Երեքշաբթի, 12 նոյեմբերի

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը 24 օր է՝ հացադուլի մեջ է



«Հետքն» ահազանգ է ստացել «Աբովյան» ՔԿՀ դատապարտյալ, Ուզբեկստանի քաղաքացի, 6 տարվա ազատազրկման դատապարտված Ալլա Մախովայից: Նա պատմեց, որ ամուսնու՝ Արթուր Պետրոսյանի հետ դատապարտվել է նույն քրեական գործի շրջանակներում (թմրամիջոցների ձեռքբերման ու իրացման փորձի մեղադրանքով), որ ամուսինն այս պահին պատիժ է կրում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում և 24 օր է՝ հացադուլի մեջ է:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ Արթուր Պետրոսյանը բողոքում է իր քրեական գործից, ասաց, որ նրա առողջությունը բավարար է:

Մեզ հետ հեռախոսազրույցում Պետրոսյանի կինը՝ Ալլա Մախովան ասաց. «Ես ինձ մի բան կանեմ, եթե մեր ձայնը չլսեն: Ինձ հիմա հետաքրքրում է անուսնուս առողջությունը: Ես 3,5 տարի լուռ նստել եմ, պատիժ եմ կրել, բայց հիմա որոշել եմ խոսել, թե ինչպես մեզ դարձրեցին նարկոբարոններ ու դատապարտեցին»:

Արթուր Պետրոսյանը 2011 թ-ին դատապարտվել է ազատազրկան թմրամիջոցներ օգտագործելու համար: Առանց իրացնելու նպատակի 0.686 գրամ քաշով Հերոին տեսակի թմրամիջոց և խոշոր չափի` 0.57 գրամ քաշով Ամֆետամին տեսակի թմրամիջոց է ձեռք բերել, ինչի համար դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: Ըստ քրեական գործի նյութերի, «Հրազդան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման րնթացքում 2012թ. Ալբերտ Հակոբյանի և իր կնոջ՝ Ալլա Մախովայի օժանդակությամբ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբեր է ձեռք բերել: Ինչի պատճառով Արթուր Պետրոսյանի պատժին գումարվել է ևս 14 տարվա ազատազրկում:  

Ալլա Մախովան պատմեց, որ ամեն ինչ սկսվել է 2012 թ-ից, երբ  կեսգիշերից առաջ իրենց երևանյան բնակարան ներխուժել են քաղաքացիական համազգեստով մարդիկ ու ահաբեկելով խուզարկություն արել՝ առանց դատարանի որոշում ներկայացնելու:

Դատավճռում նշված է, որ առաջադրված մեղադրանքում Ալլա Մախովան իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունքներ տալուց։ Դատարանում նույնպես նա հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն պատասխանելով պաշտպանի հարցին` հայտնել է, որ 2012թ. օգոստոսի 21-ին տանը քնած է եղել, երբ դռան թակոցի ձայն է լսել։ Մինչև դուռը բացելը` իրենց տուն են ներխուժել անձինք, որոնք պահանջել են թմրամիջոցներ և առանց դատարանի որոշման սկսել են խուզարկել տունը։ Այնուհետև վերցրել են հեռախոսները, իրեն տարել են 6-րդ վարչություն, որտեղ իր նկատմամբ կոպիտ են վարվել և ցանկացել են նույնիսկ հարվածել, սակայն չեն հարվածել։ Իրեն ստիպել են ցուցմունք տալ Արթուր Պետրոսյանի դեմ, սակայն ինքը չի կատարել նրանց պահանջը, որի պատճառով, 2012թ. հոկտեմբերի 3-ին իրեն ձերբակալել են։ Քննիչն առանց իրեն հարցաքննելու և իր հետ քննչական գործողություններ կատարելու` իրեն մեղադրանք է առաջադրել։ Ինքը չի տեսել, որ իրենց տնից թմրամիջոց է հայտնաբերվել։ Այդ խուզարկությունից հետո իրենց տան ոսկեղենը կորել է, որի պատճառով բողոք են ներկայացրել, սակայն ոսկեղենը մինչև օրս չի հայտնաբերվել։

«Ես գիտեի, որ կարող եմ լռել, այդպես ցուցմունք չտվեցի ամուսնուս դեմ, բայց քննիչ Մանասյանը անձնագիրս չվերադարձրեց»,- ասաց նա:

Ալլա Մախովան ասաց, որ ինքը Ուզբեկստանի քաղաքացի է, ազգությամբ՝ ռուս: Ասաց, որ իր անձնագիրը 45 օր գտնվել է քննիչի մոտ, և ինքը չի կարողացել տեսակցել այդ ժամանակ արդեն կալանավայրում գտնվող ամուսնուն: Այնուհետև 2012-ի հոկտեմբերին Մախովային կալանավորել են:

Ալլա Մախովային անհանգստացնում էր նաև ամուսնու հետ տեսակցություններին իրեն ուշ հասցնելը. «Մինչև ինձ տանում են «Նուբարաշեն», երեկոյան ժամը 5-ն է լինում, մեկ օրը կորում է, իսկ տեսակցությունը սկսվում է առավոտյան ժամը 10-ից: Ստացվում է, որ ես այդքան ժամ կորցնում եմ»,-ասաց դատապարտյալը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված