Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

«Կուշտ եմ, ոչ մի բանի կարիք չունեմ, բերել, հասցրել եմ սաղ- սալամաթ»


«Մի բարեհոգի տղա՝ Նորո անունով էս տունը տվեց, ասեց` ապրեք»,-պատմեց թալիշցի Բորիկ Մարտիրոսյանը, ով 86 տարեկան մոր՝ Արաքսյա տատի ու կնոջ՝ Անյուտայի հետ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը կարողացել է հասնել Չարենցավան: Հիմա Չարենցավանում են, որտեղ նրանց ապաստան է տվել Չարենցավանի մի քաղաքացի:    

Թալիշցի Բորիկ Մարտիրոսյանը 24 տարի առաջ Արցախյան պատերազմում Շահեն Մեղրյանի ջոկատի կամավոր է եղել: Վիրավորվել է բազմաթիվ անգամ: Կինը՝ Անյուտան ասում է. «121 ասկոլկա է եղել մարմնի մեջ, 30-40 հատը սպիացել են, գլխի 4 պլաստիկ վիրահատություն է տարել, 6 տարի հիվանդանոցներում ենք եղել»:

Բորիկը չի ուզում պատմել պատերազմի ժամանակ իր արածների մասին, միայն ասում է՝ իմ նմանները դարձան հաշմանդամ:

Բորիկ Մարտիրոսյանը առաջին խմբի հաշմանդամ է: Չարենցավանում նրան զննել են բժիշկները, դեղեր նշանակել, ցուցում են տվել ստացիոնար բուժման, հրաժարվել է. «Կյանքիս քարը հոգնել ա, էլի, էլ մի ծակեք,-ասում էր Բորիկը,- 18 տարեկան էրեխեն աչքիդ դեմը զոհվի, հե՞շտ ա»:

Հետո շարունակում է ապրիլյան պատերազմի առաջին գիշերվա մասին պատմել. «Շատ-շատերի տունը տղամարդ չկար, գալիս էին հավաքվում վրես, օգնության կարիք էին զգում»:

58 տարեկան առաջին կարգի հաշմանդամ Բորիկ Մարտիրոսյանը 86 տարեկան, ինսուլտ տարած մորը գրկած է տարել մինչև մեքենան. «Երեխան եկավ, ինձ խտտեց, քարշ տարավ, դրավ ավտոն, մի քանի հոգի իրար գլխի դառած եկանք…86 տարեկան եմ, մեր գյուղից ուրիշ տեղ չեմ գնացել: 2 անգամ փախել ենք»,-պատմեց երեք պատերազմ վերապրած Արաքսյա տատը:

Բորիկն իր հին «Ժիգուլիով»  ոչ միայն երեք հոգանոց ընտանիքն է կարողացել դուրս բերել Թալիշից, այլ Հայաստան են եկել տասնմեկ հոգով՝ հարևան ընտանիքների կանայք, երեխաներ. «Մենակ ուզել եմ 3 ամսական էրեխային բան չպատահի, բերել եմ, հանձնել տիրոջը»:

Քարուքանդ եղած ճանապարհի հետևանքով հին մեքենան Լաչինում կանգնել է, ջարդուփշուր եղել: Մեքենան թողել են Լաչինում ու տաքսիով շարունակել ճանապարհը:

«Մի էն վարագույրները բեր, ասկոլկեքի բացած ծակերը թող տեսնեն»,-ասում է Բորիկը կնոջը:

Տան որոշ իրեր կարողացել են ապրիլյան պատերազմից հետո հասցնել Չարենցավան: Տիկին Անյուտան չի մոռացել վերցնել ամուսնու շքանշաններն ու չորս երեխաների լուսանկարները:

Վերջում հարցնում եմ, թե ինչի կարիք ունեն. «Կուշտ եմ, ոչ մի բանի կարիք չունեմ, բերել, հասցրել եմ սաղ- սալամաթ, ոչ մի բանի կարիք չունեմ, ի սեր Աստծո»,-պատասխանում է երկու պատերազմ տեսած ու հաշմանդամ դարձած Բորիկ Մարտիրոսյանը:

Լուսանկարները Նարեկ Ալեքսանյանի

Տեսանյութը Դավիթ Բանուչյանի


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։