Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի

Մեկ տարի՝ նույն տեղում. «Էլեկտրիկ Երեւան»-ի ժամանակ տուժած լրագրողների գործի քննությունը չի ավարտվել



Հունիսի 23-ին կլրանա էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության՝ Բաղրամյան պողոտայում կազմակերպած #ElectricYerevan ցույցի ցրման գործողության մեկ տարին, որի ժամանակ տուժեցին բազմաթիվ քաղաքացիներ եւ լրագրողներ: Ոստիկանները ցույցը ցրելիս ֆիզիկական բռնություն էին գործադրել լրագրողների վրա, կոտրել, վնասել նրանցից շատերի նկարահանող սարքերը, ոչնչացրել տեսագրություններն ու լուսանկարները, առգրավել ֆոտո եւ տեսախցիկների հիշողության քարտերը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2015թ. հուլիսի 3-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 164-րդ (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հոդվածների 2-րդ մասերով և 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածի 1-ին մասով: Մենք փորձեցինք պարզել, թե ի՞նչ ընթացքում է այդ գործի քննությունը, ավարտվե՞լ է, արդյոք, ուղարկվե՞լ է գործը դատարան, ու՞մ նկատմամբ է մեղադրանք առաջադրվել եւ ի՞նչ հոդվածներով:

Հատուկ քննչական ծառայությունից ստացած պատասխան գրությունից պարզվում է, որ որեւէ առաջընթաց չկա: «2015թ. հունիսի 23-ին և հետագա օրերին Երևանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում, հարակից տարածքներում, ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ, ոստիկանության ծառայողներ (այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ): Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական և դատահետքաբանական համալիր մի շարք փորձաքննություններ, կատարվել են բազմաթիվ զննություններ, առգրավումներ, քրեական գործին են կցվել և ուսումնասիրվել դեպքերին առնչվող տեսանյութեր, փաստաթղթեր: Քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է»,- ասված է ՀՔԾ պաշտոնական նամակում:

Նույնաբովանդակ պատասխան «Հետքը» ՀՔԾ-ից ստացել էր նաեւ 2015թ. դեկտեմբեր ամսին: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված