Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի

Սխալ դատապարտումն ամբողջ աշխարհում համաճարակի է նման



Իռլանդացի իրավաբան Դեյվիդ Լանգվորները ղեկավարում է Գրիֆիթի քոլեջի իրավագիտության ֆակուլտետը: 6 տարի առաջ նա միացել է ԱՄՆ-ում 1993-ից սկիզբ առած Անմեղության շարժմանը՝ հիմնելով «Անմեղության իռլանդական ծրագիրը»: Գրիֆիթի քոլեջի իրավագիտության ֆակուլտետի դեկանին հանդիպեցի Պրահայում՝ «Անմեղության եվրոպական ցանցի» առաջին կոնֆերանսի ժամանակ:   

-Պարոն Լանգվորներ, ինչպե՞ս սկսեցիք հետաքրքրվել դատական ճակատագրական սխալներով:

-2009 թվականն էր, արդեն իրավաբանական ֆակուլտետի դեկանն էի: Մի սեմինարի ժամանակ ծանոթացա Անմեղության շարժման ամերիկացի աշխատակիցների հետ: Տեղեկացա, որ Ամերիկայում շատ քրեական գործեր են վերաբացվում, որոնք քննվել են տասնյակ տարիներ առաջ, որոշ դատապարտյալներ արդարացվում են, գալիս ազատություն: Այդ ժամանակ արդեն վաղուց ԴՆԹ թեստն իր հեղափոխությունը սկսել էր ԱՄՆ-ում: Գիտակցեցի, որ շատ կարևոր աշխատանք է: Բայց իմ կոլեգաներից քչերին էր դա հետաքրքրում, քանի որ իրավաբանները մեզ մոտ բավականին կոմերցիոն մարդիկ են, և այնքան էլ չեն հետաքրքրվում մարդկային ճակատագրեր փրկելով: Ուսանողներին պետք էր ներարկել մարդու իրավունքների, սխալ դատապարտման պատճառների ու հետևանքների, ուղղման նոր մեթոդների մասին գաղափարներ: Եվ այդպես՝ մի քանի իրավաբաններով միավորվեցինք ու 2010-ին գրանցեցինք «Անմեղության իռլանդական ծրագիր» կազմակերպությունը: Առաջինը սկսեցինք մեդիա ակցիաներ, քանի որ դատական սխալների մասին պետք էր բարձրաձայնել, տեղեկացնել մարդկանց:

- «Անմեղության ծրագրերի» թիվ մեկ սկզբունքն է անվճար աշխատանքը, այսինքն՝ իրավաբանները անշահախնդիր են օգնում դատական հնարավոր սխալների զոհերին: Իսկ ինչպե՞ս եք կարողանում ընդգրկել կամավորների:

-Մեր կազմակերպությունը, որպես բարեգործական, ազատված է հարկերից ու տուքերից: Այո՛, ամեն բան արվում է անվճար: Պատկերացրեք՝ մարդը 25 տարի բանտում է, գումար չի վաստակում, ընտանիքն է՛լ ավելի է աղքատացել այդ տարիներին, ինչպես կարող է որևէ իրավաբան թույլ տալ վճարովի ուսումնասիրել քրեական գործը կամ առաջ տանել այն: Դա է պատճառը, որ մեզ հետ աշխատում են 48 կամավորներ՝ հիմնականում իրավագիտության ու ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողներ, իսկ գործող փաստաբաններն իրենց աշխատանքից դուրս՝ հաճախ գիշերային ժամերին, իրենց քնի ու հանգստի հաշվին՝ օգնում են ուսանողներին:

-Կոնֆերանսի ժամանակ ասացիք, որ Ձեր կազմակերպությունը տեղակայված է 200 տարեկան նախկին բանտի շենքում, որտեղ 200 տարի առաջ բակում թաղվել է Ժոզեֆ Փուլ անունով մի բանտարկյալ, որն, ինչպես հետո է պարզվել, անմեղ է եղել: Կպատմե՞ք այդ մասին:

-Այո, քանի որ նա աղքատ ընտանիքից էր... հետաքրքիր է, որ հիմնականում խստագույն պատիժների դատապարտված, ապա արդարացված մարդիկ ինչպես Իռլանդիայում, այնպես էլ, վստահ եմ, աշխարհում, աղքատ, իշխանության հետ կապեր չունեցող մարդիկ են եղել ու կան: Ամեն տեղ խտրականություն կա: Եթե դու աղքատ ես, չես կարող ունենալ լավ փաստաբան, հետևաբար՝ լավ պաշտպանություն: Հաճախ մեղադրական դատավճիռը դառնում է նպատակ, քանի որ անձը տեր չունի, կոպիտ ասած: Կոռումպացված համակարգ ունենք, բայց խնդիրը ոչ այնքան փողով կաշառքի մասին է, որքան քաղաքական իշխանության կողմից այս կամ այն կերպ ներգործության: Կարծում եմ՝ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Հայաստանում էլ իրավիճակը էականորեն չի տարբերվում իռլանդական իրականությունից: 

-Արդյո՞ք դատական ճակատագրական սխալների, իռլանդական բանտերում հայտնված հնարավոր անմեղների մասին Ձեր բարձրաձայնումները չհանդիպեցին դիմադրության իշխանության կողմից:

- Որևէ մարդ, որևէ պետություն հեշտորեն չի ընդունում իր՝ անգամ չնչին սխալները: Շատ աշխատանք է պետք: Եվ այդ աշխատանքը պիտի անի հանրությունը: Ես սկսեցի ուսումնասիրել Իռլանդիայում նախկին իրավական համակարգի ժամանակ քննված գործերը, հիմնականում՝ ցմահ բանտվածների, որոնք բանտերում էին, բայց մշտապես բղավում էին, թե սխալի հետևանք է իրենց դատապարտումը: Սկսեցի բարձրաձայնել այդ գործերի, այնտեղ տեղ գտած սխալների մասին: Արդյունք չունեցա, փոխարենը՝ ինձ ձեբակալեցին սարքովի մեղադրանքով, առգրավեցին հեռախոսներս, տարան ոստիկանություն: Բայց լրագրողներն օգնեցին ինձ, արեցին հետաքննություն, կապ տեսան իմ գործունեության ու ինձ լռեցնելու միջև: Շուտով մեղադրանքը հանեցին, ու սկսեցի ավելի մեծ թափով զբաղվել դատական սխալներով: Հետո անգամ մրցանակների արժանացա:

-Ստեղծվում է «Անմեղության Եվրոպական ցանցը»: Ի՞նչ եք կարծում՝ Անմեղության շարժումը ինչպես կարող է շահել այս միավորումից:

-Իմ կարծիքով՝ հրաշալի է, երբ նույն գաղափարի, բարի, արդար, վեհ նպատակի շուրջ հավաքվում են տարբեր մարդիկ տարբեր պետություններից: Ուզում են, որ իրենց պետություններում արդարադատության իրականացումը իրական ու շոշափելի լինի: Այսինքն՝ չբանտարկվի անմեղը և ազատության մեջ չմնա մեղավորը: Սխալ դատապարտումն ամբողջ աշխարհում ես համեմատում եմ համաճարակի հետ: Այն ամենուր է:   

-Իռլանդիայում ունե՞ք անկախ դատափորձագիտական կենտրոն:

-Ցավոք՝ չունենք, սա մեծ խնդիր է մեր երկրում: Անգամ հոգեբանական փորձաքննությունները կատարվում են պետական փորձագիտական կենտրոններում:

-Իսկ պահպանվո՞ւմ են արդյոք իրեղեն ապացույցները դատավճիռների՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

-Այո, ոստիկանությունը պահում է ամեն բան, որևէ բան չի ոչնչացվում: Սա ամենակարևորն է, և այդ կոչը մենք մշտապես անում ենք տարբեր երկրների դատական համակարգի որոշում կայացնողներին՝ պահպանեք իրեղեն ապացույցները, դրանք կարող են անգամ տարիներ անց լույս սփռել, իրականություն բացահայտել, անմեղին փրկել, ի վերջո:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Գագիկ18:41 - 16 հուլիսի, 2016
Ապրես Զարուհի ջան, տենց ել շարունակի!
2. Զարուհի21:38 - 16 հուլիսի, 2016
Հարգելի Գագիկ, շնորհակալ եմ շատ
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված