկ  միջոց: Բայց այդ դեպքում էլ պիտի հիմնավորեին հատուկ միջոցի դիմելու անհրաժեշտության խնդիրը: Ակնհայտ է, որ չեն ապահովվել օրենքի դրույթի պահանջները, առնվազն ժողովրդին չի ծանուցվել, որ կիրառվելու է հատուկ միջոց: Ժողովրդին չի առաջարկվել ազատել տարածքը: Անսպասելի կիրառվել է հատուկ միջոց, որի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ են տուժել:

Քրեորեն պատժելի արարք թույլ տված ոստիկանները պետք է կրեն պատասխանատվություն, այդպիսի հրահանգներ տված անձինք պետք է հեռացվեն համակարգից և կրեն իրենց բաժին պատասխանատվությունը:

- 60-ից ավելի քաղաքացի երեկ հոսպիտալացվել է Սարի թաղում և Խորենացի փողոցում հատուկ միջոցների կիրառման, բռնության հետևանքով, 160 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ: Այնուամենայնիվ, դեռ քրեական գործ չի հարուցվել այս մասով: Ձեր գնահատականը՝ որպես փաստաբան:

- Միամիտ չենք, որ կարծենք, թե ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններին դատախազությունը, կամ քննչական կոմիտեն, կամ դատարանը տալու են օբյեկտիվ գնահատական, ասելու են, հարգելի՛ ոստիկանություն, Դուք գերազանցել եք Ձեր լիազորությունները: Եթե այդպես լիներ, ոստիկանության ղեկավար կազմը այսօր արդեն պետք է կա՛մ հրաժարական տված լիներ, կա՛մ հեռացված լինեին իրենց պաշտոններից:

Հասարակությունը պիտի մի օր գիտակցի, որ հասարակական կարգավորման այս ձևով ինքն այլևս անզոր է ապրելու և գոյատևելու: Ինքը պիտի դուրս գա ու պարտադրի փոխել ստեղծված իրավիճակը: Ի վերջո, մեր բոլորի նպատակն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում գործի սահմանադրական գերակայությունը, օրենքները և օրենքի առջև հավասար լինեն բոլորը, խտրականություն չդրսևորվի:

-Իսկ այսօր մեր իրականությունում կա՞ օրենքի առջև բոլորի հավասարություն:

-Ապշած եմ Ձեր հարցադրումից, ինչ եք ուզում, որ ասեմ՝ տեսնո՞ւմ եմ: Հենց իմ ասածի բացակայությունից են այսօր տեղի ունենում հուզումները, ստեղծված կատասրոֆիկ վիճակը, որում ապրում ենք: Մենք դեռ չունենք հասարակական գիտակցության այնպիսի մակարդակ, որ գիտակցենք՝ այս երկրի զարգացման հիմքում պիտի դրված լինի օրենքը: Օրենքից դուրս կան «բեսպրեդել» հարաբերություններ, այսինքն՝ մի քանի հոգի իրենց վեր են դասում օրենքից ու իրենք են որոշում, թե ինչպես պիտի օրենքը խտրական գործի: Այսպիսով՝ մենք ոչ միայն դատական համակարգ չենք ունենա, այլ այս վիճակը կդարձնենք պերմանենտ: Այսինքն՝ մեկ տարին մեկ, երկու տարին մեկ կունենանք այսպիսի պայթյունավտանգ իրավիճակ:

- Երեկ ու այսօր մամուլը ողողված է անօրինականությունների, բռնությունների մասին հրապարակումներով, անգամ մտել են մարդկանց տուն ու ահաբեկել Սարի թաղում:

-Ինչո՞վ է արդարացված կամ պայմանավորված այն, որ մարդկանց հետապնդել են Սարի թաղում, մտել են մարդկանց բնակարանները: Սահմանադրությամբ վերապահված է իրավունք՝ որևէ մեկը չի կարող անձի կամքին հակառակ մուտք գործել իր բնակարան: Հազար անգամ կներեք, հարգելի ոստիկանության հարգելի աշխատակիցներ, դուք ով եք, որ մարդկանց կամքին հակառակ մուտք եք գործել մարդկանց բնակարաններ: 

- Այնուամենայնիվ, մոտ երկու տասնամյակ բարեփոխվում է ոստիկանական համակարգը, իրավապահ ու դատաիրավական համակարգն առհասարակ: Նկատելի՞ են այդ բարեփոխումները, օրինակ, Ձեզ համար, որպես մարդու, ով ամեն օր է դատարաններում:

- Եվս մեկ անգամ հիմնավորեց, որ մեր ոստիկանությունում լրջագույն բարեփոխումների խնդիր կա, ու մենք չենք հասել այն մակարդակին, որ հպարտանանք մեր ոստիկանությամբ: Ինձ համար ցավալի է, որ ոստիկանությունը ոստիկանական գնդի պաշարումը ընկալեց որպես անձնական հարց: Այնպիսի տպավորություն է, որ այդ մարդիկ ուղղակի հասարակությունից վրեժխնդիր են լինում: Ժողովրդական լեզվով ասած՝ էս էկել եք մեր տան վրա՞, դե, հիմա տեսեք ինչ ենք անելու: Սիրուն չի:

-Ոստիկանության բարեփոխումների համար հսկայական միջոցներ են ներդրվել տարիներ շարունակ, անգամ դրամաշնորհային գումարներ տարբեր միջազգային կառույցների կողմից:

-Մեր քաղաքացիական հասարակությանը հորդորում եմ, կոչ եմ անում, որ հենց այսօրվանից հետամուտ լինեն պարզելու, թե ինչ են եղել այդ գումարները, որտեղ են մսխվել: Նաև մեղադրում եմ հենց այդ եվրոպական կառույցներին. այսքան տարի գումար եք տալիս ու ձեզ որևէ անգամ չի մտահոգում, թե այդ գումարները որտեղ են ծախսվել, ներդրվել, որն է եղել ձեր շահը, որևէ արդյունք արձանագրել եք: Մի շղթա է՝ փող, բռնություն, կրկին փող. ընդամենը հասարակությանը խաբելու օպերացիա է իրակնացվել, ընդամենը համազգեստի թարմացում, իսկ բնույթն ու էությունը մնացել են այն պատկերացումների շրջանակներում, ինչպեսին միշտ պատկերացրել ենք ոստիկանությունը: Անկեղծ ասած, ես էլ հույս ունեի, թե ունենք բարեփոխված ոստիկանություն, բայց ինձ երիցս խաբված ու հիմանացված եմ զգում, որովհետև հասկացա՝ ամենաանհրաժեշտ պահին ոստիկանությունը չգտնվեց բարձրության վրա, տուրք տվեց էմոցիաներին, դուրս եկավ օրինականության դաշտից: Հետևանքն այն է, որ խախտվեցին բազմաթիվ քաղաքացիների՝ սահմանադրությամբ ամրագրված իրավունքներ:

Փաստաբան Նորայր Նորիկյանի լուսանկարը՝ իր ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված