Երկուշաբթի, 09 դեկտեմբերի

«Մարդիկ աջակցել են դրամով, հագուստով, բայց պետական մարմինները լուռ են»


Վերջին մեկ ամսվա ընթացքում այցելում ենք ապրիլյան մարտական գործողությունների հետևանքով Արցախից տեղահանված ընտանիքներին: Դեռ չեմ  հանդիպել արցախցու, որն ասի, թե վատ են ապրել: Բոլորը նշում եմ հակառակի մասին: Թալիշում 11 տարի ապրած Փիրուզա Մխիթարյանի ընտանիքը բացառություն չէ. «Լավ ենք ապրել. տուն-տեղ, անասուն՝ կով, ոչխար, խոզ, ձի, հավ ենք ունեցել, կաթ, մածուն, կարագ, ցորեն, միրգ ու բանջարեղեն. գյուղատնտեսական տեխնիկա, ամեն ինչ ունեցել ենք, մի րոպեում կորցրեցինք»,- պատմեց Երևանից Թալիշ հարս գնացած, հիմա արդեն չորս երեխաների մայր Փիրուզան:

Փիրուզա Մխիթարյանն՝ իր չորս երեխաների հետ ապաստան է գտել մոր մեկսենյականոց բնակարանում, որտեղ ապրում է նաև եղբոր ընտանիքը: «Մարդկանց նեղություն ենք տալիս, գոնե մի փոքր անկյուն տրամադրեր պետությունը մեր բազմազավակ ընտանիքով կապրեինք: Օրինակ` Չարենցավանում տեղեկացել եմ, որ աջակցել են, օգնել են պետական մարմինները, տվել են անհատույց բնակարաններ»:

Փիրուզան անձամբ է գնացել Էրեբունու թաղապետարան: Պատմեց, որ տվյալներ են վերցրել, հեռախոսահամար, բայց մինչ օրս ոչ մի արձագանք: «Ասացին, գնացեք, մենք կկապվենք: Մարդիկ աջակցել, օգնել են այս օրերին դրամով, հագուստով, բայց պետական մարմինները լուռ են»,-նշեց չորս երեխաների մայրը:

3-17 տարեկան չորս երեխաներից մեկը՝ 15-ամյա Գոռը գերադասել է աշխատել, որ օգնի ընտանիքին (մեր այցելության պահին էլ աշխատանքի էր): Հայտարարություններով զանգել ու գտել է աշխատանք ավտոլվացման կետում. «Հիմա օրը 1000 դրամ հացի ա գնում, չգիտեմ, թե ինչ հացեր են, ես թխում էի Թալիշում մեր ալյուրից: Գոռս աշխատում ա, որ օգնի»,-պատմում էր Փիրուզան՝ նշելով, որ արցախյան պատերազմի մասնակից ամուսինն այժմ էլ Թալիշում է: Նա կնոջը պատմել է, որ տունն ամբողջովին ավերված ու թալանված է գտել. «Բոլորի համար հարցական ա, թե ով ա թալանել»:

Ապագա ամուսնու՝ Գագիկ Ապրեսյանի հետ Փիրուզան ծանոթացել է Երևանում, ամուսնացել են 1998 թ.-ին, երկու որդիները ծնվել են մայրաքաղաքում: Մինչև 2005 թ.-ը Երևանում վարձով են ապրել: 11 տարի առաջ տեղափոխվել են Ղարաբաղ, Թալիշ: Կրտսեր երկու երեխաներն էլ ծնվել են Թալիշում: ԼՂՀ կառավարությունը տուն է կառուցել Ապրեսյանների համար՝ որպես բազմազավակ ընտանիք: 2010 թ.-ից բազմանդամ ընտանիքն ապրել է սեփական երեքսենյականոց տանը:

Փիրուզան տանն է եղել, երբ ապրիլի 1-ի գիշերը գրադը ընկել է հյուրասենյակի պատուհանի մոտ, հետո՝ երկրորդը, իսկ երրորդն ընկել է տանիքի վրա: Մոտ 30 հոգի հարևաններով բազմոցի հետևն են թաքնվել, որ բեկորներ չկպնի: Անասունները գոմերում են մնացել, ընտանիքի հայրը մեծ տնտեսությունից կարողացել է փրկել ընդամենը 2 կով:

«Կարմիր մեծ գունդ էր գալիս: Բարութի հոտից խեղդվում էինք, ջուր չէինք գտնում, որ խմեինք, էլ չեմ հիշում, թե ինչ եմ հագցրել էրեխեքին: Ես էլ գիշերանոցով եմ փախել: Եթե Խալափյան Գագիկը չասեր, որ թուրքը գյուղ ա մտել, ոչ մեկը սաղ չէր մնա, չգիտեմ, թե ոնց ենք փրկվել, տուն առ տուն կոչնչացնեին: Թալիշում հյուր եկած քելբաջարցի մի բարի մարդ է դուրս բերել մեզ: Մեքենայի լույսերն անջատած հասել ենք մինչև Քելբաջար: Փոքր գազելատիպ մեքենայում 30 հոգով էինք իրար գրկած, կուչ եկած, թաքնված: Հետո եղբայրս եկավ մեզ բերեց Երևան»,-պատմեց փախստական դարձած Փիրուզա Մխիթարյանը:

Նա իր ընտանիքի ապագան ուզում է տեսնել Արցախում, միայն, թե խաղաղություն լինի, երեխաների անվտանգությունն ապահովվի. «Աշխատող, շենացնող, պայքարող մարդիկ են արցախցիները, նորից ամեն ինչ զրոյից կստեղծեն, կապրեն»:  

Հ.Գ. Այն քաղաքացիները, ովքեր կցանկանան օգնել Ապրեսյաններին, կարող են փոխանցումներ կատարել նրանց Փիրուզա Մխիթարյանի անունով բացված հաշվեհամարին:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (2)
1. փիրուզակ15:01 - 8 մայիսի, 2016
Շարքային մարդիկ, իհարկե, կօգնեն, բայց ինչու որպես լրագրող չդիմել պատկան մարմիններին, թե ուր են այս կարգի ընտանիքների համար նախատեսված միջոցները: Չէ որ քանիցս հայտարարվում են, որ Սոցապ նախարարությանը համապատասխան հրահանգներ են տրված: Ինչու հենց Փիրուզայի նշած Էրեբունի թաղապետարանին չդիմել բացատրություն տալու վերաբերյալ? Մենք ունենք պետություն և պետությունից պետք է պահանջել, որ կատարի իր պարտքը քաղաքացու նկատմամբ, ինչպես քաղաքացին է իր պարտքը կատարում պետության նկատմամբ հարկերի մուծման, բանակում ծառայելու ձևով և այլն: Ինչ է ՊԱՀԱՆՋԱՏԵՐ պետք է լինել միայն ցեղասպանության հարցում է, իսկ ՀԱՍՑԵԱԿԱՆ դիրքորոշումը ՄԻԱՅՆ միջազգային հանրությունից է պահանջվում ապրիլյան բրից-կրիգի հետ կապված?????
2. Շուշան23:08 - 8 մայիսի, 2016
Նկարում հաշվեհամարը չի երեվում լավ կլիներ գևեիք տեքստում : Միգուցե գտնվեն սրտացավ մարդիք եվ օգնեն:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։