ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Ուսանողները բացեցին դատախազի աչքերը



Նախկին դատախազ, «Օհայո Անմեղության ծրագրի» ղեկավար Մարկ Գադսիին հանդիպեցի Պրահայում՝ «Անմեղության եվրոպական ցանցի» առաջին կոնֆերանսի ժամանակ: Իմանալով, որ նա աշխատել է որպես պետական մեղադրող, ցանկացա հասկանալ, թե ինչպես է սկսել զբաղվել դատական սխալների վերհանմամբ ու շտկմամբ, ավելին՝ օգնել տասնյակ մարդկանց դատապարտումից տարիներ անց արդարացման դատավճիռներով ազատություն վերադառնալ:  

-Պարոն Գադսի, կոնֆերանսին ասացիք, որ աշխատել եք որպես դատախազ, մեղադրանք եք պաշտպանել, ինչպե՞ս սկսեցիք զբաղվել դատական սխալներով:

-Այո՛, դատախազ եմ եղել, զուգահեռաբար դասավանդել եմ իրավունքի դպրոցներում: Այդ ժամանակ շատ կասկածմտորեն էի վերաբերում, երբ խոսում էին բանտերում գտնվող անմեղ մարդկանց մասին, ավելին՝ չէի հավատում, որ իմ երկրում հնարավոր է անմեղին ազատազրկել: Բայց իմ ուսանողները, որոնք կամավոր ուսումնասիրել էին մի քանի գործեր «Անմեղության ծրագրերի» հետ և դրանք բերել էին արդարացման դատավճիռների, ինձ պատմում էին առաջին հայացքից անհավանական թվացող պատմություններ: Օրինակ՝ քաղաքացին 25 տարի բանտում է եղել, և մի օր պարզվել է, որ նա դատական սխալի զոհ է: Խորացա այդ գործերի մեջ, ինքս սկսեցի նայել ապացուցողական բազան:

-Փաստորեն ուսանողնե՞րը բացեցին Ձեր աչքերը:

-Այո՛, հետո՝ 2002 թվականն էր: Ինձ հրավիրեցին «Անմեղության ծրագրի»  կոնֆերանսին, որտեղ հրավիրված էին նաև դատապարտունից տասնյակ տարիներ անց արդարացված մարդիկ: Նրանց տեսնելով, լսելով, զրուցելով փոխվեցին մինչ այդ իմ ունեցած պատկերացումները: Հենց այդ ժամանակ որոշեցի՝ իմ նահանգում հիմնել «Անմեղության ծրագիր»: Այդպես էլ արեցի, և 2003-ին Օհայո նահանգում ստեղծեցի նույնանուն կազմակերպությունը:

- Հայաստանում նույնպես կա կարծրատիպ, որ եթե մարդը արդեն բանտում է, ուրեմն՝ մեղավոր է: Մանավանդ՝ պետական պաշտոնյաները հրաժարվում են ընդունել դատարանների՝ սխալվելու հավանականությունը: Ինչի՞ց եք սկսել Դուք ԱՄՆ-ում մտքի փոփոխության առումով:

-Ամեն պետություն, պետական համակարգ, իշխանություն, բնական է, որ ընդդիմանում է այս շարժմանը: Երկար տարիներ են պահանջվել, որ ամերիկյան իշխանությունը ընդունի դատական սխալները: Միգուցե Ձեզ մոտ՝ Հայաստանում դա ավելի երկար է տևում, քանի որ նոր ժողովրդավարացող պետություն է: 25 տարեկան պետություն ունեք, իհարկե դատական սխալներ ևս կան: Բայց մի կասկածեք՝ հետևողական աշխատանքի շնորհիվ մի օր վերաբացվելու են նախկինների սխալները: Կարևորը՝ իշխանությանը հասցնել գաղափարը, որ աշխարհում քրեական արդարադատության որևէ համակարգ անսխալական չէ: Ամեն դեպքում պետք է ոչ թե պայքարել իշխանության, դատաիրավական համակարգի դեմ, այլ համագործակցության եզրեր գտնել: Շատ հաճախ իշխանությունը մտածում է, որ դատական սխալի ընդունումը կվտանգի դատարանի նկատմամբ հանրային վստահությունը: Բայց հակառակը՝ երբ հին գործերը վերաբացվում են, երբ, օրինակ, 40 տարվա վաղեմության գործ է վերաբացվում, արդարացման դատավճիռ է հետևում դրան, սա մեծ հարգանք է առաջացնում դեպի ամերիկյան դատարանն ու իշխանությունը:

- «Ժյուրիի» համակարգը արդյոք նվազեցնո՞ւմ է դատարանների՝ սխալվելու հավանականությունը:

-Թվում է, թե մեզ մոտ երդվյալ ատենակալների համակարգը նվազեցնում է դատարանի սխալվելու հավանականությունը, բայց, իմ կարծիքով այդպես չէ: Հին գործերով արդարացումների բարձր ցուցանիշը վկայում է հակառակի մասին:

Նույն խնդիրը կա ԱՄՆ-ում, նույնը Հայաստանում, նույնը՝ ամենուր: Պարզապես պիտի լինի կամք՝ ուղղելու այդ սխալները: Չէ՞ որ ամեն գործի հետևում մարդկային կյանք է: 

-Հնարավո՞ր է ԱՄՆ-ում մարդուն մեկուսացնել հասարակությունից՝ դատավճռի հիմքում որպես ուղղակի ապացույց ունենալով ընդամենը մեկ ցուցմունք և մեկ դատաբժշկական փորձաքննություն:

- Հնարավոր է, բայց այդպիսի անարդարություն կարող է լինել, օրինակ, 1970-ականների գործերում, բայց ոչ այսօրվա: Դա է պատճառը, որ հիմա մենք անդրադառնում ենք այդպիսի գործերին: Պետությունն ընդունում է իր սխալները և ուղղում դրանք:

-Ի՞նչ անել, երբ պետությունը չի պահպանել ու դեռևս չի պահպանում քրեական գործերով իրեղեն ապացույցները, ինչպես, օրինակ, դա արվում է ԱՄՆ-ում:

-Կոնֆերանսին ասացիք, որ իրեղեն ապացույցները Հայաստանում ոչնչացվում են: Էլի երկրներ կան, որտեղ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռից հետո դրանք չեն պահպանվում: Պետք է սկսել օրենսդրության փոփոխությունից: Շատ դժվար է առանց իրեղեն ապացույցների: Իհարկե, այդ դեպքերում երբեմն կարող եք գտնել վկաներին, գտնել նոր ապացույցներ, բայց միևնույնն է, ամենակարճ ճանապարհը իրեղեն ապացույցների պահպանումն է: Առանց ԴՆԹ թեստերի ԱՄՆ-ում 1500-ից ավելի գործ է վերաբացվել տարբեր հիմքերով: Այնպես, որ եթե կամքը լինի, մնացածը տեխնիկայի հարց է:

Հ. Գ. Հարցազրույցը պատրաստ էր, երբ ամերիկյան մամուլից տեղեկացա, որ Մարկ Գադսիի պաշտպանյալներից Ռիկի Ջեքսոնը, որը մոտ 40 տարի է անցկացրել բանտում չգործած սպանության համար, ապա արդարացվել անցյալ տարի,ավելի քան 1 մլն դոլար փոխհատուցում է ստանալու պետությունից: Դատապարտման ժամանակ՝ 1975-ին, Ջեքսոնը եղել է 18 տարեկան: Դատավճռի հիմքում դրվել է 13 տարեկան ականատես վկայի ցուցմունք, որը 2013-ին միայն հայտարարել է, որ ստել է ոստիկանությունում, քանի որ իրեն ճնշումների են ենթարկել:  

Առաջին լուսանկարում՝ Մարկ Գադսին իր պաշտպանյալներից Ռիկի Ջեքսոնի հետ

Լուսանկարները՝ Մարկ Գադսիի ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված