ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Քաղաքացուն գրկած բարձրացրին դատարանի դահլիճ



«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Տիգրան Հարությունյանին ոստիկան ուղեկցողները դատարանի դահլիճ բարձրացրեցին գրկած: Ուղեկցողներից մեկն էլ բարձրացնում էր հենասայլակը: Արաբկիր և Քանաքեռ –Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանի նիստերի դահլիճի դռան մոտ ոստիկանները կալանավորին նստեցրին սայլակն ու շնչակտուր բերեցին ներս:  

Տիգրան Հարությունյանի գործին ու հիվանդություններին «Հետքն» անդրադարձել է նախկինում: Ըստ բժշկական փաստաթղթերի` նա ունի տուբերկուլյոզ, շաքարային դիաբետ, օրական  ընդունում է 65 միավոր ինսուլին պարունակող Լանտուս տեսակի դեղամիջոց, ունի սրտի իշեմիկ հիվանդություն, հիպերտոնիա, Ֆլեգմոնան ճարպաբջջանքի սուր թարախային բորբոքում, Էպիլեպսիա՝ 20 տարեկանից, ուռուցքային գոյացություն կոկորդում:

15.000 դրամով մարիխուաննա վաճառելու մեջ մեղադրվող կալանավորի փաստաբան Արմեն Մուխսիկարոյանն անցյալ հոկտեմբերին է քրեակատարողական հիմնարկ շարժասայլակ տարել, որով կալանավորին նաև դատարան են տանում, բերում:

Պաշտպանն այս տարվա փետրվարին դիմել է ՄԻ Եվրոպական դատարան Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման հիմքով: «Այն, որ Տիգրան Հարությունյանն այսքան ժամանակ գտնվում է խցում միայնակ, առանց մշտական խնամքի ու հսկողության, ինքնին խոշտանգում է»,-ասել էր նա:

Փաստաբանը տեղեկացրեց, որ իր միջնորդություններից մեկը, որը վերաբերում է Հարությունյանին քաղաքացիական հիվանդանոցում հետազոտելուն ու բժշկական օգնություն ցուցաբերելուն, կարծես թե բավարարվել է: Նա նշեց, որ իր պաշտպանյալին ՔԿՀ-ում բանավոր հայտնել են, որ մոտ օրերս տեղափոխելու են քաղաքացիական հիվանդանոց:

Գործը դատարանը ստացել է 10 ամիս առաջ, սակայն դատաքննության փուլը դեռ չի սկսվել

Այս գործը մտել է դատարան դեռ անցյալ տարվա մայիսի 18-ին, սակայն դատաքննությունը դեռ չի սկսվել, դեռ չի որոշվել դատաքննության կարգը: Անցյալ անգամ  դատական նիստը սկսվեց ու հետաձգվեց: Պատճառն այն էր, որ դատախազ Ա. Դոլինյանը՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից, տեղափոխվել էր այլ աշխատանքի: Երեկ նույնպես նիստը հետաձգվեց նոր մեղադրող Գայանե Աղաջանյանի միջնորդությամբ, թե պետք է ծանոթանա գործի նյութերին: Թեև նոր մեղադրողը 2 աշխատանքային օր խնդրեց, այդուհանդերձ, դատավոր Լևոն Ավետիսյանը նշեց, որ դատարանի ծանրաբեռնվածության պատճառով դատական նիստը հետաձգում է, իսկ օրվա ու ժամի մասին կողմերին նախօրոք կտեղեկացնի:

Գործով անցնում են ևս երկու մեղադրյալներ, ովքեր, ըստ մեղադրանքի, մարիխուանա են գնել Տիգրան Հարությունյանից: Նրանց նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Երկու երիտասարդները նախորդ նիստին հայտնեցին, որ չեն ցանկանում իրենց անուններն ու լուսանկարները հրապարակվեն: Երկու երիտասարդներն ու նրանց պաշտպան Կարինե Խաչատրյանը միջնորդեցին, որ արագացված դատաքննություն լինի իրենց մասով, սակայն Տիգրան Հարությունյանը չցանկացավ: Դատարանն էլ մերժեց միջնորդությունը արագացված դատ անելու մասին:   

Տիգրան Հարությունյանը 1 տարի է՝ կալանքի տակ է 2-3 գրամ թմրամիջոց վաճառելու մեղադրանքով

Տիգրան Հարությունյանը անցյալ տարվա մարտ ամսից գտնվում է կալանքի տակ: Նրան մեղադրանք է առաջադրվել իրացնելու նպատակով անհայտ անձից չպարզված հանգամանքներում 2-3 գրամ մարիխուանա ձեռք բերելու և 3-4 անգամ 15.000 դրամով վաճառելու համար:

«Մեղադրական եզրակացությունում նշված է, որ դրվագներից մեկով, իբր, իմ պաշտպանյալը անցյալ տարվա մարտի 11-ին է թմրամիջոց իրացրել, բայց կա էպիկրիզը, որով հաստատվում է Տիգրան Հարությունյանի ալիբին: Մարտի 5-18-ը նա ստացիոնար բուժում է ստացել Աբովյանի հակատուբերկուլյոզային դիսպանսերում»,-ասաց փաստաբանը:

Նախաքննության փուլում նա տվել է ինքնախոստովանական ցուցմունք, իսկ դատարանում հայտնել է, որ չի ընդունում մեղադրանքը: Փաստաբան Արմեն Մուխսիկարոյանը նշեց, որ իր պաշտպանյալը պատմել է, որ նախաքննության ժամանակ իրեն 3 օր ինսուլին չեն տվել, եւ նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել:

Գլխավոր լուսանկարում՝ կալանավորը՝ հենասայլակի վրա

 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Դավիթ Հարությունյան11:02 - 8 մարտի, 2016
Մեկնաբանությունը...Թմրամիջոց վաճառելը իհարե վատ բան է, եթե իհարկե ապացուցվի, բայց մարդ լինելն էլ երևի հնարավոր է, լավ միթե՞ կարելի է այդքան տգետ լինել, միթե կարելի է այդպես կորցնել մարդկային դիմագիծը, Սթափվեք պարոնայք ոստիկաններ, դատախազներ ու դատավորներ, դուք պետք է իրականացնեք իրավապահ և արդարադատության գործառույթը այլ ոչ թե վրեժ լուծեք հասարակությունից
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված