Շաբաթ, 16 նոյեմբերի

Երազում են, որ Խաչատրյան գերդաստանի ութերորդ թոռը Թալիշում ծնվի


Խաչատրյանները` իրենց 7 թոռներով, ուզում են վերադառնալ հայրենի Թալիշ

Թալիշեցի Էմմա Խաչատրյանի փոքր հարսը շուտով լույս աշխարհ կբերի առաջնեկին, կծնվի Խաչատրյան գերդաստանի ութերորդ թոռը: Երբ սկեսուրը հարսին այստեղ բժշկի է տարել, վերջինը հարցրել է, թե որտեղ է ծննդաբերելու, հարսն էլ միանգամից պատասխանել է` մեր գյուղում:  

Խաչատրյան ամուսինները` երեք հարսների, աղջկա ու յոթ մանկահասակ թոռների հետ Թալիշից Առինջ են հասել այս տարվա ապրիլի 2-ին: Առինջում այս պահին ընտանիքի տղամարդկանցից միայն հայրն է` Սլավա Խաչատրյանը` կնոջ, հարսների ու թոռների հետ: Երեք տղաներն ու փեսան Արցախում են, դիրքերում: Բոլորն էլ պայմանագրային զինծառայողներ են:

Արդեն հավեր են գնել, որ երեխաները տնական ձու ունենան, բայց չեն ուզում Առինջում հաստատվել ու մեծացնել տնտեսությունը: Օրերն են հաշվում, թե երբ մի քիչ իրավիճակը կխաղաղվի, որ վերադառնան Արցախ: Ասում են, որ իրենց տունը քիչ է վնաս կրել, ապրել կլինի:

«Տան վիճակը լավ ա, պատուհաններն են ջարդված, կարելի ա հավաքել: Մեր հարազատ գյուղը նա ա, ո՞ւր գնանք, նորից ստեղծենք: Որ հարսիս հարցնեք, կասեն` Թալիշն ենք ուզում: Չեն ուզում էստեղ մնանք, երեխեքս էնտեղ են, մի քիչ խախանդվի, հետ կգնանք»,- պատմում է տիկին Էմման:

Արցախի Թալիշ գյուղի բնակիչները մեզ հետ հանդիպումներում միաբերան նշում են, որ իրենց ընտանիքները լավ են ապրել հայրենիքում: Խաչատրյանները բացառություն չեն: Նրանք, օրինակ, 50-60 կով են ունեցել, որոշները տուժել են ապրիլյան պատերազմի ժամանակ: Մնացած կենդանիները հիմա Մատաղիսում են. «Տղաներս տվել են մի մարդու, տարել ա պահի»:

Խաչատրյաններն, ինչպես և շատ թալիշեցիներ, կրկնակի փախստականներ են: Լավ են հիշում 1992 թվականը, երբ ստիպված թողել են տունը: «Քանդած տարած էր մեր տունը, պատերն էին մենակ»,-ասում է ավագ Խաչատրյանը: Գյուղի ազատագրումից հետո նրանք վերադարձել ու նորից տուն են դրել, տնտեսություն զարգացրել` կարծելով, թե զինադադարի պայմաններում անվտանգ կապրեն: Բայց 22 տարի անց պատմությունը կրկնվել է:

«Էրեխոցը վեր ենք կալել, որ դուրս գանք, հետո մտանք պադվալ: Մի կերպ գնացի, որ ավտոբուսով տանեմ, դեն գցեց… էրեխեքը կանչում են պապա-պապա, ասի` սաղ եմ: Սարի հետևով փախել-եկել են Մատաղիս, հետո էրեխոցը հանել ենք»,- պատմեց այս մեծ գերդաստանի ավագը` Սլավա Խաչատրյանը:

Ընտանիքը գոհունակություն էր հայտնում Առինջի գյուղապետարանից ու ժողովրդից: «Էս տան ժողովուրդը Մոսկվայում են ապրում, տան դռները բացել են, ինչքան գիտեմ՝ 50.000 դրամ է վարձը, կեսը գյուղապետարանը կտա, կեսը՝ մենք, որ չտան էլ, ոչինչ»,- ասում է տիկին Էմման, բայց, միևնույնն է, մտքերով երեք տղաների մոտ է:

Նա  խաղաղություն է ցանկանում Արցախ աշխարհին. «Կարևորը զոհ չլինի, նորից կռիվ չլինի: Ոչ հարստություն, ոչ փող, ուտելիքով կյանք չի ստեղծվում, մենակ ուրախ լինեն: Քաղաքը գյուղը նույնն ա, էնքան որ կռիվ չլինի… մեզանով չի, մեծամեծերը պիտի որոշեն, մի պայմանագիր լինի, գնամ, խախանդ ապրեմ»:

Մինչ մենք զրուցում էինք ընտանիքի մեծերի հետ, կրտսեր Սլավա Խաչատրյանը մտքերի մեջ էր ընկել: Ասացին, որ մայիսի 26-ին նրա 9-ամյակն է, սպասում է, որ հայրը` Ալեքսանդրը, դիրքերից գոնե մի օրով գա իրենց մոտ:

Հ.Գ. Գործընկերս` Դավիթը, ֆոտոխցիկով փորձում է լուսանկարել Թալիշից տեղահանված ու Առինջ գյուղում հաստատված Խաչատրյանների յոթ թոռներին: Ֆոտոխցիկը տեսնելով` մանկահասակ աղջիկներից մեկը` երկու տարեկան Ալվարդիկը լաց է լինում: Մայրը հանգստացնում է երեխային. «Մի՛ վախեցի, չեն կրակում»: 


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։