Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Հրազդանի «քոլեջի» հանրակացարան. «Եկանք, խրվեցինք, մնացինք… ճահիճ ա»


Զարուհի Մեջլումյան

Հրազդան քաղաքում փնտրում ենք «քոլեջի» հանրակացարանը, որտեղ արդեն 24 տարի ապրում են նաև փախստականներ: Մոտավորապես գիտենք, որ այն Հրազդանի քաղաքապետարանից հեռու չէ:  

-Հա, կռիսանո՞ցն եք ման գալիս,- մեր հարցին ի պատասխան` ասում է մի երեխա՝ ձեռքով ցույց տալով մոտակա շենքը, որի վրա գրված է՝ Կենտրոն 94,- էս ա, բայց զգույշ եղեք, շատ կռիսներ կան էդ շենքում:

Դժվար է հավատալ, որ նոր ցուցանակով ու «Կենտրոն» մակագրությամբ այս շենքը հենց Հրազդան քաղաքի կենտրոնում է. անմխիթար պայմանները երևում են անգամ շենքի արտաքին մասից, տեղ-տեղ բացակա ապակիներից:

Հանրակացարանի բնակիչներից Անուշ Առաքելյանը այստեղ է ապրում 1992-ից: Ծնունդով Ղարաբաղի Թալիշ գյուղից է:

-Եկանք, խրվեցինք, մնացինք… ճահիճ ա,- ասում է Անուշը, ու դեմքի արտահայտությամբ հասկացնում, որ տեսախցիկը իրենից հեռու պահենք:

-Տղաս Ղարաբաղում ծառայում ա, չեմ ուզում, որ վատ զգա իրան, ամաչում եմ էս պայմաններից:

Քոլեջի հանրակացարան անունը ստացած շինությունը մինչև 2006 թ-ը գտնվել է կրթության ու գիտության նախարարության հաշվեկշռում, մոտ տասը տարի է Հրազդանի քաղաքապետարանի հաշվեկշռում է: 24 տարվա ընթացքում  հանրակացարանում ապրող ընտանիքների թիվը տատանվել է՝ 20-30, որոնցից մոտ կեսը փախստականներ են եղել ու կան: Նրանց խոսքով, մշտապես բողոքել են, որ շենքը 4-րդ աստիճանի վթարայնության է, որ առնետներ կան, անգամ երեխաների քիթ ու ականջ են կրծել, որ վախենում են երեխաների անվտանգության համար, բայց ապարդյուն:    

Քարուքանդ աստիճանների, շենքի միակ հոսող ծորակի, գարշահոտով լցված պետքարանների մոտով Անուշը մեզ ուղեկցում է իրենց խոհանոց: Մինչ անցնում էինք փուլ եկեղ աստիճաններով ու մութ միջանցքներով, տեղի բնակիչները արձագանքում էին. «Նկարեցե՜ք, նկարեցե՜ք, չեղած տուալետն էլ նկարեցեք… մենակ ընտրությունից ընտրություն են հիշում մեզ»:

Նկարեցինք հանրակացարանի տարածքը, իսկապես չգտանք պետքարաններ ու բաղնիքներ: Այն, ինչ օգտագործվում էր այդ նպատակով, արձանագրեցինք մեր տեսախցիկով:

Ղարաբաղում ապրիլյան պատերազմի հետևանքով հանրակացարանում ապրող փախստականների մոտ ապաստան են գտել նրանց հարազատները: Ապրիլի 3-ից տիկին Անուշի մոտ են ծնողները: 80-ամյա Ռայա և Մուշեղ Միրաբյանները կրկնակի փախստականներ են. 92-ին Թալիշից եկել են դարձյալ այս նույն հանրակացարանը, իսկ գյուղը ազատագրելուց հետո վերադարձել: Նրանց աղջիկը՝ Անուշը ընտանիքով մնացել է հանրակացարանում: Միրաբյանները յոթ երեխա ունեն: Նրանցից վեցը ապրում են Ռուսաստանում, միայն Անուշն է մնացել Հաայստանում:

«Լավ էինք ապրում Թալիշում, անասուն ունեինք, ամեն ինչ: Հիմա գրադը տանս կեսը տարել ա… իրեք օրից հետո եկալ են գյուղապետով, միլիցայով հանել են մեզ, սաղ գյուղը մարդ չկար »,-ասում է տիկին Ռայան, ով ամուսնու ու երեք հարևանների հետ երեք օր մնացել է նկուղում:

Մուշեղ պապն էլ, թե. «Օզում չեմ լաց լինեմ, մենակ մըր թոշակն ենք օզում»: Տարեց ամուսինները հետաքրքրվել են թոշակի համար, պատասխանել են, որ եթե Հայաստանում գրանցված չեն, չեն կարող ստանալ. «Թող Ղարաբաղից փոխանցեն, ստանանք, լի»,-նորից պնդում էր Մուշեղ պապը: Նա ասում էր, որ օր առաջ ուզում է հետ գնալ Թալիշ, բայց դեռ ստիպված է սպասել:  

Հրազդանի քոլեջի հանրակացարանում 1992-ից ապաստան է գտել նաև Արևհատ Խաչատրյանն՝ իր հինգ երեխաների հետ: Պատերազմի ավարտից հետո Ղարաբաղ չի վերադարձել: Հինգ երեխաներից միայն Լիաննան է ամուսնացել Ղարաբաղում: Ապրիլի 2-ին նա երեք որդիների, հիվանդ սկեսուրի ու սկեսրայրի հետ ստիպված է եղել փախչել: Այսօր հանրակացարանի մեկ սենյակում նեղ են արել, տեղ արել:

-Իմ պատմությունը կրկնվեց, 14 տարեկան էի, որ եկանք էս նույն հանրակացարան: Հետո ամուսնացա, գնացի նորից մեր Ղարաբաղը: Հիմա իմ տղեն ա 14 տարեկանում նույնը տեսնում,- պատմեց Լիաննա Խաչատրյանը:

Լիաննան ասում է, որ միայն երեխաների մարզական մրցանակներն է հետը բերել: Հիմա նրանց Հրազդանից երկու ավագ տղաներին տեղափոխել է գիշերօթիկ դպրոց: Իսկ 8 տարեկան Գարիկն անընդհատ մորն ասում է. «Ավելի լավ ա կռվի տեղը քինանք»:   

Վերջում խնդրում են մի քիչ սպասել: Փոքր սեղանին լցված ժինգյալն են ցույց տալիս: Արևհատը պատմում է, որ գնում, հավաքում են ժինգյալը, որ կարողանան մեծ ընտանիքը կերակրել: Արդեն դուրս ենք գալիս միջանցքով հեռանալիս լսում Արևհատի ձայնը.

-Ժինգյալ եմ սարքում, սպասեցեք…

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։