Կիրակի, 20 հոկտեմբերի

Հայ կանայք տղամարդկանցից քիչ են վախենում ատամնաբույժի մոտ գնալիս



-Ինչի՞ց ես վախենում։
-
Երկու բանից՝ մթությունից և ատամնաբույժից։
-
Ատամնաբույժը հասկանալի է, բայց ինչո՞ւ մթությունից։
-
Պատկերացնու՞մ ես՝ մթության մեջ քանի ատամնաբույժ կարող է լինել։

Փաստորեն իզուր չեն ասում, որ կատակի կեսը լուրջ է։ Նախքան ատամնաբույժներից վախենալու պատճառներին անդրադառնալը, հետաքրքիր է իմանալ՝ ինչ տոն են նշում այսօր։
Մարտի վեցին շատ երկրներում տոնում են ատամնաբույժի մասնագիտական տոնը (National Dentist’s Day), սակայն այն չպետք է շփոթել ատամնաբույժների միջազգային օրվա հետ, որը նշվում է փետրվարի 9-ին: Այսօրվա տոնի ընտրությունը՝ մարտի 6-ը, կապված է ատամնաբուժության մեջ ամենակարևոր հայտնագործություններից մեկի հետ. 1790 թվականին Ջոն Գրինվուդը՝ Ջորջ Վաշինգտոնի ատամնաբույժը, ստեղծել է ատամնաբուժական բոր մեքենան: Հետաքրքիր է, որ որպես ոտքի շարժակ նա օգտագործել է իր մայրիկի ճախարակի անիվը: Այս տոնը սկսել են նշել ԱՄՆ-ում, իսկ դրանից հետո այն տարածվել է նաև շատ այլ երկրներում։ Այն լավ առիթ է, որպեսզի յուրաքանչյուրը շնորհակալություն հայտնի իր ատամնաբույժին։ Բայց նույնիսկ շնորհակալություն հայտնելու համար շատերը չեն կարող հաղթահարել իրենց՝ ատամնաբույժների նկատմամբ վախն ու դժվար թե նրա մոտ գնալու համարձակություն ունենալ։ Հայտնի է, որ վախը պաշտպանական ֆունկցիա է կատարում, բայց լինում են դեպքեր, երբ վախերն անհիմն են, դառնում են անկառավարելի և վերածվելով ֆոբիաների՝ ազդում մարդու հոգեկան առողջության վրա։

Թվում է՝ ատամնաբույժին այցելելն անհրաժեշտություն է և անիմաստ է դրանից խուսափելը, բայց պարզվում է, որ գոյություն ունի դենտոֆոբիա (օդոնտոֆոբիա)՝ վախ ատամնաբույժից, ատամների բուժումից։ Ֆոբիան պետք է տարբերակել վախից և անհանգստությունից։ Ատամները բուժելու հետ կապված անհանգստությունը դիտվում է որպես հուզմունք դեռ անծանոթ փորձի պատճառով. վախը արդեն ծանոթ վտանգի նկատմամբ ազդակն է, իսկ ֆոբիան գրեթե նույնն է, ինչ վախը, բայց ավելի ուժեղ։

Համաձայն որոշ հետազոտությունների՝ ամերիկացիների 9-15%-ը խուսափում է ատամնաբույժներից, իսկ ատամների խնամքի բրիտանական կազմակերպության կատարած հետազոտությունը բացահայտել է, որ խուսափողների 36%-ը, որպես պատճառ նշել է վախը։ Ատամնաբույժների նկատմամբ վախի պատճառը դարձել են ֆիլմերի և մուլտֆիլմերի սյուժեներ։ Օրինակ՝ 1966թ.-ին նկարահանված «Ատամնաբույժը» (The dentist) ֆիլմը և «Մարաթոնիստը» (Marathon man), որոնցում հերոսներին տանջում են սարքերով, որոնք օգտագործում են ատամնաբույժները։ Տորոնտոյի համալսարանի ուսանողների և դասախոսների իրականացրած հետազոտության շնորհիվ պարզվել է, որ Կանադայում կանայք տղամարդկանցից 2,5 անգամ ավելի շատ են վախենում ատամնաբույժի մոտ գնալիս, իսկ ատամնաբույժներից մեկը նման արդյունքի հավանական բացատրություն համարում է այն, որ կանայք ավելի անկեղծ են ու, ի տարբերություն տղամարդկանց, չեն թաքցնում իրենց վախերը։

Ատամնաբույժ Արմեն Վերդյանի կարծիքով, որն արդեն 25 տարվա փորձ ունի, հայ կանայք ավելի քիչ են վախենում ատամնաբույժներից. «Չնայած, գուցե, խնդիրը շատ կամ քիչ վախենալը չէ, կարծում եմ՝ կանայք ավելի գիտակցաբար են հարցին մոտենում՝ եթե կա խնդիր, ուրեմն պետք է հետևողականորեն լուծել, իսկ տղամարդիկ սպասում են դանակը հասնի ոսկորին, նոր գնան ատամնաբույժի մոտ։ Սրա ապացույցն այն է, որ կանայք ավելի շատ ու հաճախ են այցելում ատամնաբուժարաններ»։

Վախի հետ կապված նա մի դեպք հիշեց. «Մի երիտասարդ տղա էր եկել մոտս։ Բերանը բաց պառկած է, իսկ ես խոսում եմ, ինչ-որ հարցեր տալիս ու դրան զուգահեռ զննում՝ հասկանալու համար խնդիրը, մեկ էլ տեսնեմ չի պատասխանում՝ ուշաթափվել էր։ Ու սա այն դեպքում, ես երբ նույնիսկ չէի սկսել աշխատել, պարզապես զննում էի»։ Պարոն Վերդյանի կարծիքով ատամնաբույժը պետք է լինի նաև հոգեբան, կարողանա այդ պահին դառնալ այցելուի ընկերը, իսկ դրա համար փորձ է պետք։ Այցելուին չպետք է դիտարկես որպես եկամուտի աղբյուր, պետք է փորձես հայտնվել նրա իրավիճակում և օգնել, որ հաղթահարի վախը։ Այս հարցը քննարկելիս սպասասրահում նստած այցելուներից մեկն ասաց. «Արմենը միշտ անեկդոտներ է պատմում ու ամեն ինչ մոռանում ես, այնպիսի տրամադրություն է ստեղծում, որ ամեն ինչ հեշտ է թվում»։ Իսկ պարոն Վերդյանն ավելացրեց. «Պետք է համբերատար լինել հատկապես երեխաների հետ։ Շատ հաճախ, երբ երեխային բերում են մեզ մոտ, անմիջապես չեմ սկսում աշխատանքը։ Այն կարող է նույնիսկ մի քանի օր տևել. առաջին օրը երեխային պարզապես նստեցնում ես աթոռին, բարձրացնում-իջեցնում՝ ինչ-որ չափով այդ ամենը խաղի ես վերածում, որ հաջորդ անգամ երեխան ինքնակամ բացի բերանն ու չվախենա՝ նրա դիտարկմամբ դու այլևս ոչ թե բժիշկ, այլ ընկեր ես»։

Եթե ատամնաբույժն ու այցելուն դառնում են ընկերներ, ապա վախը չի կարող լինել ատամնաբույժներից խուսափելու միակ պատճառը։ Պարոն Վերդյանից փորձենք պարզել մյուսները. «Շատերն ատամնաբույժներին հաճախ չեն այցելում նաև ֆինանսական խնդիրների պատճառով։ Մարդիկ միշտ չէ, որ կարող են իրենց թույլ տալ վճարել որոշ ծառայությունների համար, որոնք այնքան էլ էժան չեն»։

Չմոռանանք, որ մարտի 6-ը «նախատեսված» է ատամնաբույժներին շնորհակալություն հայտնելու համար։ 

լուսանկարները՝ Նարե Գևորգյանի

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված