Կիրակի, 17 նոյեմբերի

«Բարձր մարմիններին խնդրում եմ` կանգնեցրեք պատերազմը, մեղք են էրեխեքը»


Ապրիլի 2-ին Թալիշից Չարենցավան եկած Աբելյան ընտանիքի տղաները մեր այցի պահին բակում խաղում էին: Տուն մտան մի քանի րոպեով, այն էլ իրենց լուսանկարելու` մեր խնդրանքը չմերժելու համար: Արագ մի քանի բառ փոխանակեցինք: Հասկացա, որ նոր ընկերներ ունեն նոր դպրոցում ու նոր տան բակում:

«8 թոռիս բերել եմ, անվնաս հասցրել»,-ասում է թալիշցի Վարյա Աբելյանը, ով ընտանիքի 15 անդամների հետ ապրիլի 2-ին կարողացել է հասնել Չարենցավան:

Աբելյանների ծանոթները մի բնակարան են տրամադրել նրանց, որի դուռը 20 տարի փակված է եղել: Հիմա տունը լցվել է երեխաների ձայնով ու խաղով: Կոմունալ հարցերը արագ կարողացել են լուծել, միայն գազիֆիկացման հարցն է մնացել չլուծված: Գումար է պետք ու տան տերերից համաձայնություն:

Ընտանիքի հայրը` Արցախյան պատերազմի մասնակից, Շահեն Մեղրյանի ջոկատի ազատամարտիկ Վանիկ Աբելյանը` որդու ու կնոջ հետ այս օրերին մի քանի անգամ վերադարձել է հայրենի գյուղ: «Գնում եմ կամավորների, զինվորների համար թոնիր վառում, հաց եմ թխում, անասուններին նայում»,-ասում է տիկին Վարյան ու պատմում, որ հետ վերադառնալով` տունը թալանված են գտել:

Տիկին Վարյան մեզ է ցույց տալիս իր արած գրառումները: Հուշեր է գրում իր կյանքի, պատերազմի մասին: Ասում է, որ ասելիք, պատմելիք շատ ունի: Երկու պատերազմ է տեսել. «1992-ին մի տարի մնացինք Լենինականում, աղջիկս առաջին դասարան Լենինականում գնաց: Հետո տեղափոխեցինք Հրազդանի տեխնիկումի հանրակացարան: Երկու տարի մնացինք»:

1994-ի ապրիլին, երբ հայկական բանակն ու կամավորները ազատագրել են Թալիշ գյուղը, Աբելյանները վերադարձել են հայրենի գյուղ. «Ասի` կռիվ եմ տեսել, ես չեմ գալիս, Վանիկն ասեց, բա ո՞ւմ համար ենք ազատագրել գյուղը, ում համար ենք կռվել»,- պատմեց Վարյա Աբելյանը:

Պատմությունը շարունակում է տիկին Վարյայի ամուսինը` Վանիկ Աբելյանը. «1992-ին Ստեփանակերտից ճամփեցի ընտանիքս, Շահեն Մեղրյանի ջոկատը մտա 93-ի փետրվարին: Գյուղը 94-ին ազատագրեցինք: Մինչև պատերազմը Թալիշում 800 տուն կար, բայց 800 ընտանիքից 125- հետ վերադարձավ 94-ին ու դրանից հետո: Մենք հետ եկանք, ախր, մեր ծննդավայրն ա, հողը քաշում ա»,-ասաց մեծ ընտանիքի հայրը:

«94-ի օգոստոսին քյացել եմ Թալիշ, մըր տունը վառված ա եղել… քյացինք նորից մոխիրը յան-յան արինք, նորից կառուցեցինք, նորից ստեղծեցինք, արարեցինք, իրար քցեցինք, 20 տարի լյավ ապրել ենք, խանութ ենք ունեցել, ինտերնետ կլուբ»,- ասաց Վարյա Աբելյանը` նշելով, որ 20-30 խոշոր անասուն ունեն, 130 հատ ոչխար ու գառ: Հիմա խանութը չկա: Տիկին Աբելյանը մեզ է ցույց տալիս հեռախոսով լուսանկարած խանութի ավերակները:  

Վանիկ Աբելյանը ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ընտանիքը ճանապարհել է, ինքը մնացել գյուղում: Ահա, թե ինչ է պատմում խոշտանգված Խալափյանների ընտանիքի հետ պատահածի մասին. «Խալափյան Գագիկը գնաց իրենց տուն, արագ հետ եկավ: Ասեց`մեր տան դեմը մարդիկ կան կանգնած, ուրիշ լեզվով են խոսում: Հետախույզներից մեկին վերցրեց, գնաց, տեսավ հերը, մերը, տատը սպանված են: Գյուղը դրանից հետո լրիվ լքեցին: Իրեք հատ հրացան ունեի անկյունում դրած, մեկը վերցրեցի հետս, հետո, որ հետ եկա տուն, ամենը թալանած էր»:

Տիկին Վարյան առաջնահերթ խաղաղություն է ցանկանում. «Մնացած ամեն բան կստեղծենք: Էնքան անմեղ զոհեր տվինք, բարձր մարմիններին խնդրում եմ` կանգնեցրեք պատերազմը, մեղք են էդ էրեխեքը»:

Մեր զրույցից հետո հայր ու որդի Վանիկ ու Արմեն Աբելյանները նորից ճամփա ընկան դեպի Թալիշ, մի քանի օրից նրանց կմիանա նաև տիկին Վարյան. «Էսօր գնում ենք, ամոթ ա, բա, մենք մնա՞նք, էրեխեքը դիրք պահե՞ն»,-ասաց Վանիկը:

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։