Հինգշաբթի, 21 նոյեմբերի

17-ամյա Անուշը չգիտեր, որ զինվորական ամուսնուն վերջին անգամ է տեսնում


17-ամյա Անուշ Օհանյանին հանդիպեցինք Չարենցավանում: Այստեղ է ապաստան գտել Թալիշից եկած Օհանյանների բազմազավակ ընտանիքը: Տղամարդիկ չկային, միայն երեք տղա երեխա, մնացածը՝ կանայք: Ընտանիքի հայրը` Վարուժանը, զինվորական է, Թալիշում է: Իսկ փեսան` Անուշի ամուսինը, նույն գումարտակում ծառայող ավագ լեյտենանտ 25-ամյա Հրաչ Գալստյանը, զոհվել է ապրիլյան պատերազմի ժամանակ: 

Անուշը տեսախցիկի առաջ մի քանի նախադասությունից ավելի չկարողացավ արտասանել: Տատիկը, թե` ախր Հրաչն ու Անուշն իրար շատ էին սիրում:

Մեկ ամսից լույս աշխարհ կգա Անուշի ու Թալիշում զոհված ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի առաջնեկը: Աղջիկ է ծնվելու` Անահիտը. «Հրաչի հետ որոշել էինք, որ Անահիտ ենք դնելու անունը Հրաչի մոր պատվին»: Երկու օրից Անուշը կգնա Գյումրի` Հրաչենց տուն, կմնա այնտեղ, կծննդաբերի, կմեծացնի Հրաչի ու իր երեխային:

Անուշը սովորում է Ստեփանակերտի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի առաջին կուրսում: Արդեն դիմել է, որպեսզի գործերը տեղափոխեն Գյումրի: Ապագայում նա դառնալու է աշխարհագրության ուսուցչուհի:

Հրաչի ու Անուշի սիրո պատմությունը սկսվել է Արցախի Թալիշ գյուղում: Անուշը դեռ դպրոցական է եղել, երբ գյումրեցի Հրաչ Գալստյանն ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու ծառայության անցել Թալիշում:

«Իմ վերջին զանգի օրն էլ նշանվեցինք»: Մեկ տարի առաջ էին ամուսնացել: Ամուսնուն կորցրած երիտասարդ կինը հեռախոսով ցույց է տալիս իրենց լուսանկարները, իրենց համատեղ կարճ կյանքի ակնթարթները, երջանիկ պահերը: Ասում է` հիշողությունները շատ են, բայց չի կարողանում խոսել դրանց մասին:

Ապրիլի 1-ի գիշերը, երբ գյուղը սկսել են ռմբակոծել, Հրաչի մեջքը քերծվել է աներոջ տան կոտրված ապակիներից. «Կատակով ասեց, թե վիրավոր ունեք: Երբ ապակիները թափվում էին, էրեխեքին մեջքից բռնում էր»,- հիշում է Անուշի մայրը` Սիրանույշ Օհանյանը:

Զինվորական Հրաչ Գալստյանն ապրիլի 2-ի առավոտյան իր սիրելիին ու նրա բազմազավակ ընտանիքի անդամներին ապահով դուրս է բերել Թալիշ գյուղից և ճանապարհել Հայաստան: 

«Ասում էի, Հրաչ, արի մեր հետ գնանք, ասում էր` չեմ կարա»,- պատմեց 17 տարեկան երիտասարդ կինը, որը չգիտեր՝ այդ օրն ամուսնուն վերջին անգամ է տեսնում:

36-ամյա Սիրանույշ Օհանյանը` Անուշի ու երեք տղաների մայրը, պատմեց, որ ամուսինը Թալիշից զանգահարել է ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը. «Ասեց` ամեն ինչի պատրաստ եղեք… մի քանի օրից իմացանք, որ Հրաչը չկա»:

Օհանյանների ընտանիքի անդամներից շատերը կրկնակի փախստականներ են: Թալիշում ծնված ու մեծացած Սիրանույշը հիշում է 1992-ի մարտերը: Այդ ժամանակ 12 տարեկան է եղել, նորից ընտանիքով եկել են Հայաստան, հետո, երբ գյուղն ազատագրել են, նորից վերադարձել են Թալիշ: Ավերակներից նորից տուն են կառուցել: Ամուսնացել է, չորս երեխա ունեցել:

Հիմա Օհանյանների բազմազավակ ընտանիքը 30.000 դրամով բնակարան է վարձել: Նրանք մեկն են այն 35 ընտանիքներից, որոնք ապրիլյան պատերազմից հետո եկել են Չարենցավան (մյուս ընտանիքների պատմությանը կանդրադառնանք):

 

Վերջում հարցնում եմ, թե ինչի կարիք ունեք, պատասխանում են` խաղաղություն:

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի

Տեսանյութը` Դավիթ Բանուչյանի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանություններ (1)
1. Satik Gholian00:08 - 25 ապրիլի, 2016
Anoush jan, As an Armenian mother it would be my honor to help you raise your precious daughter Anahit.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։