Չորեքշաբթի, 21 օգոստոսի

Խադիջա Իսմայլովան՝ Ադրբեջանի իշխանություններին. «Եթե ձեզ դուր չի գալիս ձեր դեմքը հայելու մեջ, ապա փոխվեք»



Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր մեկնարկեց ԵԱՀԿ Հարավկովկասյան 13-րդ մեդիա համաժողովը, որին մասնակցում են լրագրողներ եւ պետական կառույցների ներկայացուցիչներ հարավկովկասյան երեք հանրապետություններից՝ Հայաստանից, Վրաստանից եւ Ադրբեջանից: Կոնֆերանսի թեման է՝ «Ազատ մեդիայի եւ արտահայտման ազատության տարաբնույթ մարտահրավերները»:

«Ապահովությունը եւ անվտանգությունը օֆլայն եւ օնլայն» թեմայով առաջին նիստի ժամանակ զեկուցողները, որոնք ներկայացնում են միջազգային եւ ադրբեջանական հասարակական կազմակերպություններ, խիստ քննադատության ենթարկվեցին Ադրբեջանի իշխանությունները:    

Բաքվի Մամուլի ակումբի նախագահ Արիֆ Ալիեւը կարեւորեց զրպարտության համար քրեական պատասխանատվության խնդիրը՝ նշելով, որ ի տարբերություն Հայաստանի եւ Վրաստանի, Ադրբեջանը դեռւս չի ապաքրեականացրել զրպարտությունը, թեեւ վերջին տարիներին մորատորիում է հայտարարված եւ որեւէ լրագրող չի ազատազրկվել այս մեղադրանքով: «Ադրբեջանի իշխանությունները դեմ են զրպարտության ապաքրեականացմանը՝ համարելով, որ այդ դեպքում քաղաքացիները մամուլից իրենց պատիվը պաշտպանելու համար կդիմեն բռունցքի օգնությանը»,- ասաց Ալիեւը:

Թուրան գործակալության տնօրեն Մեհման Ալիեւն ասաց. «Բռնությունների թիվն Ադրբեջանում նվազել է, որովհետեւ անկախ լրագրող չի մնացել, ում կարելի է ծեծել, բոլորին գնել են իշխանությունները»:

Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտի տնօրեն Էմին Հուսեյնովի գնահատականով՝ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը պարալիզացված է: Նա փաստեց, որ այս պահին հինգ լրագրող ձերբակալված է, բազմաթիվ բլոգերներ ազատազրկված են սոցիալական ցանցերում իրենց գրառումների համար: Հուսեյնովը ոչ ցանկալի անձ է Ադրբեջանի իշխանությունների համար, ինչի պատճառով լքել է երկիրը։ 

Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովան, ով տնային կալանքի պատճառով չի կարողացել մասնակցել ԵԱՀԿ կոնֆերանսին Թբիլիսիում, սկայպով միացավ եւ պատմեց Ադրբեջանում օր-օրի վատթարացող խոսքի եւ մամուլի ազատության վիճակի մասին: Նա օրինակներ բերեց, երբ քաղաքական գործիչները եւ դիվանագետները սոցիալական ցանցերում իշխանությունների հասցեին քննադատական գրառումների համար ազատազրկվել են, իսկ նրանք, ովքեր նույն ցանցերում հավանություն են տվել այդ գրառումներին, հայտնաբերվել են եւ հարցաքննվել:

Խադիջան եւս մեկ անգամ փաստեց, որ Ադրբեջանում խոսքի եւ կարծիքի արտահայտման համար սպառնում են, ազատազրկում, միջամտում անձնական կյանքի գաղտնիությանը: Նա ընդգծեց՝ շատ կարեւոր է, որ այդ սպառնալիքների եւ հետապնդումների մասին խոսեն լրագրողները, որովհետեւ իշխանությունները ոչ միայն սպառում են, այլեւ ցանկանում են, որ այդ սպառնալիքների մասին չխոսվի:

«Մենք պիտի խոսենք այս մասին՝ որքան կարող ենք, անտեսելով սպառնալիքն ու պրոպագանդան: Խոսելն ամոթ չէ, ամոթ է հետապնդումները լռության մատնելը: Մենք՝ լրագրողներս, պետք է միասին լինենք: Եթե իշխանությունները չեն ցանկանում, որ մենք հետաքննություններ անենք, ապա մենք ավելի շատ պետք է անենք,- ասաց Իսմայլովան եւ դիմեց Ադրբեջանի իշխանություններին,- եթե չեք ուզում գրենք ձեր գողացած փողերի մասին, պարզապես մի գողացեք, եթե ձեզ դուր չի գալիս ձեր դեմքը հայելու մեջ, ապա փոխվեք»:

Լուսանկարը՝ Սուրեն Դեհերյանի 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված