Երեքշաբթի, 19 նոյեմբերի

Պրոֆեսոր Բրուքս. «16 տարի առաջ բանտային նամակը կարդալով՝ դարձա ծեր ու ալեհեր»



Արդարացում՝ 23 տարի անց

Պրահայում «Անմեղության եվրոպական ցանցի» առաջին կոնֆերանսից հետո զրուցեցի «Կալիֆոռնիա անմեղության ծրագրի» ղեկավար, պրոֆեսոր Ջասթին Բրուքսի հետ: Իմացա, որ Կալիֆոռնիայի արևմտյան իրավաբանական դպրոցում նա դասավանդում է «Դատական սխալներ» առարկան: Պրոֆեսորն ասաց, որ 1999թ-ից՝ արդեն շուրջ 17 տարի, օգնում է ամերիկյան բանտերում հայտնված դատական սխալների զոհերին: Համեստորեն նշում էր, որ ընդամենը 25 քաղաքացու է կարողացել արդարացման դատավճռով ազատություն վերադարձնել:

Երեկ նրա և «Կալիֆոռնիա անմեղության ծրագրի» շնորհիվ 25 փրկված կյանքերին ավելացել է ևս մեկը. 63-ամյա Վիլյամ Ռիչարդսի մեղադրանքը հանվել է դատապարտումից 23 տարի անց: Նա մեղադրվել էր իր իսկ կնոջ՝ 1993-ին տեղի ունեցած սպանության մեջ ու դատապարտվել ցմահ ազատազրկման: Պրոֆեսոր Բրուքսը, որը 16 տարի զբաղվել է այս գործով, կարողացել է ապացուցել՝ դատավճռի հիմքում կեղծ գիտություն է ընկած եղել, որը դատական սխալի հետևանք է դարձել: Իր ֆեյսբուքյան էջում այս առթիվ նա գրել է, որ 16 տարի առաջ Վիլյամ Ռիչարդսի բանտային նամակը կարդալով՝ դարձել է ծեր ու ալեհեր: Նամակը ստանալու օրվանից սկսել է զբաղվել այս գործով: Մի քանի անգամ դատավճռի բեկանման համար դիմել են դատարաններ, սակայն հաջողության են կարողացել հասնել միայն երեկ՝ դատավճռից 23 տարի անց:

-Պրոֆեսոր Բրուքս, ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք աշխատել դատական ճակատագրական սխալների վրա:

- 17 տարի առաջ էր, սկսեցի դասավանդել իրավաբանական դպրոցում, զուգահեռաբար սկսեցի աշխատել «Կալիֆոռնիա անմեղության ծրագրում»: Սկզբում աշխատում էի մի մահապատժի դատավճռի բեկանման ուղղությամբ: Մի քանի օր առաջ այդ դատավճիռը բեկանվեց: 17 տարի էինք աշխատել այդ գործի վրա: Շատ եմ կարևորում աշխատանքը ապագա իրավաբանների հետ: Եվ նրանք որպես կամավորներ ներգրավված են «Անմեղության ծրագրում», չէ՞ որ ապագա փաստաբաններ են դառնալու, պիտի կարողանան անմեղ մարդկանց բանտերից դուրս բերել: Ամբողջ աշխարհում անմեղության շարժումն ունի երեք նպատակ՝ անմեղ մարդկանց ազատել բանտերից, անել դա անվճար և զարգացնել քրեական արդարադատության ոլորտի օրենսդրությունը:  

- Կպատմե՞ք Ձեր 17 տարվա հաջողությունների մասին:

- Կարող եմ ասել, որ իսկապես հաջողել եմ, քանի որ17 տարվա ընթացքում 25 մարդու գործով արդարացման դատավճռի եմ հասել: Մարդիկ են, որոնք տասնյակ տարիներ պատիժ են կրել իրական հանցագործների փոխարեն: Հարյուրավոր ուսանողների դասավանդել եմ, թե ինչպես կարելի է հասնել դատական սխալների ուղղման: Աջակցել եմ, որ Կալիֆոռնիայում քրեական արդարադատության օրենսդրությունը դառնա ավելի լավը:

- Արդյոք Ձեր պայքարը հանդիպե՞լ է դիմադրության իշխանության, դատաիրավական համակարգի պաշտոնյաների կողմից: Ինչպե՞ս եք կարողացել փոխել պաշտոնյաների վերաբերմունքը դատական սխալների հանդեպ:

-Ճիշտ եք, խնդիրն ունի երկու ասպեկտ: Իրականում մենք խնդիր ենք առաջացնում իշխանությունների համար: Բայց մյուս կողմից էլ՝ օգնում ենք, որ համակարգը դառնա ավելի լավը, ավելի վստահելի: Իրականում ոչ մի համակարգ կատարյալ չէ, անգամ Apple-ի աշխատակազմն է սխալվում: Մեր նպատակը առճակատման գնալը չէ, այլ համագործակցված աշխատանքն է իրավապահ և դատաիրավական համակարգերի հետ: Անմեղության շարժումը առանձնահատուկ է նաև նրանով, որ համագործակցում ենք դատարանների, ոստիկանների, դատախազների հետ հանուն մարդու իրավունքների: Իհարկե, լինում է նաև այնպես, որ դատախազները համամիտ չեն լինում արդարացումների հետ, բայց հիմնականում մենք համագործակցում ենք հանուն ավելի արդար պետության:

-Այժմ քանի՞ «Անմեղության ծրագիր» կա Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

- Այս պահին 62 «Անմեղության ծրագիր» կա ԱՄՆ-ում, իսկ աշխարհում մոտ 80 կազմակերպություն կա, որոնք զբաղվում են դատական սխալների վերհանմամբ ու շտկմամբ: Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ Ամերիկայում մահապատժի դատապարտվածների 4 տոկոսն անմեղ է: Բայց անգամ եթե մեկ անմեղ մարդ լինի բանտում, ապա արժե, որ համակարգը վերանայի գործն ու իր մոտեցումը: Մենք այդ աշխատանքն ենք անում: Սա շատ ծանր աշխատանք է, սա նվիրյալների աշխատանք է: Եվ ոչ մի փոխհատուցում չի կարող վերադարձնել մարդուն իր չապրած տարիները:   

-Պատկերացրեք, որ ամերիկյան պետությունը չպահպաներ քրեական գործերով իրեղեն ապացույցները, ինչպես Հայաստանը, Լեհաստանը, Իսրայելը: Բնական է, որ չէիք կարողանա այդպես ցայտուն ցույց տալ տասնյակ տարիներ առաջ դատարանների կատարած սխալները: Հնարավոր կլինե՞ր գենետիկական թեստերի այս «հեղափոխությունը» անել այդ պարագայում:

-25 տարի առաջ, երբ ԱՄՆ-ում քրեական արդարադատության ոլորտում սկսեցինք կիրառել ԴՆԹ թեստերը, կարողացանք պետական մարմիններին ցույց տալ դատական սխալները: Մինչ ԴՆԹ թեստերը մենք չէինք կարողանում հասնել լուրջ հաջողությունների: Բնականաբար, այդ թեստերը հնարավոր դարձան, քանի որ 20-30 տարի առաջվա գործերով էլ իմ երկրում պահպանվել էին ապացույցները: ԴՆԹ-ն բացեց մարդկանց աչքերը, այլևս հնարավոր չէր աչք փակել ակնհայտ սխալների վրա: Սա է պատճառը, որ մենք կոչ ենք անում պետություններին՝ պահպանել իրեղեն ապացույցները:

-Կա կարծրատիպ՝ եթե մարդը բանտում է, ուրեմն մեղավոր է: Ի՞նչ դեր են կատարում անմեղության շարժման մեջ լրագրողները, նրանք նպաստու՞մ են, որ փոխվի կարծրատիպը:

- Շատ մեծ դեր ունեն լրագրողները, հատկապես հետաքննող լրագրողները: Օրինակ, Պուերտո Ռիկոյում համանուն կազմակերպությունը ղեկավարում է ոչ թե իրավաբան, այլ վավերագրող ռեժիսոր, որը հետաքննական ֆիլմեր է նկարահանում բանտում հայտնված, սակայն իրենց գործերի վերաբացման համար պայքարող դատապարտյալների մասին: Շատ ենք ունեցել դեպքեր, երբ 20-30 տարվա քրեական գործերում դատական սխալներն ի հայտ են եկել հենց լրագրողների աշխատանքի շնորհիվ: Լրագրողներն ունեն քննադատական հայացք, առողջ կասկածամտություն, իսկ դա կարևոր է այս գործերի համար: Արդարացումները ևս լուսաբանվում են, հարյուր հազարավոր մարդիկ իմանում են դրանց մասին, ինչը փոխում է մարդկանց պատկերացումները: Սա շատ կարևոր է, քանի որ մտքի փոփոխությունն է բերում իրական կյանքի փոփոխությունների:

Լուսանկարները՝ պրոֆեսոր Ջասթին Բրուքսի ֆեյսբուքյան էջից

Առաջին լուսանկարում՝ պրոֆեսոր Ջասթին Բրուքսն ու երեկ արդարացված Վիլյամ Ռիչարդսը


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված