Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Արցախի Թալիշ ու Մատաղիս գյուղերում վերջին զանգը երեկ չի հնչել


ԼՂՀ Թալիշ ու Մատաղիս գյուղերի շրջանավարտների համար Արցախի ու Հայաստանի տարբեր բնակավայրերում են հնչեցվել դպրոցական վերջին զանգերը: 18-ամյա Սյուզաննա Արզումանյանը մեկն է նրանցից: Նա 12 տարի՝ հանած մեկ ամիս, սովորել է Մատաղիսի միջնակարգ դպրոցում, սակայն ավարտել է Արզնիի դպրոցը:

Սյուզաննան մեզ պատմեց, որ գարնան սկզբին չէր էլ կարող պատկերացնել, թե դպրոցը կավարտի ոչ թե հայրենի Մատաղիսում, այլ Արզնի գյուղում. «Արդեն փորձերն էինք անում, բոլորս մեր խոսքերն ունեինք, շորեր էինք առել… Իմ համար ավելի հաճելի կլիներ իմ գյուղում ավարտեի. ամեն մարդ իր հայրենիքում ուրիշ ա»:

Նա կարոտով է խոսում իր դպրոցի ու դասարանցիների մասին: Քչերից տեղեկություն ունի: Գիտի, որ իր նման Արցախի ու Հայաստանի տարբեր բնակավայրերում են ապաստան գտել:

Ապագա բժշկուհի Սյուզաննան հիմա պարապում է, որ ընդունվի բժշկական համալսարան: Բայց կենցաղային հոգսերը ծանրացած են նրա ու եղբոր ուսերին: Երեխաները խնամում են ծեր տատին ու պապին, որոնք ապրելիս են եղել Թալիշում: «Պետք ա ապահովություն լինի, անվտանգություն ու խաղաղություն: Բայց իմ լսելով արդեն անհնար ա Թալիշում ապրելը»,- ասում է շրջանավարտը:

Արցախում մնացել են Սյուզաննայի ծնողներն ու զինվոր եղբայրը: Նրա հայրը պայմանագրային զինծառայող է: Արզումանյան ծերերն ու թոռները Արզնիում տուն են վարձել ու ապրիլ ամսից ապրում են այնտեղ:

Սյուզաննայի պապը՝ 90 տարեկան թալիշցի Վոլոդյա Արզումանյանը պատմում է իր դառը մանկության ու կյանքի մասին: Գրեթե ոչինչ չի հիշում ունեցած լավ օրերից: Մանկատանն է մեծացել ծնողներին վաղ կորցնելու պատճառով: Երեք պատերազմ է տեսել, վերջին երկու պատերազմների հետևանքով ընտանիքով դարձել է փախստական: 1994-ին Վարդենիսից հետ են վերադարձել ու Թալիշի իրենց տունը վառված գտել: Սկսել են զրոյից, նորից տուն են կառուցել: Իսկ 2016-ի ապրիլի 2-ին կրկին թողել տունը: Այս անգամ չգիտեն, թե երբ կարող են հետ վերադառնալ:   

Վոլոդյա պապին հարցնում եմ Արցախի հարցի լուծման իր տարբերակի մասին. «Հո՞ւնց լուծվի, հե՞շտ բան ա, որ լուծվի, հայերի հողն ա, թուրքը ասում ա՝ իմ հողն ա: Բա հայություն իլնի՞ ոչ: Ես մի թիզ հող չեմ տա, եթե ես իլեմ պրեզիդենտ: Կռիվ անի, ես էլ կանեմ, խաղաղություն իլի, ես էլ կանեմ»:

Այս ընթացքում Սյուզաննայի եղբայրը՝ Նվերը մի քանի անգամ հետ է վերադարձել Մատաղիս: Մի քանի օր առաջ է եկել՝ այս անգամ իր հետ բերելով Սյուզաննայի շանը. «Ասեցի շանը բերեմ, էրեխեն կուրախանա»,- մեզ ճանապարհելիս ասաց Նվերը:


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։