ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

14 տարեկան աղջնակը՝ մեծամեծերի պատերազմի ու դաշնամուրի մասին


«Մի դաշնամուր լիներ, սովորածս չմոռանայի»,-ասում է Ղարաբաղի Մարտակերտ քաղաքի բնակիչ, 14 տարեկան Մանան Խաչատրյանը: Հետո էլ, կարծես, ուղղում է ինքն իրեն. «Բայց որտե՞ղ կդնենք դաշնամուրը, ամսվա վերջին մեզ հանելու են էս տնից»:

Մանանը ծնողների, չորս ամսականից մինչև տասներկու տարեկան վեց եղբայր-քույրերի հետ ապրիլի 24-ից ապրում է Աբովյան քաղաքում՝ ծանոթի բնակարանում: Սակայն մեկ ամսով են այն տրամադրել: Բազմազավակ ընտանիքը նորից բնակատեղ է փնտրում:

Խաչատրյանների բազմազավակ ընտանիքը Մարտակերտի իրենց բնակարանից ստիպված դուրս է եկել ապրիլի 2-ին: Նախ գնացել են Ստեփանակերտ, ապրել «Երևան» հյուրանոցում մինչև ապրիլի 23-ը, ապա՝ եկել Աբովյան:  

Վերջին երկու ամսվա ընթացքում ընտանիքի չորս դպրոցահասակ երեխաները երկու դպրոց են փոխել. նախ ուսանել են Ստեփանակերտում, հիմա էլ՝ Աբովյանում: Շուտով հնարավոր է՝ նորից դպրոց փոխեն:

«Երբ եկանք Աբովյան, պայուսակ չունեի, որ դպրոց գնամ, հետո առանք, իսկ փոքրերին դպրոցը տվեց,-ասում է 8-րդ դասարանում սովորող Մանանն ու ավելացնում, որ ամեն տեղ իրեն լավ են ընդունել, բայց ուզում է Մարտակերտի դպրոցը գնալ,- խաղաղվելու է, գնալու ենք, բայց մենք հիմա վախենում ենք հետ գնանք: Եթե խաղաղություն լինի, կգնանք, եթե չլինի, չենք էլ գնալու»:

Մանանը վերլուծում է Ղարաբաղի իրավիճակը: Համոզված է՝ զինվորները չեն ուզում, որ կռիվ լինի. «Մեծամեծերն են ուզում, զինվորներին ստիպում են, որ կռվեն, խեղճ զինվորներն են զոհ դառնում, ոչ թե պրեզիդենտները: Արդեն 25 տարի անցել ա, կարային 25 տարվա մեջ լուծեին Ղարաբաղի հարցը, բայց չլուծեցին»:

14 տարեկան աղջնակը խոսում է նաև հակառակորդ կողմի մասին, ասում, որ իր մեջ ադրբեջանցիների հանդեպ չկա ատելության զգացում. «Չեմ ատում նրանց, իրանք էլ են մեղք, ժողովուրդները մեղավոր չեն, որ պատերազմ ա»:

Մանանը խաղաղության մասին է երազում, նպատակ է դրել՝ դառնալ դաշնամուրի ուսուցչուհի: Մինչ այդ, օգնում է մորը՝ 34-ամյա Սիրանույշին հասցնել տան գործերը: Վեց քույրերին ու եղբայրներին, որոնք իրենից փոքր են, կերակրում է, քնեցնում, զբաղեցնում:


7 երեխաների մայր Սիրանույշը պատմում է, որ 1992-ին իր երեխաների պես ինքն էլ ծնողների հետ դարձել է փախստական, ու հիմա նույն պատմությունը չար երազի նման կրկնվում է:

«92-ին 10 տարեկան էի, հիմա 34 տարեկան եմ ու 7 երեխայի հետ եմ դուրս եկել իմ տնից»,-ասում է Սիրանույշը:  

 

Ընտանիքի հայրը՝ Ռաֆիկը որպես երկրորդ կարգի հաշմանդամ և անհետ կորածի ընտանիք, Մարտակերտում բնակարան է ստացել: Ռաֆիկը առաջին տղայի անունը Արցախյան պատերազմի ժամանակ անհետ կորած  հոր պատվին Սլավիկ է դրել: Վեցերորդ երեխայի ծնվելու կապակցությամբ ԼՂՀ-ի կառավարությունը նոր տուն է կառուցելիս եղել: Սիրանույշն ասում է, որ հիմքը արդեն կա, անգամ ամուսինը այս տարվա մարտին հողամասում ծառատունկ է արել:

Ընտանիքն ուզում է վերադառնալ հայրենիք, բայց ապահովության ու անվտանգության երաշխիք չի տեսնում. «Կարևորը երեխաներիս ոչ մի բան չի պատահել, բայց ես նորից սթրեսները չեմ ուզում ապրեմ, երկու անգամ տեսել եմ, տարել եմ, երեխաներիս մասին եմ մտածում»:

«Հետքը» զրուցեց Աբովյանի Սոցիալական ապահովության տարածքային գրասենյակի պետ Զինավոր Սարգսյանի հետ: Նա տեղեկացրեց, որ ԼՂՀ-ից տեղահանված 30 ընտանիք է ապրում Աբովյանում ու հարակից գյուղերում: Նրանց կեսը Թալիշից են, մյուս ընտանիքները՝ Հաթերք, Աստկերան, Մարտակերտ բնակավայրերից: ՍԱՏԳ պետը նշեց, որ Արցախից ապրիլին եկած ընտանիքները հիմնականում տեղավորվել են ազգականների տանը:


Զինավոր Սարգսյանն ընդգծեց, որ ԼՂՀ կառավարության ներկայացուցիչը հորդորել է Արցախից եկած ընտանիքներին վերադառնալ հայրենիք՝ խոստանալով աջակցել, տրամադրել թեկուզ ժամանակավոր կացարան, մինչև իրենց բնակարանները կվերանորոգեն:

Աբովյանում մեր գտնվելու ժամանակ պարզեցինք, որ 30 ընտանիքից երեքն արդեն վերադարձել է Արցախ, ևս մեկ ընտանիք դեպի Արցախ ճանապարհին էր:


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։