Երկուշաբթի, 18 նոյեմբերի

Թալիշցի Խալափյաններն Արզնի տեղափոխվելու երկրորդ օրը սկսել են մշակել հողամասը


Երբ մտնում ես Արցախի Թալիշ գյուղից տեղահանված Խալափյանների նոր բակն Արզնիում, թվում է՝ այնտեղ անմշակ տնամերձ երբևէ չի եղել: Թեպետ մայրն ու երկու որդիները մեկ ամիս են Արզնիում, սակայն գալու երկրորդ օրվանից սկսել են հողամասը մշակել, հետո էլ գոճներ ու հավեր են գնել:

69-ամյա Սվետլաննա Խալափյանը ծնունդով Ղարաբաղի Չայլու գյուղից է, ամուսնացել է թալիշեցու հետ, ունեցել են 12 երեխա: Բոլորն ամուսնացել են, բացի երկու տղաներից Սերյոժայից ու Ստեփանից. «Ազաբ էրեխոցս հետ եմ մնացել»,-ասում է Սվետլաննա Խալափյանը:

Ապրիլի 2-ին, տիկին Սվետլաննայի ծննդյան օրը, Թալիշում ապրող մյուս ընտանիքների նման նրանք դարձել են կրկնակի փախստական: «Վերջին օրերը միտս են ընկնում, չեմ էլ ուզում խոսամ»,-պատմում է երկու պատերազմ վերապրած կինը:

Ընտանիքը նախ եկել է Մասիս, հետո Վանաձոր, ապա տեղափոխվել Արզնի. «Օդը լավն ա, մեր գյուղի նման»,-նկատում է 69-ամյա Սվետլաննան՝ ավելացնելով, որ իրենք հողի, սեփական տան սովոր մարդիկ են:

Արզնի գյուղի փակված տներից մեկը նրանց 25 հազար դրամով վարձով են տրամադրել: Վերջին օրերին Սերյոժան գնացել է Թալիշ, տնից մի քանի անհրաժեշտ իրեր ու փաստաթղթեր է կարողացել դուրս բերել, չի մոռացել նաև հանգուցյալ հոր լուսանկարը. «Հիմի հոր նկարը որ բերել ա, ասել ա՝ ոչ մի բան, որ չտանեմ, սա պիտի հասցնեմ մամային: Որ բերել ա, ուրեմն սա իմ տունն ա»,-նշում է բազմազավակ մայրը:

Ընտանիքը Թալիշ վերադառնալու համար անվտանգության երաշխիք չի տեսնում. «Եթե հարմարվի, եթե տները սարքվեն… բայց հիմիկվա դրությամբ, եթե ոսկի փռեն Թալիշի վրա, չի լինի»,-կարծում է տիկին Սվետլաննան:

Ընտանիքի նոր բացված հաշվեհամարին (AGBA կրետիտ ագրեկոլ բանկ, Աբովյանի մասնաճյուղ 220302449362000) փոխանցված գումարի շնորհիվ Սերյոժան կարողացել է երեք ամսվա տան վարձը միանգամից տալ, մնացած գումարով էլ գոճիներն ու հավերն է գնել: Ուզում է մեծացնել տնտեսությունն ու հաստատվել Արզնիում: Նպատակ ունի կովեր գնել, բայց դեռ գումարը չի հերիքում: Սերյոժան ու Ստեփանը, բացի տան տնտեսությունը զարգացնելուց, մտածում են աշխատատեղի մասին: Գործ են փնտրում:

Սրյոժան հիշում է մանկությունը, երբ 1992-ին, չորս տարեկանում, նորից փախել են ծնողների ու 11 քույր-եղբայրների հետ: Վստահ չէ, որ երկու անգամ կատարվածը նորից չի կրկնվի: Դա է պատճառը, որ Թալիշ վերադառնալը չի պատկերացնում:  

«Նույնը էլի կրկնվելու ա… ստեղ ապրեմ, ստեղ ստեղծեմ, իմանամ, որ ստեղծածս վայելելու եմ»,- ասում է Սվետլաննայի կրտսեր տղան՝ Սերյոժան՝ ընդգծելով, որ Թալիշում իրենք, նաև համագյուղացիները լավ էին ապրում. «Կարելի ա ասել երևանցիքից հարյուր գլուխ լավ էինք ապրում: Բայց հիմա էդ արած-դրածը թողել են, փախել»:

Սերյոժան 2 տարի ութ ամիս ծառայել է ԼՂզինված ուժերում, ապա մեկնել Ռուսաստան արտագնա աշխատանքի, այնտեղ զբաղվել է շինարարությամբ, բայց հետո վերադարձել հայրենի Թալիշ: Պատերազմական գործողությունների, Արցախի հարցի կարգավորման մասին իր պատկերացումներն ունի Սերյոժան. «Ես կորոշեի միանգամից սկսվի. կամ էս կողմ, կամ՝ էն կողմ, ոչ թե էս խաղաղ կյանքում օրական զոհ»:


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (2)
1. Tristan11:59 - 28 մայիսի, 2016
hello. I am in Australia and would like to donate to this family. is there a donation link? how can i donate?
2. Zaruhi12:41 - 28 մայիսի, 2016
Dear Tristan, thank You. Iit is written in article: An bank account at ACBA has been opened by the Khalapyan family at the Abovyan branch (#220302449362000)
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։